Կսուբսիդավորվեն թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցները


Կսուբսիդավորվեն թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցները

  • 02-07-2020 15:57:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում փոփոխություն է կատարել Հայաստանի հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում:
Ներկայացնելով սուբսիդավորման պայմանները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է. «Այս լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային և շարժական սպանդանոցների ֆինանսավորումը: Մենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ շարունակական մոնիթորինգ ենք իրականացնում` պարզելու, թե որքանով են հասանելի Հայաստանի տարածքում արդեն առկա սպանդանոցները, որովհետև ծառայությունների հասանելիությունը մշտապես եղել է մեզ համար ամենակարևոր գործոնը, և որոշակի ժամանակահատվածում քարտեզագրել ենք, թե ՀՀ տարածքում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որպեսզի յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական, խելամիտ սահմաններում: Մենք որպես չափանիշ ընտրել էինք 30 կմ հեռավորությունը: Սպանդանոցից հայտնել են, որ այդ հեռավորության դեպքում կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»:
Նախարարը հավելել է, որ այս պահին հանրապետությունում գործում է 23 սպանդանոց, առաջիկայում շահագործման կհանձնվի ևս 36–ը, սակայն պարզվում է, որ կան  համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում այդ սպանդանոցներին:
«Մեր առաջարկի բովանդակությունը հետևյալն է. այնտեղ, որտեղ դեռևս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որևէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20% կանխավճարի 15 տոկոսային կետը, բայց ոչ ավելի, քան 4,8 մլն դրամ, սուբսիդիա ենք հատկացնում», - նշել է նախարարը։ 
Ընդգծելով, որ ներկա պահին պահանջվում է ևս 14 կետերում սպանդանոցներ կառուցել, նախարարը մատնանշել է այն վայրերը, որտեղ տեղակայվող սպանդանոցները կստանան նախատեսվող պետական աջակցությունը՝ Սյունիքում 3 կետ, Գեղարքունիքում՝ 1, Արարատում, Լոռիում և Արագածոտնում՝ 2-ական կետ և Շիրակում՝ 4 կետ:
«Հույս ունեմ, որ այս աջակցությամբ մենք կարագացնենք այն վայրերում սպանդանոցների հասանելիությունը, որոնք դեռևս բավականաչափ հասանելի ծառայություններ չեն ապահովում», - ամփոփել է իր խոսքը Տիգրան Խաչատրյանը։
Պետական օժանդակությունից օգտվելու համար հայտերն ընդունվում են Էկոնոմիկայի նախարարության secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեով։
Դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ նախարարության կայքում, հետևյալ հղումով`  http://mineconomy.am/media/11637/hayt-spandanoc.docx ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play