Հանդիպում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը․ ինչ է նա քննարկել ԱԺ նախագահի և մարզպետի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



27-05-2020 17:31:57   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում են ունեցել: Հանդիպումը տեղի է ունեցել Գ. Ծառուկյանի առանձնատան այգում: Ըստ մեր տեղեկությունների՝ փորձել են պարզել, թե Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ նոր կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի ճակատագիրն ինչ է լինելու, որի համար մարզպետը խոչընդոտներ է առաջացրել: Ըստ մեր տեղեկությունների՝ Արարատ Միրզոյանը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, որպեսզի մոտ 20 շենքի շինարարությունը, այնուամենայնիվ, կայանա:
Բանն այն է, որ Ծառուկյանը հայտարարել էր բնակելի շենքեր կառուցելու իր մտադրության ու սկսված ծրագրերի մասին, սակայն Կոտայքի մարզպետը արգելանքներ է դրել գործընթացի վրա` խոչընդոտելով ներդրումային այդ ծրագրին:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ ինչ հարց է քննարկվել, ասաց. «Ես պարոն Ծառուկյանի առանձնատան այգում երևէ չեմ եղել, և նման ֆորմատով հանդիպում էլ չի կայացել»: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ևս մեզ հետ զրույցում այս հարցի մասով հայտարարեց. «Նման հանդիպման մասին տեղեկատվության ես չեմ տիրապետում»»:
 


«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը մտերիմների շրջանում հայտարարել է, որ որոշել է փոխել կրտսեր թոռան անունը:
Մանվել Գրիգորյանի ավագ թոռը կրում է պապու անունը, իսկ կրտսեր թոռան անունը Սեյրան է՝ ի պատիվ Մանվել Գրիգորյանի նախկին ընկերոջ՝ գեներալ Սեյրան Սարոյանի: Բայց Մանվել Գրիգորյանը այնքան է ազդված Սեյրան Սարոյանի դավաճանությունից, որ մտադիր է փոխել թոռան անունը, քանի որ ամեն անգամ թոռանը տեսնելով՝ հայհոյանքներ է տեղում Սեյրան Սարոյանի հասցեին՝ հիշելով, թե նա ինչպես մի վայրկյանում ուրացավ իրենց ընկերությունը»:
 
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, համավարակով պայմանավորված՝ երկրում բոլոր զանգվածային միջոցառումներն ու մարդաշատ վայրերում նախատեսված գործընթացները դադարեցվել են, այդ ամենի հետ կապված առկա է հանրապետության պարետի համապատասխան որոշումը (որոշումները)։
Մյուս կողմից՝ դեռև
ս հայտնի չէ, թե որքան կշարունակվի այս վիճակը: Այդ իսկ պատճառով խնդիրներ են առաջացել նաև համապետական միջոցառումների անցկացման առումով:
Օրինակ՝ արդեն պարզ է, որ սահմանադրական հանրաքվեն չի անցկացվի։ Իշխանություններն արդեն իսկ պատրաստել են նախագծերի փաթեթ, որը հնարավորություն է տալիս արտակարգ կամ ռազմական դրության ընթացքում չեղարկել արդեն նշանակված հանրաքվեն: Մինչ այդ էլ վարչապետն էր նշել, որ գոնե մեկ տարի հանրաքվեն անցկացնել հնարավոր չի լինի:
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, իշխանությունները նախնական որոշում են կայացրել անժամկետ դադարեցնել նաև այս տարի նախատեսված բոլոր ՏԻՄ ընտրությունները։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս առիթով ԿԸՀ նախագահի հետ կառավարությունում քննարկում է տեղի ունեցել, թե ինչպես է հնարավոր ընտրությունները գոնե մեկ տարով հետաձգել հատկապես խոշորացման ենթակա համայնքների մասով։ Մեր ունեցած տեղեկություններով, ներկայումս իշխանությունները իրավական համապատասխան հիմքեր են փնտրում՝ ընտրությունները հետաձգելու և լիազորություններն ավարտած համայնքապետների խնդիրը կարգավորելու համար»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ լայնորեն լուսաբանվեց, որ այսօր ՄԻԵԴ-ը հրապարակելու է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը, որով արձանագրվել է՝ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
Սպասելի էր, որ Ադրբեջանն ինչ-որ կերպ կարձագանքի դրան, ու թեև պաշտոնական արձագանքները, կարելի է ասել, որ չկային, սակայն դրան զուգահեռ ակտիվ էին Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքերական խմբերը, որոնց թիրախում, ինչպես միշտ, հայկական ԶԼՄ-ներն ու հատկապես Արցախում բիզնես ծավալող ընկերությունների կայքերն էին։
Մասնավորապես, երեկ հարձակման հետևանքով news.am կայքում հայտնվել են ադրբեջանական սիմվոլներ և գրություններ, նմանաբովանդակ խնդիրներ են ստեղծել կրիպտոարժույթի առևտրով զբաղվող և Արցախում ևս գործող tetchange.com կայքի և այլ համացանցային ռեսուրսների վրա։
Չնայած գործող միջազգային օրենսդրությանը ու կիբերհանցագործությունների դեմ
պայքարի միջազգային նորմերի առկայությանը՝ արևելյան հարևանի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող հաքերային խմբերը հատուկ օրերի շարունակում են կիբերհանցագործություններ իրականացնել, ինչը պետք է ստիպի մեր երկրին ավելի լուրջ ուշադրություն դարձնել վերոնշյալ հարցերին»
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը գրել էր, որ ՊԵԿ-ի իրականացրած մի ստուգում միջգերատեսչական բախման պատճառ է դարձել։ Մասնավորապես՝ նախկին ՏԿՆ, այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառուցվածքում գտնվող «Վարչատնտեսական» ՓԲԸ-ում ՊԵԿ-ը հայտնաբերել էր չարաշահումներ, որը վերաբերում է բառացիորեն «նախորդ դարին»։ Ստուգմամբ առկա է եղել մոտ 80 միլիոն դրամի անհամապատասխանություն։ Այդ կառույցի ղեկավարը եղել է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբայրը։
Հաշվի առնելով այդ հանգամանքը և վաղեմության ժամկետը՝ նախարար Հակոբ Արշակյանը գրավոր առարկություններ էր ներկայացրել և բողոքարկել ստուգման ակտը։ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, սակայն, 5/1 ձայների հարաբերակցությամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբորը, ըստ էության, համարել էր պատասխանատու 80 միլիոն դրամի չարաշահման հարցում։
Եվ թեև ՊԵԿ-ն անդրդվելի էր մնացել և մերժել էր նախարարության գանգատը, սակայն, «Ժամանակ»-ի տեղեկություններով, Ցոլակյանի եղբոր նախկին աշխատատեղում ստուգում իրականացրած տեսուչը օրերս գրավոր նկատողություն է ստացել։
Պատճառը թերևս այն է, որ կա՛մ ՊԵԿ-ում վստահ են, որ կպարտվեն, եթե երբևէ բողոքը հասնի դատարան, կա՛մ իրենց ապահովագրում են հնարավոր փոփոխություններից՝ երբ կարող է վերստուգվել ամբողջ «հեղափոխական» փաստաթղթակազմությունը»։
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հ1-ի արդեն նախկին տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը թեև ազատվել է այդ պաշտոնից, բայց չի կարողացել կտրվել այնտեղից։
Հ1-ի աշխատակիցները պատմում են, որ այս ընթացքում գնացել է նախկին աշխատավայր, մտել իր աշխատասենյակն ու անգամ աշխատանքային միջամտություններ է արել։ Անգամ ասում են, որ նա Հ1-ում դեռ պահում է իր ազդեցությունը։
Նույնը վերաբերում է «Լուրեր» լրատվական ծրագրի ղեկավար Պետրոս Ղազարյանին, ով նույնպես հրաժարական տվեց «Լուրեր» լրատվական ծրագրի ղեկավարի պաշտոնից։ Ասում են՝ նա շարունակում է ոչ անմիջականորեն, բայց միջնորդավորված ղեկավարել լրատվական բաժինը»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո հաճախ են հրապարակումներ եղել այն մասին, որ քաղաքային իշխանությունում խառնաշփոթ է, շատերը չեն կարողանում աշխատել քաղաքապետի և նրա թիմի հետ: Ու հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում հաճախ են տեղափոխություններ լինում, և աշխատակիցներն ազատվում են իրենց դիմումների համաձայն: Թերևս դրա վառ ապացույցն այն է, որ քաղաքապետարանի 4 բաժին և 7 վաչություն ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ, և վաղուց նոր նշանակումներ այդպես էլ չեն լինում՝ տարբեր պատճառաբանություններով: Սակայն պարզվում է՝ անհաշտ մթնոլորտ է նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում, որի հրավիրած նիստերը հաճախ վերածվում են ներքին փոխհրաձգության:
Դրանք հաճախ այնքան թեժ են լինում, որ տևում են մինչև ուշ գիշեր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրեր առաջ՝ մայիսի 20-ին տեղի ունեցած խմբակցության նիստն էլի ավարտվել է կեսգիշերն անց: Ըստ տեղեկությունների՝ այդ նիստերի ժամանակ ոչ բոլորն են ենթարկվում խմբակցության ընդհանուր դիրքորոշմանը և չեն էլ թաքցնում դա:
Վառ օրինակը երեկ՝ մայիսի 26-ին էր, երբ Երևանի ավագանու նիստում քննարկվում էր Երկրապահ կամավորական միությանն անհատույց տարածքներ տրամադրելու հարցը: Եվ չնայած գլխադասային հանձնաժողովում այդ հարցը դրական եզրակացություն էր ստացել, սակայն նիստի ժամանակ այն բուռն քննարկվեց մի քանի ժամ, և դեմ էին արտահայտվում հենց իմքայլականներից մի քանիսը, որն էլ առաջացրեց անգամ ընդդիմության վրդովմունքը:
Նկատենք, որ «Իմ քայլում» իրավիճակն այնքան անվերահսկելի է, որ ավագանու նիստերի սրահի վերջնամասը գրեթե կիսադատարկ է լինում: Երեկ՝ քաղաքային իշխանությունների հետ հարցուպատասխանի վերջում, ներկա էր ավագանու մոտ 9 անդամ: Թերևս նման երևույթ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դժվար է պատկերացնել:
Պատահական չէ, որ երեկ՝ ավագանու նիստի ժամանակ, երբ կրկին իշխող խմբակցությունից Գրիգոր Երիցյանը շեղվեց օրակարգից, Հայկ Մարությանը նշեց. «Ես ուղղակի հորդորում եմ, ես ուրիշ լծակ չունեմ ձեզ վրա, ինչ ուզում եք, արեք: Ես ուղղակի հիշեցնում եմ, ես չեմ կարող ձեզ դահլիճից հանել, հետ բերել, ո՛չ հյուրասիրել բոլորին կոնֆետներով, ո՛չ մի բան, ո՛չ լավ բան կարող եմ անել, ո՛չ վատ: Օրենսդրական լծակ չունեմ, որպեսզի ձեզ վրա ազդեմ, միայն հորդորն է, գիտակցումը, որ այս օրակարգին վերաբերող հարցեր ենք տալիս»: Մեզ փոխանցեցին, որ արդեն երկար ժամանակ է, ինչ խմբակցությունում այս իրավիճակն է, և ամեն ինչ թողել են ինքնահոսի՝ ով ինչպես ցանկանում, քվեարկում է, ով ինչ ուզում, անում է»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Արսեն Երևանսկուն բերման ենթարկելու դեպքից: Մեր տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է Արսեն Երևանսկուն և այդ եղանակով է պարզել, թե նա ինչ է արել այս ընթացքում, ում հետ ինչ հարցով է զրուցել, և դուրս է եկել հետքին: Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 21-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երևանսկի մականունով Արսեն Մկրտչյանը:
ԱԱԾ-ն չէր մանրամասնել, թե ինչի համար է Արսեն Մկրտչյանը կոնկրետ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպել, և այդ հավաքներով ինչի է փորձել հասնել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, նա փորձել է խառնվել Սյունիքի մարզում վերջերս տեղի ունեցած դեպքերին, համայնքների ղեկավարների տների խուզարկություններին: Երևանսկին փորձել է նաև նախկին ու ներկա ղեկավարների միջև առաջացած տարաձայնությունը հարթել, այսպես ասած, «բարիշեցնել» կողմերին, ինչն էլ Ազգային անվտանգության ծառայությունը համարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հավաքների կազմակերպում: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա նման հարցեր է կարգավորել ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում, ընդ որում՝ բոլոր դեպքերում դա արել է ուղիղ հեռախոսակապի միջոցով զրուցելիս, և հենց այդ պատճառով էլ ԱԱԾ-ն կարողացել է գաղտնալսել նրան և բերման ենթարկել»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1415 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար