Նոր պատերազմ․ Արսեն Թորոսյանի ուշագրավ հայտարարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



02-07-2020 17:55:25   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Lragir.am-ը գրում է․
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում տեղեկություն է հայտնել աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման գործընթացի մասին: Նա ասել է, որ կա մոտ 100 տարբերակ, որից 20-նն են առավել հավանական տարբերակներ: Թորոսյանն ասել է, որ արդեն բանակցում են տարբեր մշակողների հետ: Նա ասել է, որ անձամբ է վարում բանակցությունը, տալով Մոդերնա ընկերության անունը: Այդ ընկերությունն առաջինն էր սկսել փորձարկումները, մարտի 16-ին: Ընկերության հիմնադիրը մեր հայրենակից Նուբար Աֆեյանն է: Արսեն Թորոսյանը նշել է նաեւ, որ բանակցում են այլ պատվաստանյութերի համար էլ, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Յունիսեֆի պլատֆորմներում են:
Նա նշել է մի հանգամանք, որ կարող են լինել երկրներ, որոնք կգնեն խոշոր խմբաքանակ, եւ այդպիսով այլ երկրների պատվաստանյութը հասնի շատ ավելի ուշ:
Ակնառու է, որ կորոնավիրուսի համավարակը աստիճանաբար մոտենում է պատվաստանյութի «պատերազմի» փուլին, եթե վաղուց արդեն այդ փուլում չէ:
Խոսքն այն մասին է, որ տարբեր երկրներ եւ կազմակերպություններ պատվաստանյութի համար ծախսում են միլիարդավոր դոլարներ: Ըստ այդմ, առկա է այդ դոլարների «հետգնման» խնդիր, որովհետեւ կլինեն իհարկե պատվաստանյութի բարեգործական հատկացումներ, սակայն դա փող արժե, եւ այդ փողը պետք է ինչ որ տեղից վերադառնա: Ընդ որում, վերադառնա կամ փողի, կամ գուցե այլ, այդ թվում տարբեր տնտեսա-քաղաքական էֆեկտների տեսքով:
Իր հերթին, կա մեկ այլ հարց: Բանն այն է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշխարհում տեղի է ունենում երկու գործընթաց՝ պատվաստանյութի մշակում եւ «բնական իմունիզացիա»: Երկու այդ գործընթացները խոշոր հաշվով հակոտնյա են, որովհետեւ եթե բնական իմունիզացիայի ընթացքն արդյունավետ լինի, կնվազի պատվաստանյութի «պահանջարկը»: Իհարկե, բարդ է ասել, թե ինչպիսին կլինի «բնական իմունիզացիայի» համաշխարհային դինամիկան եւ մասշտաբը՝ մինչ կհասնեն պատվաստանյութերը, այդուհանդերձ ինչքան մեծ լինի իմունիզացիայի աստիճանն ու մասշտաբը, այնքան կնվազի վարակային լարումը եւ դինամիկան, ու ըստ այդմ՝ պատվաստանյութի սպասումը հանրության, անհատների մակարդակով:
Իսկ այստեղ հարց կառաջանա՝ պատվաստանյութը պարտադրվելու՞ է բոլորին, ինչպես օրինակ դիմակը, թե՞ դա կլինի մարդու իրավունքի եւ ազատության կոպիտ ոտնահարում: Ըստ այդմ, արդյոք պարտադրանքի այդ հնարավոր դժվարությունը ենթադրում է, որ անկախ պանդեմիայի իրական ծավալից եւ վտանգից, առաջանալու է ինֆոդեմիայի պահպանման անհրաժեշտություն՝ պատվաստանյութերի հանդեպ համաշխարհային հանրային սպասումը բարձր մակարդակի վրա պահելու համար:
Այլ կերպ ասած, արդյոք համաշխարհային տեղեկատվական մրջավայրում չի ձեւավորվելու այսպես ասած կառավարվող տրենդ, որի նպատակն է լինելու փոխկապակցել պատվասատանյութն ու նորմալ կյանքը:
Դրան զուգահեռ էլ կարող է ընթանալ արդեն պայքարը շուկայի համար:
Այդ ամենի վերաբերյալ հարցադրումներն էլ կշարունակեն կնքվել իբրեւ «կոնսպիրոլոգիա», աստիճանաբար բերելով մի վիճակի, երբ այդօրինակ հարցերն այլեւս չեն դիտվի նորմալ, այդպիսի հարցեր բարձրացնելը կդիտվի մտավոր «բորոտություն»:
 


1in.am-ը գրում է․Գլխավոր դատախազ
ությունը Վճռաբեկ դատարան է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հայտնի վճռի դեմ բողոքը: Եթե բողոքը բավարարվի, ապա Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ: Եթե ոչ, ապա, ըստ էության, ստեղծվում է մի իրավիճակ, երբ կալանքի հարցը վերստին կարող է առաջանալ՝ ըստ տրամաբանության, նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում, որոնք հիմք կտան ասելու, որ Ռոբերտ Քոչարյանը խոչընդոտում է դատաքննությանը: Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի պահվածքը բավականին հետաքրքիր է: Նա, այսպես ասած, քաղաքականապես զգալիորեն պասիվացել է:
Ընդ որում, դա տեղի է ունեցել ոչ թե կալանքի փոփոխման մասին վճռից հետո, այլ դրանից զգալիորեն առաջ:
Հնարավոր է, որ երկրորդ նախագահի համար դա հենց պաշտպանական մարտավարության մաս է՝ քաղաքական ավելորդ աշխուժությամբ ավելորդ խաղաքարտ չտալ մեղադրող կողմին կալանքի անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Իսկ ի՞նչ կլինի այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողնի Վերաքննիչի վճիռը և Ռոբերտ Քոչարյանին թողնի ազատության մեջ: Կփոխվի՞ արդյոք դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վարքագիծը, կանցնի՞ նա աշխույժ քաղաքական գործունեության, թե՞ կշարունակի այն քաղաքական պասիվությունը, որ դրսևորում է արդեն տևական ժամանակ:
Այլ կերպ ասած, Ռոբերտ Քոչարյանի այդ վարքագիծը պայմանավորված է զուտ խափանման միջոցի շուրջ առկա գործընթացի մարտավարական անհրաժեշտությա՞մբ, թե՞ այստեղ կան վարքագիծ պայմանավորող առավել խոր գործոններ, որոնք էլ, ի դեպ, կարող են նաև պայմանավորած լինել խափանման միջոցի փոփոխությունը, որքան էլ այդ իրողությունը դիտարկենք իրավական դաշտի խնդիր: Ինչ խոսք, անմիջապես Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը ինքնին դեռևս չի նշանակում նրա քաղաքական հետաքրքրությունների կամ հավակնության նվազում, քանի որ թիմերը կամ խմբերը, որոնք հավաքագրվել էին նրա նպատակների ծիրում, շարունակում են իրենց գործունեությունը: Մյուս կողմից, սակայն, իհարկե նրա անձնական վարքագիծը, այդուհանդերձ, ունի որոշակի նշանակություն, առնվազն ազդակի իմաստով: Առավել ևս այն համատեքստում, որ այժմ նկատվում է Սերժ Սարգսյանի քաղաքական աշխուժացում: Իսկ այդ հանգամանքը, անշուշտ, հետաքրքրության է արժանի առավելապես արտաքին համապատկերի ֆոնին՝ նկատի ունենալով հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի լիովին հակոտնյա դիրքավորումները՝ Ռուսաստան ու Եվրոպա:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են ներկայացրել հաղորդում՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ՝ կապված խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե ինչ ընթացք կունենա ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացրած դիմումը: Գլխավոր դատա¬խազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Դիմումը քննարկվում է»:
Սակայն պարզվում է՝ դիմումից հետո իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ իրավապահների մոտ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում բուռն քննարկումներ են ընթանում, մասնագետները տարակու¬սած են՝ ինչպես վարվել: Եվ չնայած Աբրահամյանն այլ մանրամասներ չհայտնեց մեզ, այնուամենայնիվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր, ամենայն հավանականությամբ, արդեն հստակություն կլինի, թե ինչ ճակատագրի է արժանանալու երեք ուժերի կողմից ներկայացված դիմումը:
Իրավապահ համակարգում քննարկվում է տարբերակ, որ ՀՀ դատախազությունը երեք ուժերի կողմից ներկայացված դիմումի հետագա ճակատագիրը որոշելու համար այն ուղարկի նախաքննական մարմիններից որևէ մեկին՝ թերևս այն մերժելու
հեռանկարով: Ամեն դեպքում, հետաքրքիր իրավիճակ է»:
 
«Փաստ» թերթը գրում է. «Չնայած Սահմանադրական դատարանի դատավորների հարցում դեռ մեծ անորոշություններ կան, սակայն իշխանություններն ինտենսիվ «քասթինգ» են իրականացնում: Բայց այս հարցում իշխանության ներսում այնքան էլ ամեն ինչ հարթ ու անցնցում չի անցնում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս քննարկումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուների անուն միանգամից ջնջել է իրեն ներկայացված ցուցակից՝ համարելով, որ դրանց մեջ շատ են պոպուլիստներն ու նախկին իշխանությունների հետ ասոցացվող անձինք։
Ցավոք, մեր աղբյուրը չի նշում՝ խոսքը միայն կառավարությա՞ն, թե՞ նաև մյուս երկու ինստիտուտների կողմից ներկայացվելիք թեկնածուների մասին է:
Մեր ունեցած տեղեկության համաձայն, Փաշինյանն անգամ որոշակիորեն ընդդիմացել է իր նախկին գործընկեր Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության առումով, նշել, թե Ջհանգիրյանը բավականին քաղաքականացված է, ՍԴ դատավոր ընտրվելու համար մեծ տարիք ունի, սակայն ավելի ուշ տեղի է տվել, քանի որ, ըստ օդում կախված լուրերի, Գագիկ Վրեժիչի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ի դեպ, մեր աղբյուրը փոխանցել է նաև մի ուշագրավ փաստ, համաձայն որի, Գագիկ Ջհանգիրյանի համար ի սկզբանե այլ աշխատանք է նախատեսած եղել. նախնական քննարկվել է Ջհանգիրյանին եվրոպական երկրներից մեկում դեսպան նշանակելու տարբերակը, սակայն այս թեման, կարծես, «ջրվել» է»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Ռազմական ոստիկանությունում հին բարքերը դեռևս շարունակվում են, քանի որ այդ կառույցը փաստացի ղեկավարում է ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանը, որը պաշտոնանկ արվեց այս տարվա փետրվարին։
Համակարգը դեռևս համալրված է նրա կոռուպցիոն կադրերով, ոչ մի բան չի փոխվել։
ՌՈ «ձևական» պետ, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը շատ թույլ է, ինչն էլ Բաղդասարյանին հնարավորություն է տալիս կառավարել ինչպես նրան, այնպես էլ կառույցը։ Հիշեցնենք, որ մենք դեռևս փետրվարին էինք գրել, որ ՌՈ պետ պետք է նշանակվի Ալեքսանդր Աղաջանյանը, քանի որ նա շատ մտերիմ հարաբերությունների մեջ է Պնախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Դեռևս ձմռանը գրել էինք, որ Ալեքսանդր Աղաջանյանի նշանակմամբ առավելապես շահագրգռված էր հենց Արթուր Բաղդասարյանը, քանի որ միայն Աղաջանյանի նշանակմամբ նրան կհաջողվեր խուսափել հետագա պատասխանատվությունից, ու ինչպես ասում են, կեղտերը ջրի երես դուրս չէին գա, քանի որ Աղաջանյանը անմիջական մասնակցություն էր ունեցել Արթուր Բաղդասարյանի կոռուպցիոն գործունեությանը»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հերթական նախագիծն են ներկայացրել, որը վերաբերում է դատավորներին: Այս անգամ պատգամավորներ Աննա Կոստանյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Արթուր Դավթյանը ներկայացրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մաuին նախագծերի փաթեթը: Այս նախագծերով պատգամավորները ցանկանում են Դատական օրենսգրքում ամրագրել, որ «Դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդող տասներկու ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից»:
Նկատենք, որ այս փոփոխությունը վերաբերելու է բոլոր դատավորներին, և անգամ նախագծի հեղինակներն են որպես հիմնավորում փաստում, որ Սահմանադրական դատարանի դատավորների համար նախատեսված է կենսաթոշակի հաշվարկման կարգ, իսկ, ահա, մյուս դատարանների դատավորների համար նման կարգ նախատեսված չէ, և նրանք նկատում են, որ այսպիսի խտրական մոտեցումը հակասում է Սահմանադրությանը:
Նկատենք, որ դատավորների կենսաթոշակը զգայուն թեմա է։ 2014 թվականին, երբ կառավարությունը ՍԴ անդամների կենսաթոշակը բարձրացրեց մինչև 450-500 հազար դրամ, դատական համակարգում դժգոհություններ եղան՝ խնդրելով ուշադրություն դարձնել այդ անհավասարությանը: Այժմ, փաստորեն, բոլոր դատավորները հավասար կլինեն, այդ թվում՝ երկրի թիվ մեկ դատարանի՝ Սահմանադրական դատարանի դատավորները»։
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Հետին թվով ազնիվ դարձած և Արթուր Վանեցյանի հետ համագործակցելով «անարդարության դեմ ակտիվ գործողություններ անել» ցանկացող նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը լավ կանի պատասխանի, թե, օրինակ, ինչու է դստերը թողել «անարդար» կառավարությունում աշխատել ու օր առաջ նրան չի փրկել այդ միջավայրից։
Եթե նա յուր դստերը չի հորդորել ազատվել ՊԵԿ բաժնի պետի պաշտոնից, ապա մենք կարող ենք ենթադրել, որ նա կա՛մ դստերը թողել է ՊԵԿ-ում որպես հակահեղափոխականների «աչք և ականջ», կա՛մ պարզապես մոռացել է ՊԵԿ բաժնի պետ աղջկան հորդորել հեռանալ Փաշինյանի «ապազգային» կառավարության ստորաբաժանումից»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած հուլիսի 1-ը՝ ՀՀ դատախազության աշխատակցի օրը, պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, չնշվեց այնպիսի մեծ շուքով, ինչպես նախորդ տարիներին, այնուամենայնիվ, համավարակը չխանգարեց, որ ՀՀ գլխավոր դատախազության շատ դատախազներ պարգևատրվեն: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պարգևատրված դատախազները պատահական մարդիկ չեն:
Երեկ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ «Մխիթար Գոշի» մեդալով պարգևատրվել են գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը, գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը և զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը:
Իսկ ովքե՞ր են նրանք. Արսեն Մարտիրոսյանը սերտ հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ և 2019 թվականի օգոստոսի 22-ին ազատվելով Լոռու մարզի դատախազի պաշտոնից՝ նշանակվել է գլխավոր դատախազությունում հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ: Ավելին, նա ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազն է։ «Միխթար Գոշ» մեդալով է պարգևատրվել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը հսկող դատախազ Արմեն Փանոսյանը: Միգուցե «Միխաթ Գոշ» մեդալն էլ տվեցին նրա համար, որ հանձն է առել պատասխանատվության կանչել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Իսկ այդ մեդալով պարգևատրված երրորդ անձը՝ Գուրգեն Հակոբյանը ևս հանդիսանում է Արթուր Դավթյանի մտերիմներից: Ավելին, դատախազությունում տարածված լուրերի համաձայն՝ նրան ևս պատահական չեն պարգևատրել: Իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ Գուրգեն Հակոբյանին ցանկանում են նշանակել ռազմական ոստիկանության պետ: Այստեղ նկատենք, որ ՌՈ ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Աղաջանյանին պաշտոնավարելու համար մնացել է 19 օր, և չի բացառվում, որ փոփոխություններ լինեն»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Արթուր Դավթյանը խորհրդարան են ներկայացրել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագծով առաջարկվում է օրենքում ավելացնել այսպիսի դրույթ. «Ազգային անվտանգության մարմինը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաբանական հարցումը ստանալու պահից տասնօրյա ժամկետում հարցում կատարող փաստաբանին տրամադրել Հայաստանի Հանրապետության սահմանով քաղաքացու մուտքի և ելքի մասին տեղեկությունը, ինչպես նաև պահանջվող այլ տեղեկություններ (փաստաթղթեր), եթե դրանք վերաբերում են ազգային անվտանգության մարմնի իրավասությանը և չեն պարունակում օրենքով պահպանվող գաղտնիք»:
Այս փոփոխությունը կարող է վերաբերել ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա պատգամավորի թեկնածու է գրանցվել չունենալով 5 տարվա մշտական բնակության սահմանադրական ցենզ: Իսկ դա կարող է հաստատվել կամ հերքվել ԱԱԾ կողմից սահմանը հատելու վերաբերյալ տրվող տեղեկանքով»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Մսի վաճառքով զբաղվող անձինք և տնտեսվարողները պնդում են, որ իրենց որևէ մեկը չի զգուշացրել, որ հուլիսի 1-ից իրենք պարտավոր են վաճառել բացառապես սպանդանոցային միս և սովորականի նման շարունակում են վաճառել իրենց կողմից տարբեր անհատներից ձեռք բերված միսը:
Կարծում ենք, որ կառավարությունը պետք է կա՛մ պաշտոնապես կրկին հետաձգի օրենքի գործողության ժամկետը, կա՛մ հետևի, որ այն խստորեն պահպանվի, այլապես այս վիճակը հիշեցնում է ամենաթողություն, ինչն ընդունելի չէ»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2366 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար