«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել. «Հետք»


«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել. «Հետք»

  • 07-04-2020 15:33:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hetq.am «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոդուլային ընդունարանի արտադրության պետ Հովհաննես Խաչատրյանն ասում է, որ մոդուլի կառուցման աշխատանքները կատարած «Արտկոն» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը հրաժարվում է վճարել աշխատակիցների աշխատավարձերը:
 
Մարտի 18-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց՝ տեղեկացնելով, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում «լայն թափով ընթանում են» մոդուլային ընդունարանի կառուցման աշխատանքները, և 3-4 օրում կառուցվել է 40 նոր պալատ: Երկու շաբաթ անց՝ ապրիլի 2-ին, նախարարը տեսանյութ հրապարակեց և հայտնեց, որ 10 օրում կառուցված 42 սպասասենյակ ունեցող մոդուլը պատրաստ է իրենց ախտորոշմանը սպասող քաղաքացիներին ընդունել:
 
Սակայն պարզվում է, որ «Արտկոն» ՓԲԸ-ի 25 աշխատակիցները մարտ ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել, և ըստ արտադրամասի պետ Հովհաննես Խաչատրյանի՝ ընկերության տնօրենը հրաժարվում է աշխատավարձերը տալուց:
 
Մեզ հետ զրույցում Հովհաննես Խաչատրյանը, որն «Արտկոն» ՓԲԸ-ում աշխատում էր այս տարվա փետրվարից, ասաց, որ ապրիլի 6-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Ըստ նրա՝ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը ձգձգել է աշխատավարձերի վճարումը, իսկ այնուհետև կտրականապես հրաժարվել է:
 
«Ասել ա՝ գնացեք, ում ուզում եք՝ դիմեք, աշխատավարձ չկա տալու: Մեր բոլոր աշխատակիցների հետ խոսել եմ, բոլորն էլ դժգոհ են, բայց չեն ուզում դրա մասին բարձրաձայնել, չեն ուզում վատամարդ դուրս գալ: Երկու հատ փոքր երեխա ունեմ տունը, աշխատել ենք էն հույսով, որ գումար վաստակենք, հետո կարողանանք հանգիստ նստենք տանը, բայց կտրականապես ոչ մի բան»,- նշում է արտադրամասի պետը:
 
Հովհաննես Խաչատրյանը պատմում է, որ մոդուլի կառուցման համար օրուգիշեր գործ են արել, տաքսիներով են գնացել աշխատանքի, քանի որ հանրային տրանսպորտը չի գործել:
 
«Այսքան չարչարվես, աշխատես, որ հետո գան, ասեն՝ ում ուզում եք, բողոքեք: Նույն խնդիրը 20 օր առաջ էլ եղավ, ուզում էի դուրս գալ, բայց ընկերության հիմնադիրը զանգեց, ասաց, որ մնամ: Ճիշտն ասած, եթե այդ ժամանակ դուրս գայի, նրանց փաստի առաջ կկանգնացնեի, որովհետև մի հատ լազերային հաստոց էին բերել, ռուսները դասընթաց էին անում, միայն ես էի սովորում: Ռուսները արդեն գնում էին, ու եթե ես դուրս գայի, էդ հաստոցը անտեր էր մնալու: Մարդկային հանգամանքը հաշվի առնելով՝ հետ գնացի, սակայն արդեն երկրորդ անգամ կանգնեցի փաստի առաջ: Փետրվար ամսվա աշխատավարձը կռվով-դավով եմ ստացել»,- պատմեց Հովհաննես Խաչատրյանը:
 
Ըստ նրա` ապրիլի 6-ի դրությամբ ինքը պետք է ստանա 400 հազար դրամ գումար:
 
Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ «Արտկոն» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ հարաբերությունները միշտ էլ լարված են եղել, և նա անհարգալից է վերաբերվել աշխատակիցներին:
 
«Արտկոն» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փետրվար ամսվա աշխատավարձերը տրվել են, իսկ մարտ ամսվանը կտրվի մինչև ապրիլի 15-ը:
 
«Հովհաննեսի հետ հակասություն կա, թող խնդիրը ինքն իր մեջ ման գա: Մենք իրան ընդունել էինք որպես ցեխի վարիչ, չհամապատասխանեց պահանջներին: Ես փորձեցի իրեն օգնել: Մենք նոր սարք էինք ձեռք բերել՝ պլազմայով կտրող, ասեցի՝ փորձի ծրագրավորող դառնաս: Հետո սկսեց իրա պահանջները թելադրել, ու որոշեցինք հրաժարվել ծառայություններից: Ինքը փորձնական շրջանում ա եղել: Նա չի համապատասխանել իր ներկայացրածին, կոլեկտիվի հետ չկարողացավ լեզու գտնել, այդ պատճառով մենք նրանից հրաժարվեցինք»,- ասաց Դավիթ Ղազարյանը:
 
«Արտկոն» ՓԲԸ-ի տնօրենի խոսքով՝ աշխատավարձերը ժամանակին վճարվում են: Հարցին, թե այդ դեպքում ինչու է ընկերության աշխատակիցը դժգոհում, Դավիթ Ղազարյանն ասաց. «Մի մարդու վրա, որ ուզենաք կեղտ ման գալ, միշտ էլ կփորձեք ճարել: Ես իրան ասել եմ, որ օրենքի սահմաններում բոլոր հարցերը կլուծեմ, մինչև ամսի 15-ը կվճարեմ, իսկ ինքն ասում ա՝ հենց հիմա վճարի: Այսպես թե այնպես, գումարը վճարելու ենք»:
 
Հովհաննես Խաչատրյանն էլ պնդում է, որ Դավիթ Ղազարյանը չի ասել, թե մինչև ամսի 15-ը աշխատավարձերը տալու է, նշում է, որ երբ փետրվարի աշխատավարձի համար կրկին դիմել է, ստացել է այսպիսի պատասխան. «Ինչ եք արել, որ աշխատավարձ եք ուզում»:
 
Լուսանկարները՝ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը