Կապանի միջադեպով եւս երկուսին մեղադրանք է առաջադրվել. կալանավորման միջնորդություններ կներկայացվեն դատարան


Կապանի միջադեպով եւս երկուսին մեղադրանք է առաջադրվել. կալանավորման միջնորդություններ կներկայացվեն դատարան

  • 27-05-2020 18:12:31   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Օրերս Կապանում ձերբակալված, ապա ազատ արձակված քաղաքացիներից երկուսին՝ Մարատ Ստեփանյանին եւ Խորեն Միրզոյանին, այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու համար:
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրին նրանց պաշտպանները՝ հավելելով, որ վարույթն իրականացնող մարմինը որոշել է նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացնել դատարան:
 
Մասնավորապես՝ Մարատ Ստեփանյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը մեր զրույցում նշեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունել. «Ցուցմունք տալուց հրաժարվել ենք, մի քանի միջնորդություններ ենք ներկայացրել, սպասում ենք դրանց վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի պատասխաններին, որից հետո կորոշենք մեր հետագա գործողությունները»: Թե ինչ բովանդակությամբ են միջնորդությունները, պաշտպանն առայժմ չմանրամասնեց: Նա չցանկացավ նշել նաեւ, թե ինչ է դրել վարույթն իրականացնող մարմինը մեղադրանքի հիմքում:
 
Խորեն Միրզոյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն էլ մեզ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը եւս մեղադրանքը չի ընդունել. «Իմ պաշտպանյալն ասել է, որ որեւէ առնչություն չունի այն գործողությունների հետ, որ նկարագրվում են մեղադրանքի որոշման մեջ, միջնորդեցինք, որ այդ գործողությունները վկայակոչող անձին վարույթն իրականացնող մարմինը բերի եւ առերես հարցաքննի»: Հարցին՝ այսինքն՝ իր դեմ ինչ-որ մեկը ցուցմո՞ւնք է տվել, պաշտպանն ասաց. «Դե, ենթադրաբար ինչ-որ մեկը պիտի ցուցմունք տված լինի, մենք էլ ասում ենք՝ բերեք, առերես հարցաքննեք, ուրիշ բան չկա. մարդու իրավունքն է, որ իր դեմ վկայած անձանց հետ առերես հարցաքննեն»: Պաշտպանի միջնորդության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը դեռ որոշում չունի:
 
Նշենք, որ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նշված երկու անձինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ են, որոնք, ըստ ՔԿ-ի, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, նույն կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ի, Խ․ Մ․-ի հետ կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են գործով տուժող Շ. Մ․-ին, տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, որտեղ Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ Աշոտ Պապյանին: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութ ձեռք բերելու եւ պահելու համար եւ մեղադրանքը դարձյալ չի ընդունում: Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել նաեւ նրան կալանավորելու համար, ինչը, պաշտպանի խոսքով, երեկ մերժվել է:
 
Այսպիսով, Կապանում ձերբակալված բոլոր 4 անձինք այժմ ազատության մեջ են. նրանց ձերբակալությունները դատարանների որոշմամբ ճանաչվել են ոչ իրավաչափ:
 
Ինչ վերաբերում է քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ բռնության մասին հրապարակումներին, դրանց առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Միաժամանակ Գլխավոր դատախազությունն է այդ հրապարակումները ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ տեղեկացրեց, որ հրապարակումները ստացել են, այժմ նյութեր են նախապատրաստվում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play