Հաստատվել է հանրային ծառայողների համար բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վաճառքի կարգը


Հաստատվել է հանրային ծառայողների համար բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վաճառքի կարգը

  • 04-06-2020 14:35:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կառավարությունը հաստատել է հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի կարգը: Որոշման  նպատակն է շուրջ 345 հանրային ծառայողի համար ապահովել բնակարանի ձեռքբերման հասանելիություն:  «ՄԼ-Մայնինգ» ՍՊԸ-ն  վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկ՝  Երևան քաղաքի Ադոնցի 19/8 հասցեում ընհանուր առմամբ 619 բնակարանով շենքի կառուցապատման քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Առաջարկը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ և քննարկման արդյունքում, հաշվի առնելով բնակարանային շինարարության խթանման մասով պետության հանձնառությունը, հանրապետության բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության տեսլականը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում բնակչության բավական լայն շրջանակի կողմից առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճման միտումներն, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում հանրային ծառայողների շրջանակում կատարված հարցումները՝ ծրագիրը դիտարկվել է նպատակահարմար և իրագործելի:
 
Ինչպես նշել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, շենքի կառուցումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի ընթացքում: Բնակարանները շահառուներին նախատեսվում է հանձնել երկու փուլով. մինչև 2023 թ. ապրիլ կհանձնվեն 200, մինչև 2023թ. օգոստոս՝ 145 բնակարան: Բնակարանների ընհանուր մակերեսի 1 քառ. մետրի արժեքը ներքին հարդարմամբ՝ 345 000 դրամ է, իսկ առանց ներքին հարդարման՝ 310 000 դրամ,  ավտոկայանատեղի արժեքը  2,5 մլն դրամ է: Կանխավճարը 10 տոկոս է, վարկի մարման ժամկետը մինչև վարկառուի կենսաթոշակի տարիքի լրանալը, բայց ոչ ավելի քան 20 տարի: «Բնակարանները և ավտոկայանատեղերը բաշխվելու են վիճակահանությամբ: Ընդ որում, շահառուներն ազատ են ավտոկայանատեղ ձեռք բերելու հարցում»,-նշել է Արմեն Ղուլարյանը:   
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play