Պարտադիր կողմնորոշումներ.Շահան Գանտահարյան


Պարտադիր կողմնորոշումներ.Շահան Գանտահարյան

  • 11-07-2020 10:36:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Համաշխարհային առումով թվում է, որ տնտեսական պատերազմը Վաշինգտոն-Պեկին հարաբերակցությամբ է ընթանում: Տնտեսական բեւեռի վերածված  Չինաստանը բոլոր ոլորտներում ազգային տնտեսություն կայացրած պետություն է, որն արտահանման հսկայական տարածականություն է գրավել: 
 
Փոխվող աշխարհակարգում կենսաբանությունը գերակա ուղղություն է հայտնապես: Ոչ անպայման բնապահպանության դասական ընկալումով հատկանշվող քաղաքական ուժերի առաջընթացի իմաստով, այլ հատկապես վարակաբանական շեշտադրումներով:
 
Թագավարակի ստեղծած համաշխարհային իրավիճակը հուշում է, որ աշխարհը դեռ պատրաստ չէ պայքարելու կերպարանափոխվող կամ բոլորվին նոր վարակների դեմ: 
 
Արձանագրվեց փաստ, որ առաջին հերթին եւ ամենից շատ ախտահարված աշխարհագրական միջավայրը` Չինաստանին ամենից ազդու եւ ամենից արագ ու արդյունավետ ձեւերով հաջողվեց հաղթահարել ընդհանուր իրավիճակը: Հետագա միտումները նկատի ունենալով ուրեմն, կենսաբանական զենքերի կամ հակազենքերի, վարակների եւ հակավարակային գործողությունների բախվող գործընթացներում Չինաստանը պիտի շարունակի գրավել առաջին հորիզոնական դիրքերը: 
Կերպարանափոխվող համաշխարհայնացման  նախադրյալներն արդեն պարզվել են: Երեւույթը ինքնին համաշխարհային է: Կենսաբանականն ու տնտեսականը համախառն են եւ ընթանում են անքակտելիորեն միահյուսված տեսքով: 
Չինաստանը փորձում է իր առաջատար դիրքերը պահել այս համախառն կացությունում, թե՛ կենսաբանական վտանգները հաղթահարելու կազմակերպվածությամբ եւ թե՛ տնտեսական ցուցանիշերի պահպանմամբ: 
 
Մյուս բեւեռին, տարբեր հանգամանքներով, մինչ այժմ չի հաջողվում վերահսկելի դարձնել իրավիճակը: Կենտրոնական եւ նահանգային իշխանությունների միջեւ քաղաքական հակասությունները միատեսակ քաղաքականություն չեն կարողանում ճշտել վարակի դեմ հայտարարված պայքարի նկատմամբ եւ վերաբացման փորձերին արագորեն հետեւում են վերափակումները: 
 
Շարունակելով համախառնի տրամաբանությունը, պարզ է, որ ազդվում է նաեւ տնտեսությունը: Եթե Չինաստանը շարունակում է իր արտահանումների հաղթարշավը, ապա ««Նախ Ամերիկա» կարգախոսը չի սահմանափակվում ընտրական դաշտում եւ տարբեր ուղղություններով ամփոփվում է ներամերիկյան շրջագծերում։ 
Կենսաբանական-տնտեսականի համախառն ընթացքը անշուշտ կստանա քաղաքական տարողություն: Տնտեսական թափանցումներն ու նահանջները տեսականորեն իրենց հերթին առաջացնում են կամ չեզոքացնում ազդեցության գոտիներ: 
 
Ընդհանուր այս տեսության մեջ յուրահատուկ պարագա է Լիբանանը: Քաղաքական դրդապատճառներով երկիրը ֆինանսատնտեսական պաշարման տակ է: Համաշխարհային բանկը, Միջազգային դրամական ֆոնդը չհայտարարված քաղաքական պատճառներով կաթվածահարում են Լիբանանի բանկային համակարգը: Մինչ գահավիժվում է երկրի տնտեսությունը: Այստեղ, համավարակի վերահսկելիությունն ու տնտեսական գահաժիջումը նույն ուղղություններով չեն ընթանում, ի տարբերություն չինական օրինակի:  
 
Արծարծվում է կողմնորոշման խնդիրը: Եթե Արեւմուտքը պաշարման է ենթարկում Լիբանանը, քննել կարելիությունները` հարելու դեպի Արեւելք: Արեւելք նշանակում է ածանցվել Չինաստան-Իրան-Ռուսաստան առանցքին: 
Իրանի նկատմամբ կիրառվում է մեկուսացման քաղաքականություն. ՌԴ-ն որոշ առումներով շարունակում է կրել պատժամիջոցների հետեւանքները, իսկ Չինաստանը  արդեն տնտեսական համաշխարհային պատերազմի բեւեռն է: 
Պարզ չէ ընտրությունը. Եւ անշուշտ չի կարելի ասել, որ միանգամայն նոր կողմնորոշում որդեգրելով լիբանանյան տնտեսությունը կսկսի շնչել: Հայացքները դեպի տարբեր ուղղություն շրջելու անմիջականության առջեւ է երկիրը: Արեւմտականացած, ազատ շուկայական ու բաց առեւտրի դրությունիցն դեպի տնտեսական սահմանափակ նոր գործընկերների անցումը անշուշտ հեզասահ չի լինում: 
 
Ներլիբանանյան համաձայնություն չկա կողմնորոշման պարտադիր փոփոխության շուրջ: Առ այս պահը չեն երեւում նախադրյալներ այլընտրանքային ուղիներ որդեգրելով իրավիճակի ծանրությունը հանգրվանային ձեւով թեթեւացնելու առումով: 
 
Բեւեռների պայքարը պիտի շարունակվի: Լիբանանում, գործող կառավարության շուրջ համախմբվելն է առաջին հերթին, որը կարող է առաջնորդել, սկսելու համար, թեթեւացնել այն ծանր հարվածների ազդեցությունը, որին ենթարկվում է երկիրը: 
 
Այս բոլորից հետո, քննարկել այլընտրանքային ուղիների որդեգրման հավասարակշիռ մոտեցումները` պաշարման հետեւանքներին եւ պարտադիր նոր կողմնորոշմամբ պայմանավորված կարելիությունների միջեւ:
Համաշխարհային տնտեսական բեւեռացումը կողմնորոշման պարտադիր ընտրանքների կացության առջեւ կանգնեցնելու է տարբեր երկրների։ Գտնվում ենք անցումային հանգրվանում՝ դեպի տնտեսական համաշխարհային պատերազմ։
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play