Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից եւ նշանակվել նախագահի խորհրդական


Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից եւ նշանակվել նախագահի խորհրդական

  • 26-05-2020 17:39:16   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ղեկավար Դավիթ Բաբայանը պաշտոնապես հայտարարել է իր զբաղեցրած պաշտոնը թողնելու մասին: Այս մասին վերջինս գրառում է կատարել  ֆեյսբուքյան իր էջում :
 
Ստորև գրառումն ամբողջությամբ.
 
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
 
Արդեն 13 տարի է, ինչ ես գլխավորում եմ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը՝ կառույց, որը պատասխանատու է մեր երկրի տեղեկատվական քաղաքականության համար:
 
Տեղեկատվական ճակատը, հատկապես մեր երկրի համար, որը գտնվում է չկարգավորված հակամարտության պայմաններում, ունի ռազմավարական կարեւորագույն նշանակություն:
 
Ինձ համար պատիվ է եղել այս բոլոր տարիների ընթացքում ղեկավարել այդ կառույցը, լինել տեղեկատվական ճակատի առաջամարտիկներից, ծառայել իմ ժողովրդին եւ Հայրենիքին:
 
Աշխատանքս փորձել եմ կատարել արհեստավարժորեն՝ որպես ուղենիշ միշտ ունենալով պետական եւ ազգային շահերը:
 
Հարգելի՛ բարեկամներ,
 
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօրվանից ես պաշտոնապես թողնում եմ իմ զբաղեցրած պաշտոնը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին եւ լրատվական դաշտի ներկայացուցիչներին՝ երկարատեւ արդյունավետ համագործակցության համար:
 
Ուզում եմ նաեւ հաջողություն մաղթել այս պաշտոնում ինձ փոխարինող Վահրամ Պողոսյանին, ցանկանալ նրան բեղմնավոր գործունեություն:
 
Հ.Գ. Հարգելի՛ գործընկերներ, Ես չեմ հեռանում քաղաքական եւ հասարակական դաշտից: Ես ընդունել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը եւ այսուհետ հայրենիքին իմ ծառայությունները կմատուցեմ ԱՀ Նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնում:
 
Լինելով նաեւ Արցախի պահպանողական կուսակցության նախագահ՝ ես եւ իմ կուսակիցները շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը մեր երկրի քաղաքական ու հասարակական դաշտում:
 
Հ.Հ.Գ. 13 տարվա իմ աշխատանքի ամփոփման եւ հետագա գործունեության մասին ավելի մանրամասն կխոսեմ իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն