Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

28-05-2020 10:36:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
 


Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
 
Սփյուռքի հպարտ հայություն,
 
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:
 
1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ և թվում էր՝ նրանք  անխուսափելիորեն մուտք են գործելու էջմիածին ու Երևան, և հայության մնացած հատվածն էլ դատա
պարտվելու է ոչնչացման:
 
Դրությունն օրհասական էր: Սակայն պետք էր ոտքի կանգնել՝ ուժերի գերլարումով դիմակայելու մահաբեր գրոհին: Եվ հենց Արամ Մանուկյանը դարձավ հայության ոգու, կամքի ու ուժի մարմնավորումը. միշտ արդարադատ ու վճռական Արամը հուսահատության այդ օրերին ասում էր. «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»:
 
Հուսահատությունը շուտով փոխվեց ոգևորության: Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հայ ժողովուրդը մեկընդմիշտ ամրագրեց իր տեղն աշխարհի քարտեզի վրա. մայիսյան հաղթանակների շնորհիվ
է, որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը:
 
Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները դարձան Հայաստանի անկախության կերտողները: Հավերժ փառք Արամ Մանուկյանին, Թովմաս Նազարբեկյանին, Մովսես Սիլիկյանին, Դրոյին, Նժդեհին, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյաններին, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղային, ողջ հայկական բանակին ու աշխարհազորայիններին, զենքը ձեռքին կռվող հոգևորականներին:
 
1918 թվականի այսօրվա Եռաբլուրի տարածքում Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ աշխատում էին շուրջ 1500 կին ու տղամարդ, նրանք ամրացնում էին դիրքերը. Եռաբլուրը Երևան քաղաքի պաշտպանական վերջնագիծն էր: Սարդարապատի հաղթական ճակատամարտը զերծ պահեց Երևանը գրավվելուց, իսկ Եռաբլուրը տարիներ անց դարձավ յուրատեսակ ուխտատեղի՝ ոգեկոչելու Արցախի ազատության համար կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:
 
Այսօր մենք հավատարիմ ենք Սարդարապատի և Արցախի հաղթական ավանդներին ու պատգամներին, հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, առաջխաղացման ու փոփոխության ձգտող ստեղծագործ հասարակությամբ, ուժեղ տնտեսությամբ ու էլ ավելի ուժեղ  ու արդիական բանակով:
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Արամ Մանուկյանը ասում էր. «…դուք պիտի իմանաք, որ ես անոյժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է և եթե ժողովուրդը պատրաստակամություն ունի… աշխատել ու փրկել հայությունը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի»:
 
Ուստի միասին դեպի գործ և աշխատանք, դեպի մեր երազանքների Հայաստան:
 
Համոզված եմ, Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ:
 
Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը:
 
Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը,
 
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
 
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
 
Կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները,
 
Կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը,
 
Եւ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 242 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար