Ռոբերտ Քոչարյանին հանձնել է եւ ձեռք բերել կարեւոր լծակ


Ռոբերտ Քոչարյանին հանձնել է եւ ձեռք բերել կարեւոր լծակ

  • 01-06-2020 14:15:13   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ Մարդու իրավունքի եվրոպական դատարանի խորհրդատվությունը առաջացրել է բուռն քննարկումներ ու դիտարկումներ:
 
Խորհրդատվության համար ՄԻԵԴ դիմել էր Սահմանադրական դատարանը, ըստ ամենայնի ոչ այնքան իրապես գործուն խորհրդատվություն ստանալու, որքան պարզապես Ռոբերտ Քոչարյանի գործում որոշում կայացնելու պատասխանատվությունից խուսանավելու համար: ՄԻԵԴ խորհրդատվությունից հետո շատ է հնչում հարցը, թե ինչ է անելու այժմ Հրայր Թովմասյանը:
 
Այստեղ կարող է օգնության գալ իշխանությունը, որը Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկում է ՍԴ դատարանակազմի հարցը խորհրդարանում լուծելու մեխանիզմը: Այդ մեխանիզմով Հրայր Թովմասյանը կհեռանա ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կմնա դատավոր, քանի որ ունի դատավորի համար անհրաժեշտ ժամկետային տարածություն: Այլ կերպ ասած, Հրայր Թովմասյանը կազատվի Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ ՍԴ որոշման համար պատասխանատվությունից:
 
Թովմասյանը արեց հնարավորը դրանից խուսափելու համար, անշուշտ պատկերացնելով Ռոբերտ Քոչարյանի գործի քաղաքական տողատակը: Հայաստանի նախորդ համակարգին քաջածանոթ Թովմասյանի համար թերեւս բարդ չէր պատկերացնելը, որ Ռոբերտ Քոչարյանին հայաստանյան արդարադատությանն է հանձնել Ռուսաստանը, զուգահեռ «պատսպարելով» նույն գործի մի շարք առանցքային դեմքերի: Ստեղծված բազմանկյուն խաղի միջոցով Ռուսաստանը ձեռք է բերել հետհեղափոխական Հայաստանի նկատմամբ բավականին կայուն ներգործության մի լծակ:
 
Պատահակա՞ն էր արդյոք, որ ՄԻԵԴ խորհրդատվությունը եղավ հենց այն ժամանակ, կամ այն բանից հետո, երբ կորոնավիրուսով պայմանավորված պաշտոնական Երեւանը հրաժարվեց հանրաքվեից եւ սկսեց Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկել հարցի լուծման այլ մեխանիզմ:
 
Հետաքրքիր հանգամանք էր այն, որ դրան զուգահեռ ուշագրավ որոշում կայացրեց դատարանը, ըստ որի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ կորոնավիրուսի համաճարակի ավարտը կմնա Իզմիրլյան բուժկենտրոնում, ուր տեղափոխվել էր առողջական խնդրի պատճառով: Իհարկե, դա ազատություն չէ, սակայն նաեւ կալանատունը չէ:
 
Այդ որոշումը հատկանշական է շաբաթներ առաջ նրա փաստաբան Հայկ Ալումյանի բարձրացրած հարցադրման ֆոնին, որ լիովին առողջ մարդը կալանատանը դարձել է հիվանդ եւ ինքը հետամուտ է լինելու, թե ինչու է այդպես ստացվել: Ալումյանը փաստորեն ակնարկում էր Ռոբերտ Քոչարյանի առողջության հանդեպ միտումնավոր ներգործության կասկածի մասին: Դա մի կողմից կարող է լինել կասկած իշխանության հանդեպ, մյուս կողմից իշխանությանն ակնարկ՝ որեւէ այլ ռիսկի կամ վտանգի հանդեպ կասկածի մասին, որը կարող է խնդիր դառնալ նաեւ իշխանության համար:
 
Այդ ֆոնին կայացվում է մինչեւ համաճարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանին բուժկենտրնում թողնելու դատական որոշումը: Իշխանությունն ինչպես հայտնի է ասում է, որ համաճարակը կշարունակվի ամիսներ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն