Բակո Սահակյանը պատասխանել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին. հանձնաժողովի աշխատանքի ժամկետը սպառվեց.ՀԺ


Բակո Սահակյանը պատասխանել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին. հանձնաժողովի աշխատանքի ժամկետը սպառվեց.ՀԺ

  • 04-06-2020 15:08:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը երեկ հեռավար զրույց է ունեցել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ: 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ նա գործող նախագահն էր: 
 
Հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը ՀԺ-ին հայտնեց, որ Բակո Սահակյանին 8 հարց են ուղղել, ստացել բոլոր հարցերի պատասխանները:
 
«Հրապարակման ենթակա տեղեկատվություն այդ զրույցից չկա, կարեւորը՝ Բակո Սահակյանը պատասխանել է մեր բոլոր հարցերին, եւ մենք կարող ենք ավարտած համարել մեր աշխատանքը եւ անցնել զեկույցի պատրաստմանը»,- տեղեկացրեց Պողոսյանը:
 
Մեր հարցին, թե մինչեւ ե՞րբ են նախատեսում զեկույցը պատրաստել, պատգամավորը պատասխանեց, որ կոնկրետ ժամկետ չեն նախանշել, կփորձեն դա անել մինչեւ արձակուրդ գնալը, իսկ եթե չհասցնեն, կավարտեն սեպտեմբերին:
 
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 31-ին Ազգային ժողովը քվեարկությամբ որոշում կայացրեց ստեղծել 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով: Թեեւ այն ստեղծվեց 6 ամիս ժամկետով, սակայն դեկտեմբերի 10-ին նույն Ազգային ժողովը որոշեց եւս 6 ամսով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 4-ը երկարացնել հանձնաժողովի աշխատանքի ժամկետը:
 
Հանձնաժողովն այս ընթացքում ունեցել է մի քանի տասնյակ հյուրեր, ուսումնասիրել հազարավոր էջերով գաղտնի փաստաթղթեր: Միակ հրավիրյալը, որ հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի նիստին, եղել է 2016-ի ապրիլին Զինված ուժերի ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը