Բանկերի կողմից վարկային արձակուրդներ տրամադրելու որոշումները կայացվել են առանց որևէ վարչական ներգործության կառավարության կողմից. Նիկոլ Փաշինյան
09-04-2020 12:12:57 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ կառավարությունը հակաճգնաժամային 9 միջոցառումների շրջանակներում արդեն իսկ բաշխել է 3 մլրդ 670 մլն դրամ, սակայն այդ գումարը նախատեսվածից 10 տոկոսով պակաս է:
Այս մասին ապրիլի 9-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ սոցիալական աջակցություն ստացող քաղաքացիների տվյալներն ամենօրյա ռեժիմով թարմացվում են և տվյալների ամբողջ բազան ամենաուշը հաջորդ շաբաթվա սկզբին կամբողջանա, ինչի արդյունքում աջակցության բոլոր փաթեթները հասանելի կլինեն շահառուներին:
«Նաև ուզում եմ ընդգծել, որ այսօրվա դրությամբ ՀՀ բանկերը շուրջ 290 հազար քաղաքացիների տվել են վարկային արձակուրդ՝ 9.3 մլրդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձանց 15.4 մլրդ դրամի չափով: Ես հույս ունեմ, որ արձանագրեցիք թվերը, կա բոլոր հիմքերն ասելու, որ այս պրոցեսը կշարունակվի, բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս որոշումները կայացվել են առանց որևէ վարչական ներգործության կառավարության կողմից»,- նկատեց Ն. Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ կարևոր է, որպեսզի այդ փաստն արձանագրվի, քանի որ ճգնաժամի մեկնարկին շատ գործընկերներ և ուժեր փորձել են կառավարությանը դրդել վարչական լծակներով պարտադրել բանկերին նման որոշումներ կայացնել:
Կառավարության ղեկավարը փաստեց, որ բանկերի կողմից նման արձագանքը վկայում է կառավարության իրականացրած հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ ունեցած վստահության մասին: