Իշխանության և ընդդիմության սխալներն ու դասերը, որոնք շուտով կստանա Հայաստանը
16-06-2020 21:49:58 | Հայաստան | Վերլուծություն
1. Երեք դաս ճիշտ կառավարում հաստատելու ճանապարհին:
Նոր իշխանությունը հայությանը դաս տվեց, որին նախկինում երբեք ուշադրություն չէին դարձնում՝ դա այն է, որ իշխանության ոչ պրոֆեսիոնալիզմը սարսափելի աղետ է։ Սա անվանենք առաջին դաս։
Պատմության մեջ կարելի է մտնել և շրմփալ։ Հետաքրքիր է, հասկացել է արդյոք Փաշինյանը, որ պատմության մեջ է շրմփացել իր կադրային հարցում պրոֆեսիոնալիզմի լիակատար անտեսումով։
Մտովի պատկերացրեք կադրային բոլոր նոր նշանակումները և գտեք գոնե մեկ դեպք, երբ բարձր պաշտոնի նշանակված մարդն արտահայտում է իր մասնագիտական տեսլականը։ Նման բան պարզապես չկա։ Ավելին, չկա մի դեպք, երբ Փաշինյանի պաշտոնյաները քննարկեին իշխանություն մեջ չընդգրկված պրոֆեսիոնալների առաջարկները։
Այն մասին, որ իշխանության ոչ պրոֆեսիոնալիզմը աղետ կդառնա, որ չի կարելի երկիրը կառավարել առանց տեսլականի և նախապես պատրաստած նախագծերի, առաջին անգամ հայտարարեց «Հայ մասնագետների խորհուրդը» Փաշինյանի կառավարման հենց սկզբում և այսօր արդեն բոլորը հասկացել են դա ու խոսում են այդ մասին։ Հետաքրքիր է հետևյալ քաղաքագիտական դիտարկումը՝ ամբողջ երկու տարի պահանջվեց, որպեսզի լրատվական միջավայրը խոսի այդ մասին։
Այժմ այն մասին, որ մենք պետք է ստանանք մյուս երկու դասերը՝ համապատասխանաբար, մենք դեռ պետք է անցնենք երկու այլ փուլ: Մենք առաջին անգամ ենք խոսում այդ մասին և մանրամասնորեն կպարզաբանենք դա ստորև։
Այնուհետև կհաջորդեն երկրորդ և երրորդ դասերը, որոնք դեռ լայնորեն գիտակցված չեն։
Երկրորդ դասը, ինչպես և առաջինը, շատ դառն ու շարունակական կլինի Հայաստանի համար։ Դեռ երկար ժամանակ կփորձեն հարցերը լուծել կադրային փոփոխությունների միջոցով, մինչև կհասկանան, որ ոչ մի կադրային վերադասավորում, ոչ մի ընդդիմադիր ուժերի և Սփյուռքի մասնագետների ներգրավում կառավարման մեջ դրական արդյունքներ չեն տա, եթե շարունակվի պրոֆեսիոնալների անտեսումը։ Մեր հասարակությունը մշտապես ականատես է եղել, որ բյուրոկրատական համակարգը ձևավորվում է իշխանությունների ցանկությամբ՝ պրոֆեսիոնալիզմի լիակատար անտեսումով։ Հասարակությունը նոր է զգում երկրի կառավարման համար մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը։
Հնարավոր է, որ երկար ժամանակ կպահանջվի երրորդ դասը ստանալու և ըմբռնելու համար՝ որ կադրային վերադասավորումները կարող են դրական արդյունքներ տալ միայն այն պայմանով, որ սկզբում մենք առանձնացնում ենք տեսլականներ ու նախագծեր ունեցող մասնագետներին և սահմանում կառավարման այնպիսի համակարգ, որտեղ այդ մասնագետներն ազդեցություն ունեն փաստացի իրավիճակի վրա։
Այլ կերպ ասած՝ երրորդ դասը կլինի այն բանի գիտակցումը, որ երկիրը ճիշտ կառավարելու համար նախ պետք է ունենալ երկրի զարգացման տեսլականներ յուրաքանչյուր բնագավառում, առանձնացնել տեսլականներ ունեցող մասնագետներին, պայմանավորվել նրանց լիազորությունների մասին (այսինքն՝ ուրվագծել այդ մասնագետների աշխատանքներում ներգրավված կառույցները) և միայն դրանից հետո հավաքել այն կադրային կազմը, որն այդ տեսլականները կյանքի կկոչի։
Կառավարման սխեման շատ պարզ է՝ առաջին հերթին առանձնացվում են տեսլական-գաղափարները յուրաքանչյուր ոլորտում (համապատասխանաբար առանձնանում են առանցքային մասնագետները), պայմանավորվում են, որ կիրականացնեն ընտրված գաղափարները և միայն դրանից հետո են ընտրում կատարողների այնպիսի կազմ (կադրային կազմ), որն ի վիճակի կլինի իրականացնել այդ տեսլական-նախագծերը։
Սա այն է, ինչի մասին մենք խոսում ենք Փաշինյանի կառավարման հենց սկզբից (և փաստացի այն, ինչի մասին վերջերս նշել է ռուսական ընդդիմության առաջնորդ Ն. Պլատոշկինը)։
Այ դա կլինի ողջամիտ կառավարման համակարգ, որը հիմնված է պրոֆեսիոնալիզմի վրա՝ համակարգ, որտեղ յուրաքանչյուր քայլ կլինի գիտակցված ու հիմնավորված:
(Ի հակակշիռ դրան՝ մեզ մոտ իշխանությունը ձևավորվում է իշխանության մեջ պատահական հայտնված գավառական մտածողություն ունեցող կառավարիչների ցուցումով)։
Այս, երրորդ դասը, որը «Խորհուրդը» հնչեցնում է Փաշինյանի կառավարման հենց սկզբից, սկսել են հաշվի առնել միայն վերջերս՝ նորաստեղծ «Ազգային-ժողովրդավարական բևեռը» մտադիր է այն կյանքի կոչել։ Փառք ու պատիվ նրանց դրա համար։
1. Տրագիկոմեդիա իշխանությունում և ընդդիմությունում։
Այժմ Հայաստանում ընթանում է վերը նշված երկրորդ դասի իմաստավորման փուլը։ Այն է՝ ասպարեզ են դուրս գալիս հին ու նոր ուժերն ու կուսակցությունները, որոնք, քննադատելով (ընդ որում արդարացիորեն) փաշինյանական կառավարությանը, պահանջում են անհապաղ նոր կառավարության ձևավորում, նրա մեջ իրենց բաժինն ունենալու հույսով։
Տրագիկոմեդիան կայանում է նրանում, որ բոլոր կողմերը չեն պատրաստվում ներկայացնել գաղափարներ, նախագծեր, որոշումներ և պատրաստվում են իրենց դիրքերը նվաճել ժողովրդին ու միմյանց հիմարացնելով: Բայց դա ամենակարճ ճանապարհն է դեպի նույն «կոտրված տաշտակը», որտեղ մենք բոլորս կհայտնվենք։
Փաշինյանը քաղաքական ասպարեզից հեռացրեց «նախկիններին», շնորհակալություն նրան այդ դարակազմիկ նվաճման համար։ Երբ Փաշինյանը քննադատում էր հին իշխանությանը ժողովուրդը որոշեց, որ Փաշինյանը գիտի, թե ինչ պետք է անել, երբ դառնա իշխանություն։ Սակայն, ինչպես պարզվեց, Փաշինյանը գաղափար-տեսլականներ չուներ, կառավարման համար կադրային կազմ չուներ և նույնիսկ չզբաղվեց այդ հարցով։
«Նախկինները» օգտվեցին դրանից, և հիմա իրավիճակը կրկնվում է։ Հիմա իշխանության նոր հավակնորդները հասկացել են, որ ժողովուրդն ընդունում է միայն իշխանությունների քննադատությունը և չի մտածում, թե արդյոք նոր հավակնորդներն ունեն գաղափարներ, նախագծեր և կադրեր։ Համապատասխանաբար, նոր հավակնորդները քննադատում են Փաշինյանին և ոչինչ չեն ասում այն մասին, թե ինչ կանեն իրենք, եթե իշխանություն դառնան։
Ինչպես կարելի է որևէ դրական բան ակնկալել Ծառուկյանի օլիգարխիկ թևից, Վանեցյանի ԱԱԾ - ի թևից, «Վերնատուն» անունը բռնազավթած թևից։ Երկրի ու հասարակության առաջ նրանք բոլորը մեղքերի մեջ թաղված են։
Ինչպե՞ս կարելի է ինչ-որ դրական բան ակնկալել փաշինյանական թևից, որը ոչ մի տեսլական-գաղափար չի ներկայացրել։ Որն իր իշխանության ամրապնդման համար, հենց սկզբից, օգտագործելով հարկատուների փողերը, սկսել է կերակրել իր ապաշնորհ պաշտոնյաներին։
(Երբ պաշտոնյաները հարցնում էին Չերչիլին, թե ինչ է նա խոստանում նրանց, նա պատասխանեց, արյուն, քրտինք և արցունքներ, բայց վերջում կճաշենք: Փաշինյանը սկսեց իր պաշտոնյաներին ճաշեր բաժանել հենց սկզբից։ Հեշտ է կանխատեսել, որ հենց այդ ապաշնորհ պաշտոնյաներն են Փաշինյանին հեռացնելու՝ հեղափոխություն անում են ոչ թե սոված մարդիկ, այլ կուշտ մարդիկ, որոնց դադարել են կերակրել)։
Այսպիսով, երկրում խորանում է քաղաքական ու գաղափարական քաոսը՝ երկիրն ապրում է առանց գաղափարների ու նախագծերի, իսկ տարբեր ուժեր, նոր գաղափարներ ու նախագծեր առաջադրելու փոխարեն, փորձում են իշխանության գալ օգտագործելով առկա լծակները։
Մենք այժմ երկրորդ դասի փուլում ենք, երբ երկրին օդի պես անհրաժեշտ են տեսլականներ, նախագծեր, իրագործումներ։ Մինչդեռ ոչ ներկայիս, ոչ էլ նախկին պաշտոնյաները չեն պատրաստվում ներկայացնել այդպիսիք, ավելին՝ նույնիսկ չեն պատրաստվում քննարկել դա։
1. Երկրորդ փուլի ավարտը ու առողջացման սկիզբը (երրորդ դաս և փուլ):
Երկրորդ փուլը կավարտվի այն ժամանակ, երբ մենք կգիտակցենք երրորդ դասի կարևորությունը և կձեռնարկենք նրա իրականացումը։ Իրոք, որ երկրի համար գլխավորը գաղափարներն ու նախագծերն են, այդ գաղափարներն ու նախագծերը գեներացնող մասնագետների առանձնացումը, այնպիսի կառույցների ստեղծումը, որոնք թույլ կտան այդ մասնագետներին վերահսկել այդ գաղափարների ու նախագծերի իրականացումը։
Մենք ՝ «Մասնագետների խորհուրդը», բազմիցս շարադրել ենք, թե ինչպես իրականացնել այդ ամենը (հղումները տես սույն հոդվածի վերջում)։
Հիմա տարբեր ուժեր խոսում են իրենց նշանակալիության մասին՝ չունենալով ոչ գաղափարներ, ոչ նախագծեր, ոչ կադրեր։ Պարզապես ծիծաղելի է խոսել նշանակալիության մասին, եթե այդ ամենը չկա՝ եթե բացակայում է գոնե մեկ բաղադրիչ: Այդ ուժերը զավեշտալի հիմնավորումներ են առաջ քաշում իրենց նշանակալիության մասին։ Ծառուկյանն ասում է, հարկավոր է ինձ տալ իշխանությունը քանի որ ես գումար ունեմ, Վանեցյանն ասում է, ես գիտեմ, գաղտնիքներն ու պաշտոն եմ ունեցել, հետևաբար իշխանությունը պետք է իմը լինի, «Վերնատունն» ասում է, ես ունեմ ամենամեծ թվով նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, հետևաբար իշխանությունը պետք է լինի իմը, Մարուքյանն ասում է՝ ես խորհրդարանական խմբակցություն եմ, հետևաբար Փաշինյանը պետք է իշխանությունը կիսի ինձ հետ։ Եվ ոչ ոք չի ասում, որ ունի երկրի համար փրկարար նախագծեր ու կադրային կազմ, այդ նախագծերի իրականացման համար։
Այժմ մոդայիկ է դարձել հաշվել առաջարկությունների թիվը, որոնք ցանկացած ուժեր առաջ են քաշում։ Մի կուսակցություն հայտարարում է, որ ունի 40 առաջարկ, որոնք անտեսում է իշխանությունը, մյուսը հայտարարում է իր 60 կամ 100 նման առաջարկների մասին։ Այստեղ կարելի է օգտագործել գիտության մեջ լավ փորձարկված կանոնները։ Այդ կանոնները մշակվել են դարերով։ Վաղուց է նկատված, որ ցանկացած հիմար կարող է ասել ինչ-որ հիմար բան ու այն անվանել տեսլական, ծրագիր, աշխատանք և այլն: Սակայն, այդ աշխատանքը, տեսլականը կամ ծրագիրը կարող են դիտվել որպես խելամիտ միայն այն բանից հետո, երբ դրանք ներկայացվում են ճիշտ ձևով և անցել են փորձարկումներ, այսինքն, միայն այն բանից հետո, երբ ընդդիմախոսները կամ գրախոսները տվել են իրենց եզրակացությունը դրանց խելամտության մասին:
Հայաստանում մինչ օրս ոչ մի տեսլական, ոչ մի ծրագիր չի ներկայացվել, որը փորձարկումներ անցներ։
Այսպիսով, ամեն ինչ օդում կախված է, քանի դեռ չեն ստեղծվել հարթակներ, որտեղ մասնագետները կպաշտպանեն իրենց տեսլականներն ու նախագծերը: Սա այն է, ինչի մասին մենք մշտապես խոսում ենք Փաշինյանի կառավարման հենց սկզբից։ Առանց դրա խելամիտ տեսլականներ և պլաններ չեն կարող ի հայտ գալ, հետևաբար չի կարող լինել երկրի խելամիտ կառավարում։
Երրորդ փուլը կսկսվի այն ժամանակ, երբ լայն զանգվածները հասկանան, որ պետք է միավորվել ոչ թե անհատների, այլ գաղափարներ, նախագծեր ու կադրային կազմ ներկայացնող ուժերի շուրջ։ Երրորդ փուլը կսկսվի, երբ ժողովուրդը գրողի ծոցն ուղարկի ցանկացած կուսակցության կամ ուժի, որի համար տեսլականները, գաղափարները, նախագծերն ու կադրերն առաջին տեղում չեն։
Ահա այդ ժամանակ էլ կգա առողջացումը։ Առողջացումը կգա այն ժամանակ, երբ մենք կխոսենք գաղափարների ու նախագծերի մասին, այլ ոչ թե՝ անհատների: Առողջացում կգա, երբ ժողովուրդը կմիավորվի գաղափարների ու նախագծերի շուրջ, այլ ոչ թե՝ անհատների:
Առայժմ այդ մասին, բացի «Մասնագետների խորհրդից», խոսում է միայն «Բևեռը»։
Հնարավոր է, որ Փաշինյանն ինքը ստիպված լինի շուտով աջակցել ասվածին։ Եթե դա տեղի չունենա, Հայաստանին սպասում են հարաբերությունների գավառական-գռեհիկ ճշտում ու քաոս։
Խորհուրդ ենք տալիս կարդալ հետևյալ հոդվածները, որտեղ նկարագրվում են երրորդ քայլի տարբեր մանրամասներ՝
Ճիշտ կառավարման համակարգ Հայաստանի համար։ Մաս 1 - քննադատություն. Մաս 2 – առաջարկություններ։
https://nt.am/ru/news/283791/
https://nt.am/ru/news/283957/
Նոր մոտեցում լեռնահանքային արդյունաբերության նկատմամբ և Փաշինյանի ճակատագրական սխալները։
https://www.lragir.am/2019/08/30/470996/
https://www.lragir.am/2019/09/15/475644/
https://www.lragir.am/2019/09/19/477050/
https://www.lragir.am/2019/02/18/418764/
Գիտության եւ կրթության զարգացման տեսլականը (հայեցակարգ):
https://www.lragir.am/2019/10/23/487378/
https://www.lragir.am/2019/11/10/492410/
Գրիգոր Բարսեղյան
Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր