Ինչին են սպասում Երեւանն ու Ստեփանակերտը. հաջորդ պատերազմին դա չի աշխատի


Ինչին են սպասում Երեւանն ու Ստեփանակերտը. հաջորդ պատերազմին դա չի աշխատի

  • 28-05-2020 15:55:42   | Հայաստան  |  Վերլուծություն

Մայիսի 28-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի եւ Արցախի նոր նախագահի պաշտոնական առաջին հանդիպումը: Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը խոսել են երկու հայկական պետությունների գործակցության եւ ինտեգրացիայի մասին: «Ինչ վերաբերում է անվտանգությանը՝ Հայաստանը և Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են, և այս առումով մեր անելիքները, մարտահրավերներն ակնհայտ են և բացահայտ: Համոզված եմ, որ մենք կկարողանանք համագործակցված դիմակայել մարտահրավերներին, կառավարել այդ մարտահրավերները և մեր հայրենիքը դուրս բերել ռազմավարական, երկարատև և կայուն զարգացման ուղի», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
 
Հայաստան-Արցախ փոխհարաբերության մեջ այդօրինակ ձեւակերպումները ամենեւին նոր չեն, ըստ այդմ առաջանում է հարց՝ վարչապետ Փաշինյանը կրկնում է այն, ինչ խոսվել է տարիներ շարունա՞կ, թե՞ նրա հայտարարությունները վերաբերում են առարկայական նոր քայլերի մտադրությանն ու մոտ ապագայում կլինեն տեսանելի որպես նոր գործողություն եւ իրավիճակ:
 
 
Ընդ որում, խոսքն այստեղ անշուշտ չի վերաբերում անվտանգության ռազմա-տեխնիկական բաղադրիչների առումով հայկական զինուժի հագեցածության եւ մատակարարման մակարդակն էապես բարձրացնելուն: Դա շատ կարեւոր է, սակայն խնդիրն այստեղ լոկ դրա որակն ու ծավալը չէ:
 
Տվյալ պարագայում խոսքն այն մասին է, թե արդյո՞ք որակապես եւ բովանդակային առումով փոփոխություն կարող է լինել Հայաստան-Արցախ հարաբերության ձեւաչափային իմաստով: Մասնավորապես, այդ առումով հետաքրքիր է, թե արդյոք օրակարգում կա այն ռազմա-քաղաքական պայմանագրի հարցը, որը արտգործնախարարությանը հանձնարարվել էր մշակել դեռեւս 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Այդ մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը, սակայն դրանից հետո լրագրողները պարբերաբար հարցեր էին ուղղում ԱԳՆ պաշտոնյաներին, թե ինչ վիճակում է պայմանագիրը, եւ ստանում պատասխան՝ որ ընթանում է աշխատանք:
 
Հնարավոր է հարցնել, թե ե՞րբ կավարտվի այդ աշխատանքը, սակայն կասկածից վեր է, որ խնդիրը ամենեւին աշխատանքը չէ, այլ Երեւանի ու Ստեփանակերտի համար պահի ընտրությունը: Ռազմա-քաղաքական պայմանագրի հարցում ինչի՞ն են սպասում Հայաստանն ու Արցախը՝ ադրբեջանական նոր ագրեսիայի՞:
 
Երեւանը հայտարարել է, որ կճանաչի Արցախի անկախությունը, եթե Ադրբեջանը դիմի ագրեսիայի: Ստացվում է, որ ճանաչումը դիտարկվում է որպես Ադրբեջանին ագրեսիայից հետ պահելու միջոց: 2016-ին այդ միջոցը աշխատե՞ց, թե՞ ոչ: Արդյո՞ք ժամանակը չէ վերաիմաստավորել Արցախի հետ սուբյեկտային հարաբերության տրամաբանությունն ու նշանակությունը, այն դիտարկելով ոչ թե հայկական կողմի կանխարգելիչ կարողությունների, այլ նոր ռազմա-քաղաքական իրավիճակ ու մթնոլորտ ստեղծելու տրամաբանության համատեքստում: Որովհետեւ ակնառու է, որ հաջորդ պատերազմը լինելու է բոլորովին այլ մասշտաբով եւ Ադրբեջանին բացարձակապես չի հետաքրքրելու՝ այն սկսելու դեպքում Հայաստանը կճանաչի՞ Արցախը, թե՞ ոչ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play