«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին

05-06-2020 15:50:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ գործող իշխանությունների կողմից նախաձեռնած հանրաքվեի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցությունը ժամանակին հստակ դիրքորոշում է արտահայտել՝ փաստելով, որ անհնար է կեղծված Սահմանադրության առանձին կետի փոփոխության ճանապարհով կյանքի կոչել 2018 թ. համաժողովրդական շարժման արդյունքում երկրում տեղի ունեցած փոփոխությունների տրամաբանությունը: Իշխանությունը ականջալուր չեղավ հեղափոխության արժեքների ջատագով ուժերի և նրանց համախոհ հանրության պնդումներին, որոնց համաձայն՝ անհրաժեշտ է ազգային համաձայնության մթնոլորտում քաղաքական գնահատական տալ անցյալին՝ մշակելով նոր սահմանադրություն, որը կապահովի Հայաստանի Հանրապետության կառավարման ողջ համակարգի ժողովրդավարական ընթացքը՝ իշխանությունն իրապես վերադարձնելով ժողովրդին:
 


Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու  ապարդյուն հանրաքվեից: Ի հեճուկս գործող օրենսդրական կարգավորումների՝ որոշվեց ԱԺ-ին օժտել իրավասությամբ չեղարկելու հանրաքվեն: Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն միայն իշխող խմբակցության ձայների շնորհիվ ընդունեց
«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի խնդրահարույց նախագիծը՝ ապացուցելով գործող խորհրդարանի գործունակության կորուստը:
 
«Ժառանգությունն» արձանագրում է, որ այս օրենսդրական փոփոխությունն ական է՝ տեղադրված ՀՀ նեքաղաքական դաշտում, այն խախտում է իշխանությունների տարանջատման և հակակշիռների ստեղծման ժողովրդավարական հիմնական սկզբունքը՝ հնարավորություն ստեղծելով մեծամասնություն ունեցող ուժերին օրենքները ծառայեցնել խմբիշխանության պահպանման հատվածական շահերին:
 
«Ժառանգությունը» վերստին արձանագրում է՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման միակ օրինական ճանապարհը ազգային համաձայնության մթնոլորտում շահագրգիռ բոլոր ուժերի ներգրավմամբ նոր սահմանադրության հնարավորինս արագ և կազմակերպված մշակումն է և այս օրակարգով հանրաքվեի ապահովումը:
 
«Ժառանգություն» կուսակցություն
 
05.06.2020 թ.
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 389 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար