Մարզերում հիմնանորոգվել է 211 կմ ճանապարհ, որից 41 կիլոմետրը՝ խնայված միջոցների հաշվին. Սուրեն Պապիկյան
07-04-2020 14:28:49 | Հայաստան | Տնտեսություն
Մարզերում հիմնանորոգվել է 211 կմ ճանապարհ, նախատեսված է հիմնանորոգել ևս 65 կմ.
Այս մասին ապրիլի 7-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Ըստ նրա՝ հիմնանորոգված մարզային 211 կմ ճանապարհից 41 կիլոմետրը կատարվել է խնայված միջոցների հաշվին:
«Ըստ այդմ, ՀՀ ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագով, որն այս պահին քննարկում ենք, նախատեսված է Հայաստանին տրամադրել 13 մլն 400 հազար եվրո գումար: Այս գումարի շրջանակներում նախատեսված է իրականացնել 65 կմ ճանապարհի հիմնանորոգում, ցանկն արդեն կա, թե որ ճանապարհների մասին է խոսքը, դրա հիմնանորոգման համար կհայտարարվի նաև մրցույթ և հնարավոր կլինի հիմնանորոգել այդ ճանապարհները: Եթե այս համաձայնագիրը վավերացվի, մեր մրցույթի պայմաններն արդեն պատրաստ են, և մենք անմիջապես պետք է մրցույթ հայտարարենք: Նշեմ, որ այս համաձայնագրի առաջին փուլը վավերացվել է նախորդ տարի»,- փաստեց Ս. Պապիկյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ համաձայնագրի առաջին փուլի դրամական միջոցների հաշվին կարողացել են ֆինանսավորել այս փուլի հիմնանորագման ենթակա ճանապարհների նախագծանախահաշվային աշխատանքները:
Նախարարը նաև նշեց, որ աշխատանքներ են իրականացվելու Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում: