Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին՝ զորակցություն հայտնելով ճգնաժամի համար


Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին՝ զորակցություն հայտնելով ճգնաժամի համար

  • 02-06-2020 11:48:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ: ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ուղերձում ասվում է.
 
«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Իտալիայի միջև գործընկերության և փոխվստահության ոգով զարգացող հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: Հայաստանը մշտապես կարևորում է մեր երկրների միջև փոխգործակցության շարունակական ամրապնդումն ու զարգացումը:
 
Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում մեր պարբերական շփումները։ Համոզված եմ, որ Իտալիա նախատեսվող իմ առաջիկա պետական այցը նոր թափ կհաղորդի հայ-իտալական բազմաշերտ հարաբերություններին։
 
Սահմաններ չճանաչող համավարակի հետևանքով առաջացած աննախադեպ ճգնաժամի պայմաններում իմ անկեղծ զորակցությունն ու աջակցությունն եմ հայտնում Իտալիայի բարեկամ ժողովրդին: Բարձր եմ գնահատում մարդկային կյանքեր փրկելուն և համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված՝ Ձեր երկրի ջանքերը: Հավատացած եմ, որ հեռու չէ այն օրը, երբ համավարակը կհաղթահարվի, և մենք կվերսկսենք առօրյա բնականոն կյանքը՝ կրկնապատկելով մեր երկրների և ժողովուրդների միջև առավել ամուր հարաբերություններ հաստատելու՝ համատեղ հանձնառությունը»,- ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն