Վարակված բուժաշխատողը 6-7 օր շփվել է մարդկանց հետ, միայն այսօր են պարզում շփման շրջանակը
18-04-2020 18:03:09 | Հայաստան | Հարցազրույցներ
Lragir.am- ի զրուցակիցն է Ստեփանակերտի «Արևիկ» ՄԲ կենտրոնի մանկական վիրաբույժ Մերի Գրիգորյանը
Տիկին Գրիգորյան, Արցախում կորոնավիրուսի տարածման դինամիկան ինչպե՞ս եք գնահատում, փաստորեն վերջին անգամ 10 թեստից 9-ը բացասական է եղել, մեկը՝ դրական: Ընդհանուր միտումներն ինչպիսի՞ն են այս պահի դրությամբ:
Դե, այդ մի դեպքը բուժաշխատող է, որը նախկինում հանրապետական բժշկական կենտրոնում շփվել է հաստատված դեպքի հետ: Ես նախորդ անգամ էլ ասացի, որ բուժաշխատողները, որոնք շփվել են վարակված անձանց հետ, ոչ մեկուսացվել են, ոչ էլ ինքնամեկուսացվել: Նրանք ազատ հերթափոխի են գնացել-եկել: Հիմա պարզվել է, որ բուժաշխատողներից մեկի մոտ կա կորոնավիրուս, և միայն այսօր են որոշել, որ շփման շրջանակը պետք է հայտնաբերվի: Փաստորեն նա այսքան օրերի ընթացքում Ստեփանակերտում ազատ շփվել է մարդկանց հետ: Եթե չեմ սխալվում, հիվանդը ապրիլի 9-ին է հայտնաբերվել, այսինքն բուժաշխատողը 6-7 օր շփվել է մարդկանց հետ:
Վարակման դեպքերը հնարավո՞ր է ավելի շատ լինեն, քան հայտարարված թվերն են:
Ես չգիտեմ՝ ինչքան կլինեն, հաստատ բան ասել չեմ կարող, բայց ազատ շփումը վտանգավոր է: Ամբողջ աշխարհը համարում է, որ միակ ելքը մեկուսացումն է ու շարժը կանգնեցնելը, այդ առումով Ստեփանակերտում ոչինչ չի փոխվել, արտակարգ իրավիճակ է հայտարարված, բայց մարդիկ ազատ ելումուտ են անում, ինչպես նախկինում: Շարժման որևէ սահմանափակում չկա՝ շուկան լիքն է, փողոցները լիքն են: Ոչ միայն ես, այլև շատ այլ բժիշկներ անընդհատ բարձրաձայնում ենք, գրում ենք, որ կանխարգելման աշխատանքները ճիշտ չեն կազմակերպվում, բայց ապարդյուն: Ես հիմա մի քիչ բարկացած եմ, որ բուժաշխատողների հանդեպ այդպիսի վերաբերմունք է դրսևորվում: Մենք մի քանի բժիշկ ունենք, շատ չեն, և եթե այդ բժիշկների մոտ հիվանդություն ախտորոշվեց, մենք բժիշկների պակասի լուրջ խնդիր ենք ունենալու:
Այսինքն՝ առողջապահական համակարգը չի՞ կարողանա դիմադրել վարակի տարածմանը:
Իհարկե, նույնիսկ Ամերիկան, Ռուսաստանը չեն կարողանում դիմադրել, Իտալիան չի կարողացել դիմադրել, որ բժիշկների մեծ քանակություն ունեն, մենք ո՞նց ենք կարողանալու դիմադրել, եթե հիվանդների թիվն աճի: Հիմա գոնե տեղորոշումը կատարվի շատ հստակ, որ իմանանք՝ այ էս հիվանդի շրջապատում քանի մարդ մեկուսացված է, էլի այսքան մտահոգություն չի լինի բժիշկների մոտ: Մենք հիմա մտահոգված ենք, որ մեկուսացածների թիվն է քիչ: Շփման մեջ եղած շատ քիչ մարդկանց են մեկուսացնում: Ժողովուրդը չգիտի՝ էս մեկը հիվանդ է, հիվանդ չի, ում հետ է շփվել: Մի խոսքով, տեղեկատվական քաոս է:
Հանրությունը ոչ մի կանոն չի՞ պահում՝ կապված դիմակներ կրելու, հեռավորություն պահելու հետ:
Բացարձակ, եթե առաջին օրերին մի քիչ խուճապ կար, խանութների աշխատողները գոնե դիմակով էին, հիմա հանգստացել են մարդիկ և իրենց սովորական առօրյայով ապրում են: Միայն դպրոցներն են փակ:
Այսինքն՝ պայքարի բավարար միջոցներ չեն ներդրվում Արցախում և եթե Հայաստանի առողջապահական համակարգը չօգնի, վիճակն այստեղ վատ կլինի՞:
Հիմա մենք չունենք հիվանդների այն քանակը, որ ասենք՝ հիմա խնդիր ունենք, իսկ թե հետագայում ինչ կլինի՝ չգիտենք: Եթե այսպես շարունակվի, մեկուսացածները քիչ լինեն, հիվանդն ազատ շփվի, հիվանդների մեծ հոսք ունենանք, իհարկե, խնդրի առջև կանգնելու ենք: Այս պահին հիվանդանոցում հաստատված մեկ հիվանդ կա, դեռ ունենք բժիշկներ, բայց եթե բժիշկներին չթեստավորենք, չմեկուսացնենք, մենք բժիշկների խնդիր էլ ենք ունենալու: Եթե ընդունենք, որ ամենամեծ զանգվածային միջոցառումը եղել է ընտրությունը, որի երկրորդ փուլը եղել է ապրիլի 14-ին, դրանից հետո ինկուբացիոն շրջանը հաշվենք 7-14 օր, մենք մոտավորապես ապրիլի 21-28-ին ենք ունենալու հիվանդներ: Այսինքն այդ ժամանակահատվածում ենք սպասում հիվանդների աճ: Այս պահին լուրջ խնդիր չունենք:
Իսկ Արցախում թոքերի շնչառական սարքեր կամ այլ անհրաժեշտ սարքավորումներ կա՞ն:
Այո, կան, հստակ թիվը չեմ կարող ասել, բայց բնակչության հաշվով այդ սարքերի թիվը բավարար է: Օրինակ, մի քանի ամիս առաջ ունեցել ենք H1N1-ի սրացումներ, այդ ժամանակ շատ հիվանդներ ունեինք, որոնք արհեստական շնչառական ապարատի տակ էին, այդ ժամանակ բավականացրել է: Բայց ես էլի եմ ասում, մենք չգիտենք, թե մեզ ինչ է սպասվում, տեղեկատվական քաոս է, չգիտենք ինչի պատրաստվենք:
Բավարար չափով թեստեր կա՞ն:
Մեզ մոտ թեստեր չկան, ուղարկում ենք Երևանում են անում: