Մինսկի խմբի ապտակն Ադրբեջանին․ Հայաստանը ճիշտ էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մինսկի խմբի ապտակն Ադրբեջանին․ Հայաստանը ճիշտ էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 01-07-2020 16:40:56   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Lragir.am-ը գրում է. 
Համանախագահները կարեւոր են համարել քայլերը, որոնք ուղղված են խաղաղությանն ու առարկայական բանակցության բարենպաստ մթնոլորտին:
Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ապտակ է Ադրբեջանի նախագահին ու պաշտպանության նախարարին, որոնք վերջին շաբաթներին ուժգնացրել էին ռազմատենչ հռետորաբանությունը: Միաժամանակ, դատապարտելով հրահրիչ հայտարարությունները, համանախագահները փաստացի ազդարարում են, որ ճիշտ են դրան Հայաստանից հնչող կոշտ պատասխանները:
Ալիեւի հերթական հայտարարությունները Երեւանում «հրահրեցին» Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան կոշտ հեռակա «բանավեճ»: Այն Հայաստանում դուր չեկավ շատ շատերին, ովքեր նշում էին, թե չպետք է տրվել Ալիեւի սադրանքին եւ նրա «աչքի առաջ» փնովել միմյանց: Ասելու բան ունեք, ասեք միմյանց առանց Ալիեւի, հուշում էին շատերը:
Արդյոք Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կարող էին լինել քաղաքականապես այն աստիճանի անհամարժեք, որ տրվեին Ալիեւի «սադրանքին» կամ այսպես ասած՝ «հրահրվեին երեխայի նման»: Դժվար եմ պատերացնում, ավելի հակված լինելով կարծել, որ թե Սարգսյանը, թե խոսնակի միջոցով նրան արձագանքած Փաշինյանը տեսել են ոչ թե Ալիեւին, այլ առավել լայն գործընթաց, որում Ալիեւը կարող է լինել ընդամենը մի պտուտակ: Ավելի լայն գործընթաց, երբ տեղի է ունենում հին աշխարհակարգի՝ Կովկասի համար առանցքային տանդեմի փլուզում կամ հարաբերությունների ճգնաժամ: Խոսքը ռուս-թուրքական տանդեմի մասին է:
Երբ Ռուսաստանն ու Թուրքիան այդ փուլում են, եւ առավել եւս, երբ Մոսկվան այդ փուլում հայտնվել է բավականին թույլ վիճակում եւ ստիպված է լռել, երբ Էրդողանը սպառնում է 25 միլիոն մահմեդականով քանդել Ռուսաստանը ներսից, Հայաստանից պահանջվում է չափազանց զգուշություն ու աչալրջություն՝ դիմադրունակությունը բարձրացնելու համար: Դժբախտաբար, հետխորհրդային մոտ երեք տասնամյակում Հայաստանը զարգացել է մի նեոկայսերական տրամաբանության ներքո, որի պարագայում Հայաստանի ինքնիշխան դիմադրունակության գեներացիայի հարցում առավել արդյունավետ ձեւ է մնացել կայսերական հավակնության դեմ դիմակայության ներքին շրջանակը: Հայաստանը ստիպված է խաղալ նրանով, ինչ կա ներկայում ձեռքի տակ, քանի դեռ ինստւտուցիոնալ եւ արժեմշակութային մակարդակում չեն ձեւավորվել կայուն նոր գործիքներ:
Մինսկի խմբի համանախագահները մեծ հաշվով արձանագրում են, որ Հայաստանը ճիշտ է իր խաղում: Այդ արձանագրմանը միանում է նաեւ Ռուսաստանը, որի համար Հայաստանի ինքնիշխան խաղն անընդունելի է, մյուս կողմից դարձել է կենսական անհրաժեշտություն Թուրքիայի դեմ իր խաղում: Դրա միջոցով է նաեւ Ռուսաստանը կարողանում Բաքվում պահել Մամեդյարովին, հատկապես Ադրբեջանի իշխանական վերնախավից նրա դեմ գրոհների պարագայում:
Համանախագահներն իրենց հայտարարությամբ փաստացի սատարել են Մամեդյարովին, այսինքն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան աջակցել են Ռուսաստանի այդ ջանքին, եթե այն ուղղված է ռեգիոնալ կայունության եւ խաղաղության պահպանմանը: Ալիեւն էլ դեմ չի լինի դրան, քանի որ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքի հայտարարությունը, որ արցախյան հարցը չունի ռազմական լուծում, նրա ձեռքին բարաթ է Թուրքիայի դեմ, որն Ալիեւին մղում է ռազմական արկածախնդրության:
 
1in.am-ը գրում է. 
Մնացականյան-Մամեդյարով տեսահանդիպումից հետո, որ հունիսի 30-ին տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, համանախագահները տարածել են համատեղ հայտարարություն: Այն խոշոր հաշվով նրանց բնորոշ հայտարարությունների ստանդարտի մեջ է, թեև շատ կարևոր է հերթական ամրագրումը, որը բավականին հստակ է՝ արցախյան հարցի ռազմական լուծում գոյություն չունի:
Հաշվի առնելով այն, որ ռազմական լուծման մասին խոսում է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Իլհամ Ալիևն է՝ իհարկե, իր շրջանակի մի քանի պաշտոնյաներով հանդերձ, համանախագահները փաստացի հայտարարությունն ուղղում են Ալիևին՝ պատերազմով հարց լուծելու մասին նրա խոսակցությունները կտրված են իրականությունից, որովհետև Ալիևը դրանով չի կարող Արցախի հարց լուծել: Այսինքն՝ ասել կուզի, որ Ալիևը կստանա ընդամենը նոր հարց կամ հարցեր:
Ընդ որում, այդ տողատակի տիրույթում է թերևս թավշյա հեղափոխությունից հետո նաև Հայաստանի պաշտպանության նախարարի շուրթերով Երևանի բարձրաձայնած պաշտպանական նոր ռազմավարությունը՝ եթե նոր պատերազմ, ապա նոր տարածքներ: Մեծ հաշվով, կամա թե ակամա, Մինսկի խմբի համանախագահները հենց դա են արձանագրում՝ արձանագրելով, որ արցախյան հարցը չունի ռազմական լուծում:
Այսինքն՝ եթե ռազմական լուծման մասին խոսում է միայն մի կողմ՝ հայտարարելով, որ եթե դիվանագիտական ջանքերը չտան արդյունք, ինքը հարցը կլուծի պատերազմով և ունի դրա հնարավորությունը, ապա ստացվում է, որ ռազմական լուծման բացառման մասին համանախագահների հայտարարությունը այլ բան չէ, քան այդ մարդուն ուղղված զգուշացում՝ որ նա չի կարող այդպես լուծել որևէ հարց, հետևաբար կստանա նոր հարցեր: Որովհետև պատերազմը Ալիևի համար, այսպես ասած, վերջին փամփուշտ է, և եթե այն կրակվում է ապարդյուն՝ իսկ համանախագահները զգուշացնում են հենց դա, ապա Ալիևին այլևս չի մնում փամփուշտ, այսպես ասած, պատիվը փրկելու համար: Իսկ Ալիևի համար գլխավորը իհարկե հենց այդ հարցն է, ոչ թե Արցախի, որովհետև նա իհարկե ամենից լավ գիտի, որ հարցը չունի ռազմական լուծում: Հակառակ դեպքում նա այդ լուծմանը գնացել էր վաղուց, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմին էլ կանգ չէր առել հաստատ:
Այդ իմաստով արցախյան գործընթացում գլխավոր խնդիրը խոշոր հաշվով դարձել է Ալիևի «պատիվը»: Այդ հարցի լուծումն է, որ պետք է գտնեն և փորձում են գտնել համանախագահները: Մյուս կողմից՝ Ալիևն էլ գործնականում ծանր ընտրության առաջ է՝ կորցնե՞լ պատիվը նոր տարածքների կորստի հետ մեկտեղ, թե՞ փրկել պատիվը՝ արդեն իսկ կորցրածի հետ համակերպվելու գնով:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների, այսպես կոչված, համատեղ գործողությունների ծրագիրը հանգեց դատախազություն ինչ-որ փաստաթուղթ ներկայացնելուն: Մինչդեռ այդ կուսակցությունները ընդամենը երկու շաբաթ առաջ առանձին-առանձին խոսում էին կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին:
Կառավարության հրաժարականի պահանջը օրակարգից անհետացել է»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի որոշմամբ՝ մարզում մահվան դեպքերի նկատմամբ մշտական հսկողություն իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Մարզպետի որոշմամբ՝ փոփոխվել է հանձնաժողովի կազմը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզի առողջապահական ընկերություններում արձանագրված հիվանդանոցային մահերի կլինիկական և ախտաբանաանատոմիական ախտորոշումների տարամիտման դեպքում հանձնաժողովը պետք է կազմակերպի քննարկումներ և ներկայացնի հաշվետվություն:
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Դա ստեղծված է եղել, ուղղակի իմ որոշումով կազմն է փոփոխվել, քանի որ նոր աշխատողներ են: Դա պարտադիր հանձնաժողով է և բոլոր մարզերում կա, գործում է»:
Մարզպետի խոսքով՝ մահվան դեպքերի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը կապ չունի կորոնավիրուսի հետ: Հարցին՝ հանձնաժողովի կողմից հսկողությունն ինչ տեսքով է, մարզպետն արձագանքեց՝ նշելով, որ չի կարող դրա մասին մանրամասն ասել: Այնուամենայնիվ, դարձյալ մարզպետից հետաքրքրվեցինք՝ արդյոք հանձնաժողովը ստեղծված է մահվան կասկածելի դեպքերն ուսումնասիրելու համար: Մեր հարցին ի պատասխան՝ Ղուկասյանն անկեղծացավ. «Դեպք չի եղել, որ ուսումնասիրենք, դրա համար չեմ կարող մանրամասն ասել, թե որ դեպքերում է պետք ուսումնասիրություն անցկացնել»: Պարզվում է՝ հանձնաժողովը կա, ուսումնասիրության առարկան ևս, բայց ուսումնասիրող չկա»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև իշխանությունը հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամն այլևս հաղթահարված է, սակայն ՍԴ դիրքերը ոչ մի կերպ լքել չցանկացողները որոշել են իշխանություններին ցույց տալ, թե որն է իրական ճգնաժամը։
ՍԴ երեկ նշանակված աշխատակարգային նիստը չի կայացել, քանի որ քվորում չի ապահովվել։ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը արձակուրդում են։ Եվ չնայած նրանց բացակայությամբ էլ նիստը կարող էր կայանալ ՍԴ 6 դատավորների մասնակցությամբ, սակայն նրանցից մի քանիսը ևս բացակայել են։ Նիստին ներկա են եղել միայն Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Արման Դիլանյանը, ինչպես նաև առաջին անգամ՝ Վահե Գրիգորյանը։
Մեզ հասած տեղեկություններով՝ ՍԴ որոշ անդամներ որոշել են նման կերպ՝ նիստերին չմասնակցելով տապալել ՍԴ աշխատանքը ու ցույց տալ, թե որն է իրական ճգնաժամը։ Հրայր Թովմասյանի ու Արևիկ Պետրոսյանի հրատապ արձակուրդ մեկնելը ևս ճգնաժամ ստեղծելու պլանի մաս է։ Այս վիճակը թերևս կշարունակվի մինչև ՍԴ դատարանակազմության ավարտը»։
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Ո՞րն է Մգեռ Արմենիայի՝ վերջին շրջանում հակաիշխանական պահվածքի պատճառը:
Վերջերս նա զրկվել է պետական վերջին լծակից: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, դաշնակահանրապետական որջին վերջ տալու համար, միավորել է Մշակույթի եւ Ջազի քոլեջները, որոնցից մեկում Մգեռ Արմենիան խորհրդի նախագահն էր:
Նա զրկվում է այստեղի իր լծակ բներից, այդ թվում՝ կաբինետից, որն ըստ որոշ տեղեկությունների, սարքել էր սանհանգույցի փոխարեն: Հիմա է պարզ դառնում նրա վերջին ակտիվության պատճառը»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ վարչապետը «խարեբ առ խարեբ» արմատախիլ է անում քրեական ենթամշակույթը, Աջափնյակի թաղապետարանում այդ երևույթը կարծես վերելք է ապրում։
Նախ մտնելով վարչական շենք՝ այցելուին դիմավորում է բազմաթիվ դաջվածքներով «ճշտով աբրած» ինչ-որ անձնավորություն, որը ճշտում է այցելության նպատակը։ Թաղապետարանում գործածվող շատ տերմիններ ևս վերափոխվել են ենթամշակութայինի, օրինակ՝ այցելուների հերթերը կոչվում են «կիլդիմ»։
Վարչական շրջանի բնակիչները տարակուսած են նաև, թե ինչո՞ւ է Նուբարաշենի բնակիչ թաղապետը 2 տեղակալ բերել Վարդենիսից, այն էլ «Սերժի մնացորդ»՝ նախկին երկարամյա բնակկոմունալի պետ և նախկին փոխքաղաքապետ Գևորգ Բադեյանին ու Կարեն Մկրտչյանին»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.հ «2019 թ. ապրիլի 2-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանի առաջարկին՝ ծխախոտ արտադրող ընկերությունների կողմից սոցիալական, առողջապահական որևէ ծրագիր ֆինանսավորելու վերաբերյալ, և հայտարարել, որ դա անթույլատրելի է համարում: «Ցանկացած առողջապահական հարց լուծող կազմակերպություն՝ լինի պետական, թե մասնավոր, չպետք է համագործակցի որևէ ծխախոտային ընկերության հետ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական առումով», -նշել էր նա։
Այս հայտարարության ֆոնին հետաքրքիր էր արձանագրել, որ այս տարվա մարտի 26-ին «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումների աջակցության գանձապետական հաշվին է փոխանցել 100 միլիոն ՀՀ դրամ՝ վարակի տարածումը կանխելու և բուժաշխատողներին աջակցելու նպատակով: Եվ հայտնի է, որ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում է նաև «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը զբաղվում է ծխախոտի արտադրությամբ և վաճառքով:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 24-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ հասկանալու համար՝ ինչպես է նախարար Թորոսյանը համաձայնել այս պարագայում աջակցություն ստանալ ծխախոտային ընկերությունից, արդյոք այս դեպքը թուլատրելի է համարել: Եվ, ահա, երեկ՝ հունիսի 29-ին, նախարարությունից պարզաբանեցին, թե հավաքագրված դրամական միջոցներն Առողջապահության նախարարությանը վերաբաշխվում են կառավարության որոշումների հիման վրա: Ստացվում է՝ նախարար Թորոսյանն ամեն դեպքում իր վրայից փորձեց գցել պատասխանատվությունը, ինչից ստացվում է, որ ծխախոտային ընկերություններից պետք եղած ժամանակ օգնություն ստանալը ոչ թե անթույլատրելի է, այլ նաև խրախուսելի։ Համաձայնեք՝ «սկզբունքային» տեսակետ է»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 22-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գրությամբ դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Նա ներկայացրել է հիմնավորումներ այն մասին, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։ Ինչպես հայտնի է, 2019թ. սեպտեմբերի 6-ին Արման Բաբաջանյանը հայտնել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու և անկախ պատգամավոր դառնալու մասին, և, ահա, Էդմոն Մարուքյանն իր դիմումով պահանջում է այդ մեկ մանդատը վերադարձնել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես է վերաբերվում խմբակցության կողմից ներկայացված դիմումին: «Այն չափազանց խոցելի է, որովհետև դուրս գալով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ ես չեմ անդամակցել, ասենք, իշխող խմբակցությանը, ինչի արդյունքում կարող էր խախտվել ուժերի հարաբերակցությունը։ Այնպես որ, այդ առումով ևս «Լուսավոր Հայաստանի» դիմումը խիստ խնդրահարույց է։ Թող դիմեն, ում ցանկանում են, և որքան ցանկանում են», – նշեց նա: Մենք նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք պատրաստ է վերադարձնել իր մանդատը: «Ես մանդատից կհրաժարվեմ այն նույն պահին, երբ կզգամ կամ կհամարեմ, որ տապալել եմ աշխատանքը, կամ որ այլևս չեմ կարող ոչինչ փոխել։ Հիմա ես ամենևին այդպես չեմ մտածում»»:
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Հիշո՞ւմ եք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման սկզբնական շրջանում ամեն ինչ անում էին, որպեսզի փակեն ատոմակայանը։ Իսկ ատոմակայանը ոչ միայն էներգետիկ, այլեւ ֆիզիկական անվտանգության հարց է մեզ համար. ատոմակայանի առկայությունը զսպում է Թուրքիային,
Ադրբեջանին, որ լայնածավալ գործողությունների չգնան Հայաստանի նկատմամբ` հազար ու մի պատճառով, որովհետեւ եթե ատոմակայանին մի բան լինի, տարածաշրջանը դառնում է «աղետի գոտի»` Չեռնոբիլ, որից իրենք էլ են տուժելու։
Այն օրերին ատոմակայանը փակվեց, հետագայում մերոնք հասկացան, որ անհնար է առանց ատոմակայանի։ Ռուսաստանը նույնպես շահագրգիռ էր այդ հարցում, Հայաստանը պայմանագիր կնքեց Ռուսաստանի եւ «Ռոսատոմի» հետ՝ վերջինս վերանորոգման աշխատանքները ստանձնեց, վարկ տրամադրեցին, հիմա մերոնք հրաժարվել են ռուսական վարկից։
Տարածքային կառավարման նախարարն ասաց` մենք մեր ներքին ռեսուրսներով ենք դա ֆինանսավորելու, մի քանի օր հետո ֆինանսների նախարարն ԱԺ-ում հայտարարեց` մենք միջազգային կառույցներից ենք ներգրավելու այդ միջոցները, ու դեռ ձեն-ձուն չկա»,- ասաց էներգետիկ խնդիրներով փորձագետը:
Չե՞ն ներգրավել միջոցները։ «Պաշտոնական հայտարարություն չկա, ընդ որում, անգամ եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ գումարը գտնվել է, վերանորոգման աշխատանքները կարող է կատարել միայն «Ռոսատոմը»․ գեներատորը ռուսական է: Նիկոլը գնաց վարկի մերժմանը, որպեսզի եւս մեկ շտրիխով Հայաստանը, ինչպես Ախուրյանի կամրջի կառուցման եւ ռուսական հեռուստաընկերությունների դեպքում, դուրս գա ռուսական ազդեցության դաշտից»:
Ի՞նչ է սպասվում։ «Ինչ-որ մի փուլում ատոմակայանը կկանգնի փակման վտանգի առջեւ, իսկ այն արտադրում է մեր երկրի հոսանքի 40 տոկոսը, ու մենք կրկին կհայտնվենք հովհարային անջատումների էրայում»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն