ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում


ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում

  • 09-04-2020 10:54:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկում է իրականացվել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում (Երևանի բուսաբանական այգի)` վարձակալությամբ տրամադրված հողատարածքների օրինականության վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։
 
«Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝
 
«ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունները,խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, վարձակալված հողամասերն օգտագործելեն (ընկերություններից մեկը ներկայումս էլ շարունակում է օգտագործել)գործառնական նշանակությունից տարբերվող՝ մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի և շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակներով, այնինչ` հիշյալ հողատարածքները պարտավոր էին օգտագործել բացառապես «բուսաբանական այգի կազմակերպելու» նպատակով։ Խախտվել են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները՝ հիշյալ դեպքերով առանց նոտարական վավերացման և պետական գրանցման պայմանագրեր են կնքվել,
-«ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը տրամադրված տարածքի վարձակալության գինը շուրջ 11 մլն դրամի չափով պակաս է հաշվարկվել և գանձվել՝ չպահպանելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված վարձավճարի չափերը,
 
-առանց օրենքով սահմանված կարգով շինարարության թույլտվության առկայության վարձակալված տարածքում «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից իրականացվել են ինքնակամ պարսպի կառուցապատման աշխատանքներ:
 
Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով»,- ասված է ՀՀ պետական վերահսկողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն