Մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել. երևի տեղն է թարմացնելու հարևան երկրի միապետի հիշողությունը


Մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել. երևի տեղն է թարմացնելու հարևան երկրի միապետի հիշողությունը

  • 22-07-2020 12:00:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը  ֆեյսբուքի իր էջում գրել է. 
 
«Երեկ հարևան երկրի միապետը հանդես եկավ հերթական ամպագորգոռ հայտարարությամբ, որում, մասնավորապես, օգտագործեց հետևյալ բառամթերքը. <<...Երբ մենք Հայաստանին հասցրինք կործանիչ հարված, նրանք իսկույն ևեթ վազեցին Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) պաշտպանություն խնդրելու...>> Եզրափակելով՝ նաև հոխորտաց. <<...Կռվիր մեզ հետ դեմ առ դեմ, կտեսնենք, թե ով կհաղթի...>>
 
Դե ինչ, երևի տեղն է թարմացնելու հարևան երկրի միապետի հիշողությունը: Հատուկ նրա համար ասեմ, որ մենք արդեն առիթ ունեցել ենք դեմ առ դեմ հանդիպելու մեծ մարտադաշտում: Խոսքը, մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմի մասին է: Այն պատերազմի, որում հենց ադրբեջանական կողմն է օգտվել թուրքական, չեչենական, աֆղանական և ուկրաինական վարձկանների ծառայություններից, բայց, ինչպես ինքը կասեր, ջախջախիչ հարված ստանալով՝ հետ է շպրտվել: Իհարկե, Իլհամ միապետը չի կարող սա հիշել, և գիտե՞ք ինչու, որովհետև երբ ադրբեջանական <<ամենազոր>> բանակը և վերջինիս աջակցող օտարերկրյա վարձկանները մարտագծի տարբեր հատվածներում ջախջախիչ հարվածներ էին ստանում իրենց դեմ առ դեմ կանգնած Հայոց բանակից, հայր Ալիևի դասալիք որդին Ստամբուլի գիշերային խաղատներում <<ոսկե երիտասարդությանը>> հարիր ժամանակ էր անցկացնում... Եվ միայն հայրենիք վերադարձավ այն ժամանակ, երբ իր հոր խնդրանքով Մոսկվան կանգնեցրեց հայերի հաղթարշավը... Ահա սա է պարոն միապետ պաշտպանություն մուրալու ամենացցուն օրինակը, որն ի դեպ կրկնվեց նաև քո օրոք՝ 2016թ. ապրիլին... Իսկ ինչ վերաբերում է հայերի կողմից <<ՀԱՊԿ-ից պաշպանություն խնդրելու>> մասին քո բարբաջանքին, ապա ամենից լավը դու գիտես, որ դրա անհրաժեշտությունը չկար ու չէր կարող լինել, քանի որ մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել...»։ 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական