Գործարկվել է Yerevan.am կայքի «Շինարարական թույլտվություններ» բաժինը


Գործարկվել է Yerevan.am կայքի «Շինարարական թույլտվություններ» բաժինը

  • 01-06-2020 13:38:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործարկվել է Yerevan.am կայքի «Շինարարական թույլտվություններ» բաժինը
 
Երևանում գրեթե ամեն օր կարելի է հանդիպել մեկնարկող շինարարության՝ տուն, շենք, հասարակական ու արտադրական շինություններ: Մեծ ու փոքր մասշտաբի շինարարության հանդիպելիս քաղաքացու մոտ ծագող առաջին հարցը՝ օրինակա՞ն է արդյոք, թե՝ ոչ:
Մինչև հիմա քաղաքացիներն այդ մասին կարող էին իմանալ միայն Երևանի քաղաքապետարան ահազանգելով կամ հարցումներ ուղղելով: Այժմ քաղաքում իրականացվող շինարարությունների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է առցանց: Երևանի քաղաքապետարանը գործարկել է շինթույլտվությունների առցանց քարտեզը:
 
«Երբ քաղաքապետին զեկուցում էինք «թեժ գծերով» ստացված հարցերը, հասկացանք, որ կա խնդիր, որ քաղաքացիները երբեմն տեսնելով շինարարություն, չունեն հնարավորություն պարզելու դա օրինական է, թե՝ ոչ: Բացը գիտակցելով՝ մի քանի ամիս շարունակ աշխատանքներ տարանք, և ստեղծվեց այս հարթակը»,-ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
«Գործիքը բավական ճկուն է ստեղծված: Ընտրում ենք որևէ վարչական շրջան, այնուհետ հնարավորություն ունենք ընտրել նպատակային նշանակությունը՝ օրինակ, «Բնակելի շինություններ», որից հետո կարող ենք ընտրել շինության կոնկրետ տեսակը՝ ասենք, բազմաֆունկցիոնալ բնակելի շենք: Համակարգում կա հնարավորություն նաև ընտրել շինությունն ըստ հասցեի կամ կառուցապատողի»,-մանրամասնում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:
Հարթակ մուտք գործելն ու տեղեկատվության ճշգրտումը քաղաքացիներից կխլի մի քանի վայրկյան: Գործիքից օգտվելը հեշտ է և հասանելի:
 
Այստեղ կգտնեք տեղեկատվություն կառուցապատողի, շինության տեսակի մասին, ինչպես նաև՝ թույլտվության տրամադրման ամսաթիվը, համարը և թե երբ է նախատեսվում ավարտել այն: Կից կտեսնեք նաև լուսանկարներ, թե ինչպիսի տեսք է ունենալու շինությունը:
 
Քաղաքում տրված յուրաքանչյուր նոր թույլտվություն նախ թվայնացվում, ներբեռնվում է քաղաքաշինական փաստաթղթերի հաշվառման բազայում, որից հետո հայտնվում է նաև քարտեզին: Տեղեկատվությունը թարմացվում է ամեն օր:
 
Այժմ կայքում հասանելի են ավելի քան 4500 շինթույլտվության տվյալներ:
 
Քաղաքապետարանը քաղաքում սկսող և ընթացող շինարարությունների վերաբերյալ բազմաթիվ նամակներ էր ստանում նաև լրատվամիջոցներից: Հարթակի ստեղծումը կթեթևացնի նաև նրանց աշխատանքը:
«Շինարարության օրինականությունը ստուգելու համար անհրաժեշտ է քաղաքապետարան գրավոր հարցում ուղարկել, և առնվազն 5 օր կարող էինք կորցնել: Գործիքի ստեղծումն իրենով դրական է, բացի այդ, այն հնարավորթություն է տալիս տեղորոշել շինարարության տեղանքը»,-ասում է հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը:
Շինթույլտվությունների առցանց հարթակը ոչ միայն տեղեկատվության աղբյուր է, այլև ապօրինի շինարարության կանխարգելման յուրօրինակ գործիք:
 
«Ինձ համար ՏՏ կիրառումը կառավարման ոլորտում շատ կարևոր է: Մենք հաճախ ահազանգեր ենք ունենում քաղաքացիներից, երբ, օրինակ, իրենց բակում ինչ-որ շինարարություն է իրականացվում և մտածում են, որ ապօրինի է: Սա միջոց է, որ քաղաքացիները հենց հեռախոսով միանգամից բացեն հավելվածը և տեսնեն կա՞ թույլտվություն, թե՝ ոչ: Կատեգորիաներն էլ շատ բազմազան են՝ սկսած պարսպից մինչև բազմաբնակարն շենք: Մեկ այլ հարց է,որ սա թափանցիկության համար շատ կարևոր գործիք է: Կարող ենք առցանց հետևել, թե քաղաքապետարանը որտեղ ինչ շինթույլտվություն է տվել, և ընդհանուր վերահսկողություն իրականացվի»,- նշում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը:
 
«Այս պլատֆորմը համալրեց մեր «Open data» գործիքների շարքը, ինչը համահունչ է «Խելացի քաղաք» հայեցակարգի դրույթներին: Դրանք բաց տվյալներ են, որի միջոցով, օրինակ, ներդրողները հնարավորություն կունենան կանխատեսել, թե որ ոլորտի շինարարությունն է նախատեսվում այս կամ այն վարչական շրջանում»,-ասում է Սարգիս Մանուկյանը:
 
«Տևական ժամանակ աշխատանքներ են տարվում ավելի քան 160 ծառայության թվայնացման և էլեկտրոնային դարձնելու ուղղությամբ»,- ընդգծում է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:
 
Երևանի քաղաքապետարանի թիմը, չնայած արտակարգ դրության պայմաններին, շարունակում է աշխատանքը՝ մտածելով նոր լուծումներ, որոնք ժամանակին համընթաց կկրճատեն քաղաքապետարանի հետ քաղաքացիների հարցումների ժամանակն ու կբարձրացնեն իրազեկման մակարդակը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն