Արցախում հաստատված կորոնավիրուսով քաղաքացին մասնակցել է համապետական ընտրություններին
08-04-2020 15:04:38 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը, սակայն եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել: Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով:
Նշվում է, որ ժամը 14:00-ի դրությամբ՝ նախքան վերոնշյալ քաղաքացու մասնակցությունը քվեարկությանը, գյուղում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից 50-ն արդեն քվեարկել էին: Օրվա երկրորդ կեսին մասնակցել է ընդամենը 20 քաղաքացի, այդ թվում՝ հետագայում մեկուսացված քաղաքացին: Օրվա ընթացքում բոլոր քաղաքացիներն ու ընտրատեղամասում գտնվող անձինք եղել են պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով, անհատական գրչիներով և օգտվել են ախտահանիչ հեղուկներից:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: