Սահմանադրության, հիմնական, 2-րդ հոդվածի լրացման առաջարկ


Սահմանադրության, հիմնական, 2-րդ հոդվածի լրացման առաջարկ

  • 24-07-2020 09:37:58   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
       1. Ինչու է անհրաժեշտ փոխել Սահմանադրության 2-րդ հոդվածը։
Այս հոդվածում առաջարկվում է լրացում կատարել Սահմանադրության 2-րդ հոդվածում, որտեղ ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչպես կարող է ժողովուրդը վերահսկել ժողովրդի անունից կառավարում իրականացնող իշխանությանը։ Սակայն (մտածեք ինքնե՛րդ) չի կարող որևէ մեկն իշխանություն լինել, եթե չկա վերահսկողության մեխանիզմ։ Դա անհեթեթություն է։ Հայտնի է, չկա վերահսկողություն, չկա իշխանություն։  
Սակայն Սահմանադրության մեջ ամրագրված չեն վերահսկողության իրապես աշխատող մեխանիզմներ։ Այնպես որ, այդ տեսքով 2-րդ հոդվածը պարզապես «հիմարացնում է ժողովրդին» և քաղաքականության մեջ հանգեցնում գռեհկության՝ իշխանությունները ժողովրդին միշտ ասում են «ժողովուրդն ընտրել է մեզ և մենք անում ենք այն, ինչ ուզում ենք, եթե դուր չի գալիս այն, ինչ մենք անում ենք, ընտրեք ուրիշներին, ասենք, չորս տարի հետո»: 
Իմ առաջարկը հետևյալն է՝ անհրաժեշտ է 2-րդ հոդվածում ամրագրել իշխանությունների և օրենսդիրների գործողությունները վերահսկելու ժողովրդի լիազորությունների մասին հիշատակումը։ Անհրաժեշտ է նաև նշել (իրապե՛ս աշխատող) ժողովրդի ազդեցության մեխանիզմները և օրենսդրորեն ամրագրել այդ մեխանիզմները։
Միայն այդպես կարելի է իրական բովանդակություն տալ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» պնդմանը։
Այժմ մի փոքր ավելի մանրամասն այդ ամենի մասին։
Մեջբերում ենք Սահմանադրությունը։
       «Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում 
                             իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։»
Չնայած այն հանգամանքին, որ շատերը համարում են այս հոդվածը հաջողված, նրա ձևակերպման մեջ կան մի շարք թերություններ։ Գլխավոր թերությունն այն է, որ հոդվածում չկա հիշատակում ժողովրդի վերահսկողության մասին։ Այնուհետև, որևէ կերպ չի հստակեցվում, թե ինչ բան է «իշխանության յուրացումը»։ Ամեն ոք գիտի, որ Սահմանադրության մեջ ոչ հստակ տերմինների օգտագործումը անթույլատրելի է:
       2. Ինչպես պետք է հասկանալ «իշխանության յուրացումը»։ 
Ուշադրություն դարձրեք։ Գործող Սահմանադրության համաձայն՝ իշխանության բոլոր գործողությունները (և լավ, և վատ) «իշխանության յուրացում» են, հետևաբար՝ «հանցագործություն», եթե ժողովրդին հնարավորություն չի տրվել վերահսկել իշխանության գործողությունները։ Սկզբում այս հայտարարությունը կարող է չափազանցություն կամ նույնիսկ դեմագոգիա թվալ, բայց մտածելով ցանկացած մարդ կարող է համոզվել պնդումների արդարացիության մեջ։
Իրավիճակը պարզաբանելու համար դիտարկենք խորհրդարանի կամ կառավարության ցանկացած նիստ, որտեղ լսում են, ասենք, նախարարների հաշվետվությունները։ Այսօր բոլորի համար պարզ է, որ նախարարները չեն լսում մասնագետների կարծիքները՝ նրանք ոչ միայն քննարկումներ չեն կազմակերպում, այլ պարզապես անտեսում են դրանք։ Այսպիսով, նախարարների գործողությունները հաշվի չեն առնում «ժողովրդի կարծիքը», նրանց որոշումները չեն անցնում փորձաքննություն։ Հետևաբար, ըստ Սահմանադրության, նախարարների գործողությունները «իշխանության յուրացում» են, հետևաբար դրանք «հանցագործություն» են հանդիսանում։ Սակայն և խորհրդարանում, և կառավարությունում նախարարների գործողությունները հավանություն են ստանում անգամ չմտածելով, որ 
այդ գործողությունները հանցագործություն են, քանի որ նրանք հաշվի չեն առնում քննադատությունը (ժողովրդի կարծիքը): Մինչդեռ պարզ է, որ այդ գործողությունները, համապատասխանաբար, նախարարների հաշվետվությունները, առաջին հերթին պարտավոր էին ներառել նրանց գործողությունների քննադատությունը։ Ակնհայտ է, որ հիմարություն է հավանություն տալ որևէ բանի, եթե չի բարձրաձայնվել դրա քննադատությունը։ Ուրեմն ինչպե՞ս Խորհրդարանը կամ Կառավարությունը կարող է վստահ լինել, որ տվյալ նախարարը ճիշտ գործողություններ է կատարել։ Չէ որ այդ գործողությունների քննադատությունը չի՛ հնչել։ Այդ ձևով նախարարը կարող է ցանկացած հիմարություն ներկայացնել, և այդ հիմարությունը հավանության կարժանանա՝ առանց քննադատության ու ոչ ոք չի էլ կնկատի, որ դա հիմարություն է։
Իրականում այս ամենը սարսափելի աղետ է երկրի համար։
Ներկայացնենք կոնկրետ օրինակներ։
Բազմիցս նշել եմ, որ կրթության նախարարի գործողությունները և այլն կործանարար են հայկական էթնոսի համար։ Նույնիսկ ներկայացրել եմ գիտության և կրթության զարգացման այդ պահի միակ ամբողջական տեսլականը (հայեցակարգը)՝ շարադրված յուրաքանչյուր կետի մանրամասն պարզաբանումներով։ Նախարարն ամբողջովին անտեսեց դա։ (Այստեղ ես հարկադրված եմ պարզաբանել, որ միջազգային խոշոր գիտական մրցանակի դափնեկիր եմ, հրավիրված պրոֆեսոր եմ եղել մի շարք երկրներում, իսկ Չինաստանում նույնիսկ «գլխավոր հրավիրյալ պրոֆեսոր»։ Իմ պատկերացումներով նախարարը պարտավոր էր իմ առաջարկներն անտեսելուց առաջ քննարկել դրանք։ Բայց նախարարը հնարավոր է համարում ոչինչ չքննարկել։ Ի՞նչ է դա։ Դա կամ ոչնչով չհիմնավորված ցնորական մեծամտություն է, կամ պարկեշտության կանոնները հասկանալու բացարձակ բացակայություն, կամ պաշտոնական դիրքի բացահայտ չարաշահում)։ Եվ ահա, նախարարն այդ բոլորն անտեսելով հանդես է գալիս հաշվետվություններով որտեղ չկա ոչ մի խոսք այն մասին, որ ինչ-որ մեկը նրա գործողությունները հանցագործություն է համարում։ Արդյունքում նախարարը հավանություն է ստանում, իսկ հետո երկիրը ստիպված է լինելու պատասխան տալ նրա հանցագործությունների համար։ 
Մեկ այլ օրինակ։ Գոհար Ջրբաշյանը խիստ քննադատում էր առողջապահության նախարարի գործողությունները՝ մանրամասն վերլուծելով նրա հանցավոր գործողությունները։ Նախարարն անտեսեց դա։ Կան բազմաթիվ վկայություններ, որ թե քննադատությունը, թե առաջարկությունները անտեսվում են գրեթե ցանկացած ոլորտում։ Արդյունքում նախարարները հավանության են արժանանում, իսկ երկիրը ստիպված է լինելու հետո պատասխան տալ նրանց հանցագործությունների համար։
Ես այստեղ չեմ անդրադառնա «որ ուժերին են ծառայում նման նախարարները» տիպի հարցերին, այլ հարցը կդիտարկեմ Սահմանադրության տեսանկյունից։
Շարադրվածից պետք է պարզ լինի, որ քննադատությունը, ինչպես նաև առաջարկությունները թույլ չտալու կամ սահմանափակելու դեպքում որոշումների ընդունումը «իշխանության յուրացում» է, հետևաբար՝ դատապարտելի արարք (համաձայն Սահմանադրության)։
Այնպես որ, եթե մարդիկ իրական հնարավորություն ունենային իրենց քննադատությունն ու առաջարկություններն իշխանություններին հասցնելու, մենք կունենայինք բոլորովին այլ իրավիճակ, համապատասխանաբար՝ երկիր։ 
Կրկին մենք գալիս ենք իշխանության որոշման վրա ժողովրդի ազդեցության լծակներ ստեղծելու անհրաժեշտությանը՝ այն, ինչ մենք առաջարկել ենք վերևում։
3. Սահմանադրության 2-րդ հոդվածի փոփոխության վերաբերյալ 
կոնկրետ առաջարկներ:
Ստորև ներկայացվում է 2-րդ հոդվածի այլ խմբագրություն: Փոփոխություններն առնչվում են իրական ժողովրդավարական իշխանության հիմնարար խնդրին, ինչպես նաև ունեն խմբագրական բնույթ։
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։
2.1. Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է հանրաքվեների միջոցով,
ազատ ընտրությունների միջոցով Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձանց կազմը ձևավորող, կառավարման բարելավմանն ուղղված քննադատության և առաջարկությունների միջոցով: 
2.2. Իշխանությունները պարտավոր են ամեն կերպ նպաստել ժողովրդից բխող քննադատության ու առաջարկությունների բաց քննարկումներին։
2.3. Իշխանությունները պարտավոր են հնչեցնել քննադատությունն ու առաջարկությունները և հրապարակային հիմնավորել առաջարկների մերժումը։
2.4. Իշխանության յուրացումը, իշխանական լիազորությունների չարաշահումը, մասնավորապես, որևէ կազմակերպության կամ անհատի կողմից քննադատության և առաջարկությունների անտեսումը հանցագործություն են։
Պատկերացրեք մի իրավիճակ, երբ թշնամին նախարարի աթոռին է դնում իր գործակալին՝ որևէ ոլորտ ոչնչացնելու հանձնարարությամբ։ Կամ էլ իրավիճակ, երբ նախարարն ընդունակ չէ ողջամիտ լուծումների։ Ներկայումս ժողովուրդն անօգնական է, նա չի կարող ինչ-որ կերպ ազդել նախարարի որոշումների վրա։
Մտցնելով 2-րդ հոդվածի 2.2. – 2.4 կետերը ժողովուրդը հնարավորություն է ստանում ազդելու նման նախարարի գործողությունների վրա։
Իհարկե, անհրաժեշտ է մանրամասնել, իրական բովանդակությամբ համալրել 2.2-2.4 կետերը: Դրանք կարող են լինել հանրաքվեի մասին ՀՀ Օրենքում փոփոխություններ (որոնք հեշտացնում են հանրաքվեներին հարցեր ներկայացնելը), դրանք կարող են լինել պատգամավորներին հետ կանչելու կարգը հեշտացնող օրենքներ, դրանք կարող են լինել օրենսդրական ակտեր, որոնք իշխանություններին պարտավորեցնում են իրականում հետևել վերը նշված 2.3. կետին։
 
Գրիգոր Բարսեղյան
Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն