Քաջարանում վարակի բռնկումը չի բացառվում, քանի որ երեկ ցուցարարներից շատերն առանց դիմակի էին, հեռավորություն չէին պահում


Քաջարանում վարակի բռնկումը չի բացառվում, քանի որ երեկ ցուցարարներից շատերն առանց դիմակի էին, հեռավորություն չէին պահում

  • 25-05-2020 19:26:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ինչպե՞ս վարակը տարածվեց Սեւանում, եւ կարո՞ղ է հաջորդիվ մեծ բռնկում լինել Քաջարանում՝ հաշվի առնելով երեկվա բազմամարդ ցույցը.
 
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ Քաջարանում բռնկումը չի բացառվում, քանի որ շատերը բողոքի ակցիային մասնակցում էին առանց դիմակների եւ առանց սոցիալական հեռավորություն պահելու: Սեւան քաղաքում բռնկման մասին խոսելով՝ նա նշեց, որ այն հավանաբար տարածումն է մարզում ավելի վաղ առկա օջախից (ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ը, այստեղ վարակի տարածման օջախը Դդմաշենում տեղի ունեցած բազմամարդ հուղարկավորության արարողությունն է եղել):
 
Լիանա Թորոսյանն ընդգծեց, որ վարակի տարածման տեմպը բավական արագ է: Նա ասաց, որ կանխարգելման միջոցառումների առումով իրենք ընթանում են աշխարհում հիմնական ընդունված ուղեգծով: «Մենք բոլոր միջոցառումներում որպես հենք ընդունում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները՝ տեղայնացնելով ու ադապտացնելով մեր իրավական-մշակութային դաշտին: Եվ դեպքերի ստանդարտ բնորոշումները, որ մենք այսօր անում ենք՝ նմուշառումների կամ կասկածելի դեպքերի հայտնաբերման, բավական ճկուն են եւ ավելի մեծ շրջանակ են ներառում՝ կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերման համար»,- ասաց նա՝ դրանցում կարեւորելով արագ արձագանքման կարողությունները, փորձը, ռիսկերի գնահատման համակարգը:
 
Հայաստանում այսօր առկա են լայն տարածվածության դեպքեր, օջախային՝ ընտանիքում, տարբեր կազմակերպություններում տարածման առումով, ինչպես նաեւ միջոցառումներից տարածման առումով. «Փոքր ձնագնդիից ավելի ու ավելի մեծանալով՝ ունենում ենք տվյալ համայնքում, տարածքում, քաղաքում, հետո էլ տեսնում ենք վարակի տարածումը այլ քաղաքներում, մարզերում: Սա ազդակ է բոլորիս, որ կարողանանք այն կարգապահությունը, որ տրվում է կառավարության կողմից, Առողջապահության կողմից, հավուր պատշաճի իրականացնենք»,- ասաց Թորոսյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը