Էրդողանի վերջին զանգը՝ Երեւան. Հայաստանն ընդլայնել է սահմանը

01-07-2020 10:42:18   | Հայաստան  |  Վերլուծություն
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն մեղադրել է Ֆրանսիային Լիբիայում Ռուսաստանի դիրքերն ամրացնելու համար: Չավուշօղլուն նշել է, թե ՆԱՏՕ-ն Ռուսաստանին դիտարկում է սպառնալիք, իսկ Ֆրանսիան ամրացնում է նրա դիրքերը Լիբիայում:
 


Չավուշօղլուի վարքը տիպիկ թուրքական դիվանագիտություն է, որը հաճախ համեմատվում է շատ հին մասնագիտություններից մեկի հետ: Բանն այն է, որ երբ Թուրքիան գործակցում է Մոսկվայի հետ C 400 ձեռք բերելու կամ այլ տարատեսակ թեմաներով, որեւէ կերպ չի մտահոգվում, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին դիտարկում է սպառնալիք: Այժմ սակայն, Լիբիայի հարց
ում Ֆրանսիայի դիրքորոշման պայմաններում Անկարան փորձում է աղմկել ՆԱՏՕ-ի անունով:
 
Թուրքիայի մտահոգությունները սակայն հասկանալի են: Թուրքիան օղակվում է ամենատարբեր հարցադրումներ ու պահանջներ ներկայացնող ձեւաչափերով, որում ներգրավվում են մերձավորարեւելյան երկրները՝ Իսրայել, արաբական պետություններ, ներգրավված են Հունաստանը, Կիպրոսը:
 
Սակայն Ֆրանսիայի ներգրավումն Անկարայի համար ունի առավել զգայուն հանգամանք: Խոսքն այն մասին է, որ Ֆրանսիան լինելով Թուրքիայի եվրոպական հավակնության գլխավոր արգելապատնեշ, նաեւ այդ հարցում Թուրքիայի գլխավոր սպառնալիքի՝ հայկական հարցի միջազգային դրոշակակիրներից մեկն է: Իսկ հայկական հարցը Թուրքիային օղակող հարց չէ: Հայկական հարցն այն ականն է, որի վրա Թուրքիան դրել է ոտքն ու կանգնած է արդեն մեկ դար:
 
Թուրքիան ակնհայտորեն հոգնել է, գերլարվել է այդ ականի վրա կանգնած մնալուց, բայց չկա այլ ելք, քան կանգնած մնալը: Ռուսաստանը մեկ դար դեմ է տվել թիկունքը՝ հենվելու համար, բայց այժմ Ռուսաստանն ինքն է փնտրում հենվելու տեղ, ինչի վկայությունը հենց այն է նաեւ, որ Լիբիայում Մոսկվան Անկարային զսպելու համար ունի Ֆրանսիայի կարիքը: Ռուսաստանը ներկայում շատ բանի կարիք ունի, այդ թվում Հայաստանի թիկունքի կարիքը, որքան էլ ինքն է Հայաստանը դիտարկում կարիքավոր:
 
Օղակը սեղմվում է, իսկ հայկական հարցը թույլ չի տալիս Թուրքիային շարժվել: Խոսուն է, երբ այդ երկրի նախագահ Էրդողանը ստեղծում է հայկական հարցին հակազդման հատուկ կառույց, թեեւ դեռ պարզ չէ, թե ինչ հարց է լուծելու այդ կառույցը:
 
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հունիսի 26-ին Մակրոնը հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանին Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի բարեկամությունն ու կորոնավիրուսի դեմ պայքարի, նաեւ տնտեսական ճգնաժամի հաղթահարման հարցում աջակցության պատրաստակամությունը:
 
Արդյոք Փարիզն աջակցություն է ակնկալում Երեւանից՝ Թուրքիային «հայկական ականին» գամելու հարցում: Հատկանշական է, որ հունիսի 29-ին Երեւան է զանգահարել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալը Ռիքերը: Նրա եւ Հայաստանի արտգործնախարարի միջեւ խոսակցության թեմա է եղել նաեւ Կրոնական ազատությունների Ալյանսը, որ ստեղծվել է ԱՄՆ նախաձեռնությամբ
եւ որին միացել է նաեւ Հայաստանը: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է դաշինքի  շրջանակներում համագործակցության համատեքստում մերձավորարևելյան տարածաշրջանում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած ծրագրերը:
 
Հայաստանը դառնում է կովկաս-մերձավորարեւելյան-միջերկրածովյան լայն խաղի աշխույժ մասնակից, կամ ինչպես պաշտպանության նախարարն էր արձանագրել զինուժի զարգացման եւ անվտանգային տեսալականում՝ Հայաստանն ընդլայնում է իր կենսական շահերի սահմանը, դրա հետ մեկտեղ ընդլայնելով նաեւ հայկական հարցի քաղաքակրթական սահմանն ու քաղաքական ներուժը:
 
Որքան ժամանակ Էրդողանը կկարողանա չզանգահարել Երեւան եւ ապավինել պատերազմներին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 376 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար