Կորոնավիրուսով վարակված 4 տարեկան երեխայի մոտ Կավասակիի սինդրոմի դեպք է արձանագրվել.նախարար


Կորոնավիրուսով վարակված 4 տարեկան երեխայի մոտ Կավասակիի սինդրոմի դեպք է արձանագրվել.նախարար

  • 03-06-2020 10:35:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 4 տարեկան երեխայի մոտ Կավասակիի սինդրոմի դեպք է արձանագրվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
 
«Դժբախտաբար, ունեք Կավասակիի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն: Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ»,- գրել է Թորոսյանը:
 
Նախարարը նշել է, որ հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, նախարարությունը կանխավ պահեստավորել է հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք:
 
«Հուսամ փոքրիկը արագ կապաքինվի, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Մյուս բոլորին, թե’ մեծահասակներին, թե’ փոքրերին կոչ եմ անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, այս ընթացքում տուրք չտալ միմյանց հետ սերտ շփվելու գայթակղությանը, միշտ կրել դիմակ, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը»,- նշել է նախարարը:
 
Թորոսյանը հավելել է, որ անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ոչ կենսական շփումները միմյանց հետ` վարակի փոխանցման շղթաները կոտրելու համար:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play