Ժամանակն է՝ վերաբացել դպրոցները


Ժամանակն է՝ վերաբացել դպրոցները

  • 15-07-2020 11:02:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի տեսակետը
 
Երբ կորոնավիրուսային համավարակը սկսեց կայծակնային արագությամբ տարածվել Երկիր մոլորակի վրա, աշխարհը դեռ շատ բան չգիտեր երեխաների վրա հիվանդության ներգործության մասին: Կարո՞ղ են երեխաները հիվանդանալ: Նրանք կարո՞ղ են արդյոք փոխանցել վիրուսը: Դպրոցները որքանո՞վ են անվտանգ:
 
Այդ ժամանակից ի վեր մենք բավականին շատ բան ենք իմացել: Մենք իմացել ենք, որ երեխաները համավարակի տարածման հիմնական գործոնը չեն:
 
Միևնույն ժամանակ, մենք գիտենք, որ դպրոց չհաճախելը կարող է ծանրագույն ազդեցություն ունենալ երեխաների վրա. հոգեկան և ֆիզիկական առողջության խաթարումից մինչև, որոշ դեպքերում, անբավարար սնունդ: Այժմ արդեն պարզ է, որ երեխաների իրավիճակը, ինչպես և աշխարհն ընդհանուր առմամբ, կբարելավվի, եթե դպրոցները վերաբացվեն:
 
Մենք պետք է առաջին հերթին հարց ուղղենք՝ ինչու՞ են բազմաթիվ դպրոցներ ողջ աշխարհում շարունակում փակ մնալ:
 
Ձեռնարկվել են խիստ միջոցներ՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու և աճի կորը դեպի ցած հակելու նպատակով: Շատ դեպքերում դպրոցները եղել են փակվող վայրերից առաջինը, երբեմն անգամ փակվելով ավելի շուտ, քան առևտրային մոլերն, ու ռեստորանները: Ապրիլի դրությամբ 194 երկրներում հայտարարված համապետական լոքդաունի հետևանքով 1,6 միլիարդ երեխա դուրս է մնացել կրթությունից, որը աշխարհի բոլոր սովորողների շուրջ 90%-ն է: Այսօր՝ երկու ամիս անց, թեև բազմաթիվ երկրներ սկսել են մեղմել լոքդաունի պայմանները ոչ կենսական կարևորության ծառայությունների համար, 144 երկրի ավելի քան 1 միլիարդ երեխա դեռևս չի գնում դպրոց: Այս երեխաների տանը մնալու պատճառը ամառային արձակուրդները չեն. նրանք աշակերտներ են, ում կրթությունն ընդհատվել է:
 
Տասնամյակների փորձն ու հետազոտությունները վկայում են, որ երբ երեխաները տևական ժամանակ դուրս են մնում կրթությունից, ավելանում է նրանց ֆիզիկական, հուզական և սեռական բռնության ենթարկվելու հավանականությունը: Նրանց հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ: Նրանք առավել խոցելի են դառնում մանկական աշխատանքի շահագործման առումով, իսկ աղքատության շրջապտույտը հաղթահարելը նրանց համար դառնում է նվազ հավանական: Առավել ծայրահեղ վիճակներում գտնվողների պարագայում դասերը բաց թողնելը, մինչև անգամ մի քանի շաբաթ տևողությամբ, կարող է հանգեցնել ցկյանս հետևանքների:
 
Աղջիկների, հատկապես տեղահանված կամ աղքատ տնային տնտեսություններում ապրողների պարագայում, ռիսկերն է՛լ ավելի բարձր են: Երբ աղջիկները դուրս են մնում կրթությունից, ավելանում է նրանց սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական չարաշահումների ռիսկը:
 
2014-ին Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի բռնկման ժամանակ, օրինակ, դեռահասների շրջանում հղիության ցուցանիշը Սիերա Լեոնեում կրկնապատկվել էր, և բազմաթիվ աղջիկներ ի վիճակի չէին շարունակելու իրենց կրթությունը դպրոցների վերաբացումից հետո:
 
Եվ մենք չենք կարող մոռացության տալ միլիոնավոր երեխաներին, հատկապես գյուղական վայրերում, անապահով ընտանիքներում ապրողներին, հատուկ կարիքներ ունեցողներին, որոնց համար դպրոցը ծառայում է որպես սննդի, սթրեսային վիճակներում աջակցության, առողջապահական և թերապևտիկ ծառայություններ ստանալու հիմնական աղբյուր:
 
Մինչև անգամ նախքան համավարակը, աշխարհն արդեն իսկ գտնվում էր ուսումնական ճգնաժամի մեջ, և Համաշխարհային բանկի տվյալներով, ցածր և միջին եկամտով երկրներում 10-ամյա երեխաների կեսից էլ քիչն էր կարողանում տարրական դպրոցն ավարտելուց հետո կարդալ և հասկանալ պարզունակ պատմվածքներ: Դպրոցների տևական փակումը կարող է հանգեցնել աշակերտների մոտ ուսումնական առաջադիմության անկման, քանի որ, եկեք խոստովանենք, առցանց ուսուցումը փոքրաթիվ արտոնյալներին է հասանելի: Ենթասահարյան Աֆրիկայի երկրների մեծամասնությունում, օրինակ, ինտերնետը հասանելի է բնակչության մեկ քառորդից էլ քիչ հատվածին:
 
Պարզունակ տեխնոլոգիայի այնպիսի տարբերակները, ինչպիսիք են ռադիոյի և հեռուստատեսային դասընթացները և տպագիր նյութերը, միլիոնավոր աշակերտների թույլ են տվել շարունակել, երբեմն նաև սկսել ուսումը, սակայն ոչինչ չի կարող փոխարինել ուսուցիչների և հասակակիցների հետ առերես շփմանը:
 
Քանի որ գնալով ավելի ու ավելի մեծ թվով երկրներ են պատրաստվում մեղմել լոքդաունի պայմանները, այդ երկրները պետք է իրենց վերաբացման ծրագրերում գերակայություն համարեն դպրոցները։ Եվ դա հանուն երեխաների, բայց նաև՝ հանուն տնտեսության:
 
Ծնողները ինչպե՞ս են վերադառնալու աշխատանքի, եթե չկա երեխաներին թողնելու անվտանգ վայր: Երկրների մեծամասնությունում կանայք կազմում են առողջապահական աշխատողների ավելի քան 60%-ը։ Արդյո՞ք նրանց հարկավոր չէ՞ օգնել իրենց երեխաների խնամքի հարցում, քանի դեռ նրանք զբաղված են կյանքեր փրկելով:
 
Մի բան հստակ է. չափազանց կարևոր է դպրոցների փակման ծայրահեղ վնասակար երևույթը հավասարակշռել կորոնավիրուսի տարածումը վերահսկելու անհրաժեշտության հետ: Այո՛, երեխաները ենթարկվում են վարակման ռիսկի, և այո՛, դա սարսափազդու է ծնողների համար: Այդուհանդերձ, երեխաների գերակշիռ մեծամասնության մոտ ի հայտ են գալիս թույլ ախտանշաններ և նրանք արագ են ապաքինվում:
 
Դպրոցները փակ պահելու հետ կապված ռիսկերը գերակշռում են համավարակով պայմանավորված առողջական ռիսկերի նկատմամբ:
 
Կան այդ ամենը անելու ապահով եղանակներ: Դպրոցների գործունեությունը հարկ կլինի համապատասխանեցնել հանրային առողջապահության միջոցառումներին, ինչպես նաև շտկումներ կատարել, երբ նոր տեղեկատվություն է ստացվում ռիսկերի և վարակի փոխանցման վերաբերյալ:
 
Անշուշտ, շատ աշխատանք պետք է տարվի՝ դպրոցներում առողջության պահպանումը բարելավելու ուղղությամբ, և հատկապես՝ ամենաչքավոր համայնքներում: Օրինակ՝ լվացարանների և ձեռքերը լվալու պարագաների ապահովում, շենքերի ախտահանում և ֆիզիկական հեռավորության պահպանում: Այդուհանդերձ, իրողությունն ակներև է. անվտանգության կանոնակարգերում ներդրումներ կատարելը չափազանց օգտավետ է:
 
Դպրոցների գործունեությունը այլևս երբեք առաջվանը չի լինի: Մենք ավելի անվտանգ և բարվոք դպրոցների կարիք ունենք: Մեզ հարկավոր են ուսուցման նորարար մոտեցումներ: Անհրաժեշտ է, որ տեխնոլոգիաները ավելի հասանելի լինեն բոլոր երեխաների համար, որպեսզի վերացվի թվային անջրպետը: Սակայն նաև ժամանակն է՝ երեխաներին վերադարձնել դեպի ուսման արահետ: Ժամանակն է՝ վերաբացել դպրոցները:
 
 
Սյունյակը հրապարակվել է CNN-ի կողմից հունիսի 19-ին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն