Արմեն Սարգսյանի անսպասելի հայտարարությունը. ահա, թե ինչու նա չի ստորագրել փաթեթը


Արմեն Սարգսյանի անսպասելի հայտարարությունը. ահա, թե ինչու նա չի ստորագրել փաթեթը

  • 08-07-2020 13:31:46   | Հայաստան  |  Վերլուծություն

Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 8-ին ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագծի մշակման աշխատանքային հանձնախմբի անդամներին: խոսելով Սահմանադրության փոփոխության կարեւորության մասին, Արմեն Սարգսյանը անդրադարձել է հանգամանքին, որ մինչեւ խորհրդարան հասնելը նախագիծը պետք է ունենա լայն հանրային քննարկում, որպեսզի Սահմանադրությունը ծառայի համընդհանուր զարգացմանն ու լինի համարժեք թե հայկական իրողություններին, թե 21-րդ դարին, որում ապրում է Հայաստանը:
 
Այդ խոսակցության համատեքստում Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ լիազորությունների խնդրին, մասնավորապես խոսելով ներկայիս արդիական թեմայի՝ ՍԴ դատավորների առաջադրման հարցի մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ դատավորների թեկնածուների առաջադրման ներկայիս կարգը ձեւական է, որովհետեւ առաջադրողները երեքն են՝ նախագահ, կառավարություն, ԲԴԽ, սակայն բոլոր թեկնածուներին պետք է ընտրի մեկը՝ խորհրդարանը: Արմեն Սարգսյանը հիշատակել է հետհեղափոխական իրավիճակը, երբ խորհրդարանը թե հին, թե նոր, մերժել է նախագահի առաջադրած թեկնածուների՝ տարբեր պատճառներով: Ըստ Արմեն Սարգսյանի, այդպես կարող է շարունակել անվերջ՝ նախագահը առաջադրի իր սկզբունքների շրջանակում, խորհրդարանը մերժի: Դա կարող է բերել ճգնաժամի, նկատել է Արմեն Սարգսյանը:
 
Ըստ այդմ, նա առաջարկում է, որ դատավորները նշանակվեն՝ երեքին նշանակի խորհրդարանը, երեքին նշանակի ԲԴԽ-ն եւ երեքին նշանակի հանրապետության նախագահը: Հակառակ պարագայում, ըստ Արմեն Սարգսյանի, եթե բոլոր թեկնածուներն անցնում են մեկ կառույցի կամքով, ավելորդ է խոսել հավասարակշռությունների մասին: «Սա իշխանություն չի՝ սա ընդամենը հարգանք է նախագահական ինստիտուտի նկատմամբ և ընդամենը սկզբունքային հարցերի, որոնք որ օրենքներում պետք է լինեն, զսպումների և հավասարակշռության էլեմենտար, պարզ, փոքր կիրառություն», նկատել է Արմեն Սարգսյանը:
 
Նախագահ Սարգսյանը շոշափում է էական խնդիր, եւ միաժամանակ իր փաստացի անսպասելի շեշտադրումներով բացահայտում, թե ինչու է հրաժարվել ստորագրել ՍԴ խնդրի հանգուցալուծմանը վերաբերող օրենքների փաթեթը, որ անցնող օրերին ընդունել էր խորհրդարանը: Արմեն Սարգսյանի խոսքից ակնառու է, որ խնդիրը հարգանքն է, կամ ավելի շուտ անհարգալից վերաբերմունքը, որ խորհրդարանի մեծամասնությունը դրսեւորել է նախագահի նկատմամբ:
 
Բանն այն է, որ այդ օրենքների շարքում է մեկը, որը փոխում է դատավորների առաջադրման հերթականությունը, առաջնայնությունը տալով կառավարությանը: Ինչպես հայտնի է, ներկայումս առաջանում է երեք թափուր տեղ: Առաջինն առաջադրելու իրավունքը հանրապետության նախագահինն է: Խորհրդարանը իր փոփոխությամբ փաստորեն վերցնում է այդ իրավունքը նախագահ Սարգսյանի ձեռքից, պատճառաբանելով, թե դա հակասում է Սահմանադրության ոգուն: Իրականում, հերթականությունն ըստ ամենայնի հակասում է Իմ քայլի քաղաքական նպատակահարմարությանը, ոչ թե Սահմանադրությանը: Դատավորի թեկնածուների առաջադրման հերթականության փոփոխությունը անվստահության եւ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է նախագահ Սարգսյանի հանդեպ այն դեպքում, երբ Սարգսյանը մի քանի առանցքային պահերի՝ սկսած թավշյա հեղափոխության օրերից մինչ այժմ, արձագանքել է քաղաքական իրողություններին եւ խուսափել անել իր լիազորությամբ վերապահված քայլեր, որոնք կարող էին բերել ճգնաժամի եւ խնդիրների առաջ դնել քաղաքական մեծամասնությանը: Ավելին, այդ քայլերի դիմաց Արմեն Սարգսյանն արժանացել է նախկին իշխող համակարգի անմարդկային քննադատությանը:
 
Ահա այդ պայմաններում նա փաստացի ստանում է խորհրդարանի մեծամասնության անհարգալից գործողություն, ինչի մասին էլ Սահմանադրական մշակումների հանձնախմբի անդամների հետ հանդիպմանը բավականին թափանցիկ ձեւով ակնարկում է նախագահ Սարգսյանը:
 
Ներկայումս քննարկվում են ամենաբարդ վարկածներ, թե ինչու նա չի ստորագրել փաթեթը, բայց չի էլ դիմել Սահմանադրական դատարան եւ փաստորեն թողել է, որ 21 օր անց փաթեթը ուժի մեջ մտնի ԱԺ նախագահի հռչակումով: Արմեն Սարգսյանը վարվել է թերեւս պարզ շարժառիթով՝ մարդկային արժանապատվությամբ, որը բավականին կոպիտ ոտնահարել է խորհրդարանի մեծամասնությունը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն