Քոչարյանն ասել է Փաշինյանի գլխավոր խնդիրը. նա ճիշտ է, բայց…

11-07-2020 10:17:23   | Հայաստան  |  Վերլուծություն
Առանց ազգային բյուրոկրատիայի, որը կաշխատի ժամացույցի պես, հաջողություն ունենալ չենք կարող: Այդ միտքն իր համախոների հետ հեռավար զրույցում արտահայտել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նշելով, թե բոլոր հաջողությունների գրավականը ժամացույցի ճշգրտությամբ եւ սահունությամբ աշխատող պետական համակարգ ձեւավորելն է: Ըստ նրա, դա է Հայաստանի գերխնդիրը:
 


Ռոբերտ Քոչարյանն իր գնահատականով միանգամայն իրավացի է, եւ այդ իմաստով դե ֆակտո մատնացույց է անում, թե որն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը: Նրա խոսքով, տպավորություն է, որ վատ աշխատող պետական համակարգը խանգարում է Փաշինյանին: Փաշինյանն ինքը մի շարք առիթներով արձանագրել է այդ խնդրի առկայությունը, իհարկե գուցե տարբեր համատեքստերում:
 
Քոչարյանը բերել է իր օրինակը, նշելով, որ իր կառավարման տարիների հաջողությունը հենց դրանով էր պայմանավորված, որ կարողացել է ձեւավորել այդպես աշխատող համակարգ:
 
Նրա այդ խոսքում կա մեծ ճշմարտություն: Ռոբերտ Քոչարյանը իրապես ձեւավորել էր կայուն եւ սահուն աշխատող համակարգ, գործնականում նոր փուլ բերելով հայաստանյան կառավարող համակարգն ընդհանրապես: Նա քայլ առ քայլ փակեց այդ համակարգի «ռազմա-ֆեոդալական» շրջափուլը, իհարկե դրա փոխարեն ձեւավորելով օլիգարխիկը կամ քրեաօլիգարխիկը: Այդ համակարգը անկասկած առավել «առաջադեմ» էր նախորդի համեմատ, առավել աշխատունակ, նախաձեռնող:
 
Ամբողջ հարցն այն է, որ այդ համակարգը պետական չէր: Այդտեղ է, որ Ռոբերտ Քոչարյանը շեղվում է իրականությունից:
Այդ համակարգը պետական չէ, այլ պարզապես պետական ցուցանակի ներքո էր: Համակարգը, որ ձեւավորեց Ռոբերտ Քոչարյանը, հիմնված էր կոռուպցիոն, ոչ թե պետական կարգի վրա: Խոշոր հաշվով հենց դա էր նաեւ պատճառը, որ բուրգի գագաթին գտնվող առաջին դեմքի փոփոխությունը բերեց էական վայրիվերումների, եւ նույն այդ համակարգը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում աշխատում էր էական «խափանումներով»:
 
Պետական կարգի, այսինքն Սահմանադրության եւ օրենքի շրջանակում գտնվող մոտիվացիաների վրա հիմնված լինելու դեպքում, համակարգը կշարունակեր իր սահուն եւ ժամացույցի ճշգրտությամբ աշխատանքը, ինչը հատկապես կարեւոր էր լինելու 2008-09-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում: Բայց, փոխվել էր առաջին դեմքը, փոխվել էին ներքին պարտավորություններն ու պայմանավորվածությունները, այդ թվում՝ արտաքին տիրույթների հետ, ըստ այդմ փոխվում էր կապիտալի վարքագիծը, ու երերում էր միավորող հիմքը՝ կոռուպցիոն շահը: Որովհետեւ այն կայուն է, եթե կայուն է քաղաքական
իշխանություն-կապիտալ հարաբերակցությունը: Ի վերջո, չգտնելով այդ խնդիրների լուծման հիմնարար միջոց, միաժամանակ հայտնվելով աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ կոնյուկտուրայի պայմաններում, համակարգը սպառվեց, ներքին հակասությունները խորացան, ինչը դարձավ թավշյա հեղափոխության հնարավորության հիմնարար նշանակություն ունեցող գործոններից:
 
Նիկոլ Փաշինյանը, ներկայումս արձանագրելով այն խնդիրը, որի մասին խոսում է Ռոբերտ Քոչարյանը, փորձում է անել առանցքայինը՝ կազմավորել պետական համակարգ, որը կառուցված է պետական կարգի վրա, ոչ թե պետական ցուցանակի հետեւում: Փաշինյանը փորձում է ձեւավորել համակարգ, որն աշխատում է ոչ թե կոռուպցիոն, ստվերային, այլ օրինական, իրավական մոտիվացիաների վրա:
 
Դա էական նշանակություն է ունենալու ապագայի համար, որովհետեւ ինքնին աշխատող համակարգը խիստ անբավարար է, կարեւոր է, թե ինչ մոտիվացիայի վրա է կառուցված եւ վարժված այդ համակարգը: Դրանից է կախված, թե այն որքան է դիմադրունակ քաղաքական քամիներին, ըստ այդմ որքան է հուսալի ու կառավարելի հանրության, պետության շահի շրջանակում:
 
Դա չափազանց բարդ գործ է, որովհետեւ Փաշինյանն այդ հարցում ունի նաեւ այլ ոչ պակաս կարեւոր քաղաքական խնդիրներ, օրինակ ապահովել այդ անցումը, թույլ չտալով տնտեսական եւ քաղաքական, անվտանգային խոշոր անկումներ կամ վայրիվերումներ՝ բարդ աշխարհաքաղաքական միջավայրում: Եվ այդ խնդիրը նա ստիպված է լուծել ինստիտուցիոնալ առումով քայքայված հասարակական եւ պետական միջավայրում, նաեւ խոշոր կապիտալի ուղղակի, թե անուղղակի գործադրմամբ ծավալվող ճնշման պայմաններում, որ գալիս է հենց նույն նախկին կառավարող համակարգի տարբեր շրջանակներից, նաեւ արտաքին որոշակի միջավայրից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1181 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար