Նոր որոշում. արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը Հայաստան՝ անկախ ժամանման վայրից

07-04-2020 14:17:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 3-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում, որի համաձայն արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը Հայաստան՝ անկախ ժամանման վայրից: Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի աշխարհագրական տարածումն այլևս չի սահմանափակվում համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրներով և ներառում է աշխարհի գրեթե բոլոր երկրները (տարածքները)։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
 


Ըստ վերոնշյալ որոշման` յուրաքանչյուր անձի, ով չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, ինչպես նաև չունի ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք, արգելվում է ՀՀ սահմանային անցակետերով մուտք գործել երկրի տարածք՝ արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում:
 
Բացառություն են կազմում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչները, հյուպատոսական հիմնարկների
և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև Պարետի որոշումներով մուտքի իրավունք ունեցող կամ նրա կողմից առանձնահատուկ դեպքերում թույլտվություն ստացած անձինք:
 
Անցակետով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անձինք ենթարկվում են անհապաղ հատուկ զննության՝ վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո բոլոր անձինք ենթակա են պարտադիր ինքնամեկուսացման, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, ինքնամեկուսացումից և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից անձանց հրաժարվելու դեպքում կարող է սահմանափակվել նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 276 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար