Այսօր մեր վարչապետի ծննդյան օրն է և շտապում եմ շնորհավորել նրան. ոչ մի առաջնորդի ծննդյան օր ես իմ կյանքում չեմ հիշել


Այսօր մեր վարչապետի ծննդյան օրն է և շտապում եմ շնորհավորել նրան. ոչ մի առաջնորդի ծննդյան օր ես իմ կյանքում չեմ հիշել

  • 01-06-2020 08:15:57   | Հայաստան  |  Հասարակություն

 
Առավոտյան արթնացա, և ոչ մի տեղս  չէր ցավում, մտածեցի կարող է գիշերը մեռած եմ եղել:
 
Սա նշանակում է, որ գիշերը մեռածի պես քնած եմ  եղել: Այսօր հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության օրն է, նաև մեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է:Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ շտապեցի թոռնիկներիս մահճակալին մոտենալ, նրանք դեռ քնած էին, կորոնավիրուսին հիշելով՝ նրանց օդային համբույրներ հղեցի և վերադարձա նորից իմ անկողին: Նորից հիշեցի վարչապետին: Սա մեր  միակ վարչապետն է, ով արժանացել է այնքան  շատ գովասանքների և նույնքան էլ շատ դատափետումների: Ֆրանսիական  «Ֆիգարո» հեղինակավոր օրաթերթի ճակատին գրված է Բոմարշեի խոսքերը. «Առանց դատափետելու ազատութ յան չեն լինում հաճելի գովասանքներ» («Sans la liberte de blamer, il n’est pas d’eloges flatteurs»): 
Մեր վարչապետն այդ իմաստով դժգոհելու տեղ չունի, չնայած ԱԺ ընդդիմադիր կուսակցության  լիդերին ծեծի ենթարկելու առթիվ իր ելույթում կարծես գանգատվեց , որ ընդդիմադիրները հալածում են իշխող կուսակցության անդամներին իրենց սադրանքներով, այն է՝   ԱԺ  ամբիոնից  ընդդիմության լիդերը ներքև  իջավ, որ իրեն հարվածեն  և  այդպիսով իշխանությանը ներքաշեն կռվի և ծեծուջարդի մեջ: Խեղճ իշխանություն, մենք էլ հույսերս դրել ենք իր վրա, որ մեզ պաշտպանի, մինչդեռ նա ինքն իրեն էլ չի կարողանում ընդդիմությունից պաշտպանել: Ուրեմն ինչ-որ մի բան  պիտի մտածվի: Գուցե պետք չէ ընդդիմություն ունենալ: Օրինակ  նորմանդացի գրող Նորման Դուգլասը գտնում է, որ երկրի յուրաքանչյուր քաղացու քաղաքացիական առաջին պարտքը պիտի լինի դառնալ ընդդիմություն իշխանությանը; Եվ նրա երկիրը   աշխարհի երջանիկ երկրներից մեկն է: Բայց կան  նաև մի ուրիշ երկրներ, որտեղ  եթե   իշխանությունն անգամ մատները մոմ անի, վառի, միևնույն է հասարակության  մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն՝ ոչ մի փոփոխություն էլ չի կատարվել երկրում: 100 փոփոխություն է մեր վարչապետը ցույց տալիս, մի երկու հատ էլ ավել, որ չասեն, թե բլեֆ է արել, միևնույն է փոփոխություն չտեսնողը էլի չի տեսնում: Իսկ գիտե՞ք, թե ովքեր են փոփոխություն չտեսնողները: Նրանք, ովքեր վարչապետի հետ հեղափոխության օրերին  մի քանի քայլ են արել  փողոցներում, ոստիկանների կողմից բերման ենթարկվել, մի երկու մուշտի էլ են կերել, սակայն ի տարբերություն մյուս  բերման ենթարկվածների՝ իրենք ոչ մի պաշտոն չեն ստացել: Կամ մասնակցել են ազատամարտերին, նույնիսկ ջոկի հրամանատար են եղել, նախորդ իշխանության կողմից որևէ արտոնություն կամ պաշտոնից, բանից չեն ստացել, նույնը շարունակվում է նաև հիմա, ուրեմն ոչ մի փոփոխություն չի եղել: Կամ, ասենք, հեղափոխության առաջին օրերին վարչապետին սատարող հոդվածներ են  լույս ընծայել, բայց հետո ոչ մի առաջխաղացում չի եղել իր կյանքում, ուրեմն և ոչ մի փոփոխություն էլ չի եղել երկրում: Կամ վարչապետից առաջ իրենք էլ են որոշած եղել փոխել իշխանությունը, ահագին աշխատանքներ են կազմակերպել, հասարակությանը նախապատրաստել են  հեղափոխությանը, բայց սա եկել, պատրաստի իրավիճակից օգտվելով, հեղափոխություն է արել, իրենց  վրա այլևս ուշադրւթյուն չի դարձնում, որևէ պաշտոն չի առաջարկում, այսքանից հետո , իհարկե երկրում ոչ մի  փոփոխություն չի եղել: Եվ վարչապետը  հիմա ստիպված է 100 փոփոխության մասին հանդես գալ, մի երկու հատ էլ ավել դնել, որ չասեն, թե բլեֆ է արել, նույնիսկ այդ ցուցակի մեջ  ներառել  է  իր և իր ընտանիքի անդամների կողմից տեղական արտադրության հագուստ կամ ներքնաշոր կրելու սովորությունը: 100 –ը պիտի լրացներ, չէ՞, ստիպված էր: Հիմա մի երկու հատ էլ իմ կողմից ավելացնեմ: Այս գիշեր ես մեռածի պես հանգիստ քնել եմ, նախորդ իշխանության օրերին կեսգիշերային հրավառություններով օր չէր լինում, որ քնահարամ չլինեի:Սա փոփոխությո՞ւն է,  չէ՞: Կամ աշխարհի որ մի երկրում եք տեսել, որ ոչ մի այլ տեղից չցանկանալով խնայողություն անել, մեր նախորդ իշխանությունները խնայողություն են արել  երկրի կենսաթոշակային հիմնադրամից՝ տարեկան 12-13  միլիարդ դրամի չափով: Չե՞ք հավատում, նայեք այս տեսանյութը, որտեղ Սերժ Սարգսյանը գլուխ է գովում, թե ինչպես է  իրեն հաջողվել  այդքան գումարի  խնայողություն անել տալ: https://www.youtube.com/watch?v=wsT-fLvvlwQ&feature=share&fbclid=IwAR2TBGf4a9Q2KUmsIf1MUWZyqWvWY9R_hxvPX1WqchxyVNHCJOqJEnxlP2E
 
 Այս երևույթի դեմ ես անձամբ ինքս եմ հանդես եկել Սերժ Սարգսյանի օրոք, ոչ մի արդյունք, բայց հեղափոխությունից հետո, սրանից  մի երկու ամիս առաջ ինձ հաջողվեց դատական գործը, որ սկսել էի դեռ 2018թվականի սկզբներին, հասցնել ավարտին և բացահայտել, որ ՀՀ սոցապ  և ֆինանսների նախարարության պաշտոնավորները օրենքն իրենց ցանկացած ձևով մեկնաբանելով 1992-2013 թվականներին կես միլիոն կենսաթոշակառուների աշխատանքային ստաժները թերահաշվարկելով հսկայական  «խնայողություններ» են կատարել կենսաթոշակային հիմնադրամից: Սա լուրջ փոփոխություն է, չէ՞, ինչո՞ւ պաշտոնից-բանից ես էլ չստանամ: Ինչո՞ւ ենք այսպես բոլորով խփնվել պաշտոնի վրա, ինչ-որ մի կախարդանք կա այդ պաշտոնի մեջ: Պարզ է ՝  նրանք օժտված են բազմաթիվ  իրավունքներով և սակավաթիվ  պարտականություններով,  ստանում են շատ բարձր աշխատվարձեր և նույնքան էլ բարձր պարգևատրումներ: Իսկ վարչապետն էլ ասում է՝ եթե նրանց չպարգևատրեինք երկիրն այսպիսի տնտեսական ակտիվության ցուցանիշների չէր հասնի: Երևի թե ճիշտ է ասում, որովհետև այնպիսի պայմաններ են ստեղծված երկրում, որ միայն  պաշտոնավորներին են հայտնի երկիրը սնանկացնելու և հարստացնելու մեթոդներն ու եղանակները: 
     Մեր երկիրը վաղուց հասել և անցել է Ամերիկային նախարարությունների և դրանցում աշխատող պաշտոնավորների թվաքանակով: Ճապոնիայում, եթե կառավարության կազմում նախարարությունների թվաքանակը գերազանցում է 14-ը, հաջորդ անգամ այդ կառավարությունը զրկվում է իշխանություն կազմելու իրավունքից: Ես սպասում եմ, թե երբ է վեթինգ իրականացվելու, որ մի դատական գործ էլ հասցնեմ ավարտին, երբ նախկին առողջապահության նախարարի օգտին դատարանը որոշում է կայացրել, այն դեպքում երբ պատասխանողը և հակընդեմ հայցվորը ինսուլտով պառկած է եղել հիվանդանոցում: Ոչ մի դատական ատյանում իմ այս բողոքը, որը բնութագրվում է որպես նոնսենս,  քննության չի առնվել, որովհետև դատավորը ՀՀ դատական դեպարտամենտի նախագահի եղբայրն է եղել; Գուցե դա հավուր պատշաճին  այդպես էլ պիտի լիներ:Բայց  ոչ: Ինձ հաջողվել էր ՀՀՇ-ի օրոք դատական գործ շահել երկրի նախագահի եղբոր դեմ, և դա օրինաչափ երևույթ համարվեց:  Հիմա սպասում եմ վեթինգին: Իշխանությանը, վարչապետին այսքան գովաբանելուց հետո մի դատափետում էլ ես անեմ: Եթե վարչապետը խոսում է վեթինգի մասին, հետո շատ երկար  մտծում այն իրականացնելու համար, գուցե ճիշտ կլիներ հակառակը՝ սկզբում  երկար  մտաածեր  հայտարարելուց առաջ և ժամանակ չկորցներ դրա իրականացմանն անցնելուն: 
   Այնուամենայնիվ, չեմ մոռնում, որ այսօր մեր վարչապետի ծննդյան օրն է, և շտապում եմ շնորհավորել նրան: Ոչ մի առաջնորդի, վարչապետի կամ նախագահի ծննդյան օր ես իմ կյանքում  չեմ հիշել, բացի Լենինից, որի ծննդյան օրը  հնարավոր չէր չհիշել ոչ միայն այն պատճառով, որ պետությունը թույլ չէր տալիս այդ օրը մոռանալ, այլև այդ օրը Հիտլերի և Նապոլեոնի նաև իմ ծննդյան օրն է: Այս փաստն ինձ ոչ ոգևորում և ոչ էլ հիաասթփեցնում է, որովհետև մի օրում աշխարհում ծնվում է 353 հազար մարդ և բոլորը չէ, որ դառնում են Լենին, Հիտլեր կամ Նապոլեոն:  
 
 
 Մնացական Հարությունյան
լրագրող, հրապարակախոս, Հրազդան TV հիմնադիր-տնօրեն 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն