Հայփոստը սկսում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի փորձարկումը


Հայփոստը սկսում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի փորձարկումը

  • 01-07-2020 14:10:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հայփոստ» ընկերությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օժանդակությամբ  գործարկում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր, որն ընկերության ծառայությունների թվայնացման և արդիականացման գործընթացի կարևոր մաս է կազմում:   Ծրագրով նախատեսվում է էլեկտրոնային սարքերի կիրառմամբ կենսաթոշակների  վճարման նոր համակարգի ներդնում, որը սկզբունքորեն կփոխի մինչ այդ գործող ՝ թղթային ցուցակներով վճարման համակարգը: Էլեկտրոնային նորարարությունը հնարավորություն կտա  ծառայության որակը համապատասխանեցնել  միջազգային չափանիշներին՝ բարձրացնելով ոլորտի վերահսկողության որակն ու նվազեցնելով առկա ռիսկերը:
 
Նախատեսվում է փոստատարների կողմից էլեկտրոնային սարքերի (պլանշետների) կիրառում, որոնց միջոցով առցանց համակարգ կմուտքագրվի նաև  կենսաթոշակառուի բնակության վայրում կատարված վճարման տեղեկատվությունը, ինչպես նաև ՝ վճարման ճշգրիտ ժամը, վայրը և անհրաժեշտ այլ տվյալներ:
 
Պիլոտային ծրագիրը կմեկնարկի մայրաքաղաք Երևանի Ավան վարչական շրջանի փոստային բաժանմունքներում:
 
Անդրադառնալով ծրագրին՝ «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը նշեց. «Սա պիլոտային ծրագրի մեկնարկն է: Այս ծրագիրն առաջիկայում՝ հաջող փորձարկումից հետո, կկիրառվի ողջ ցանցի մասշտաբով և կներառի այլ ծառայություններ: Ծրագրի կարևորագույն բաղադրիչ է Հայփոստի աշխատակիցների վերապատրաստումը. մենք կարևորում ենք մեր աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման և աճի հնարավորությունները՝ չդնելով որևէ տարիքային սահմանափակում:  Վստահ եմ՝ սա կտրուկ կբարձրացնի Հայփոստի ծառայությունների որակը»:
 
«Հայփոստ» ընկերությունն արդեն սկսել է  փոստատարների ուսուցումը համապատասխան էլեկտրոնային սարքերի միջոցով: Պարբերաբար իրականացվում է էլեկտրոնային համակարգի գործառույթների թեստավորում և համակարգի փորձնական շահագործում՝ փոստատերների մասնակցությամբ:
 
«Հայփոստ» ՓԲԸ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն