Արտակարգ պատահար Մերձավանում

03-06-2020 10:25:50   | Հայաստան  |  Հասարակություն
Հունիսի 2-ին՝ ուշ երեկոյան, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարման համակարգում տեղի է ունեցել արտակարգ պատահար:
 


Երևանի Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի միջև գտնվող խոզաբուծական համալիրը շինարարական աշխատանքներ կատարելիս վնասել է «Վեոլիա Ջուր» ընկերության Մերձավան գյուղը սնուցող ջրատարը, որի պատճառով բնակավայրի ջրամատակարարման համակարգ են ներթափանցել կեղտաջրեր:
 
Տեղեկանալով կատարվածի մասին բնակիչների ահազանգից՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ առողջապահական նկատառումներով դադարեցրել է Մերձավանի ջրամատակարարումը, դատարկել գյուղի օրվա կարգավորիչ ջրամբարում /ՕԿՋ/ կուտակված ջուրը, ինչպես նաև համակարգի տարբեր կետերից ջրի նմուշառումներ կատարել և ուղարկել լաբորատորիա՝ մանրէաբանական հետազոտության: Այնուհետև մասնագետները ձեռնամուխ են եղել
ջրագծի վթարի վերացմանն ու համակարգի ախտահանմանը: Հաշվի առնելով, որ Մերձավանի շատ տնատիրություններում առկա են ջրի պահեստավորման համար նախատեսված տարողություններ, որոնք հնարավոր չէ ախտահանել, ընկերությունը հարդորում է բնակիչներին խուսափել դրանցում կուտակված ջուրն օգտագործելուց՝ անցանկալի հետևանքներից զերծ մնալու համար:
 
Աշխատանքները տարվել են ամբողջ գիշեր և այս պահին դեռ շարունակվում են:  Արդեն իսկ ապահովվել է բնակիչների մեծ մասի ջրամատակարարումն այլընտրանքային խողովակաշարով, իսկ մյուսների կենցաղային նվազագույն կարիքներն այս ընթացքում կբավարարվեն շրջիկ ավտոցիստեռնի միջոցով:
 
Միաժամանակ ձեռնարկվում են միջոցներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու՝ անհրաժեշտության դեպքում իրավասու մարմինների ներգրավմամբ, արտակարգ պատահարի մեղավոր կողմին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև պատճառված վնասի դիմաց փոխհատություն ստանալու  նպատակով:
 
«Վեոլիա Ջուր» ընկերությունը շնորհակալություն է հայտնում Մերձավանի բնակիչներին և համայնքապետարանին՝ ստեղծված իրավիճակին ըմբռնումով մոտենալու և իրականացվող աշխատանքներին ցուցաբերվող աջակցության համար,
ինչպես նաև հայցում է նրանց ներողամտությունը ակամա պատճառվող անհանգստության համար։ «Վեոլիա Ջուր»–ը հավաստիացնում է, որ արվում է հնարավորը Մերձավանում ջրամատակարարման համակարգը աշխատանքային վիճակի բերելու, ներկայացվող չափանիշներին համապատասխանող ջրի որակ ապահովելու և ջրամատակարարումը շուտափույթ վերսկսելու համար:
 
Աշխատանքների ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
 
Վեոլիա Հայաստան
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 221 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար