Հ․ Այվազովսկու 203-ամյակին ժառանգները պատմում են նախապապի մասին


Հ․ Այվազովսկու 203-ամյակին ժառանգները պատմում են նախապապի մասին

  • 24-07-2020 13:48:44   | Հայաստան  |  Մշակույթ



Հուլիսի 29-ին լրանում է հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 203-ամյակը։
 
Երևանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ»  կենտրոնը հուլիսի 24-29-ը նախաձեռնել է օնլայն միջոցառումների շարք՝ «Այվազովսկու օրեր» խորագրով։ Ծրագրի շրջանակում Թեոդոսիայի Հ․ Այվազովսկու պատկերասրահի և Հայաստանի ազգային պատկերասրահի գործակցությամբ նախատեսվում է վիրտուալ էքսկուրսիաներ, դասախոսություններ, վիկտորինաներ և  ծանոթություն Այվազովսկու ժառանգների հետ։
 
«Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում՝ հայկական ընտանիքում։ Ծովանկարիչը հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն է, նրա արվեստը միավորում է բոլոր ազգերին։ 200 տարի անց  էլ Այվազովսկու անունով անվանակոչվում են օդանավակայաններ, տեղադրվում հուշարձաններ։ Գեղանկարիչը թողել է համաշխարհային մեծ ժառանգություն»,- նշում է Երևանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
 
Հուլիսին Թեոդոսիայում գեղանկարչի պատկերասրահը մարդաշատ է լինում տեղացիներով և զբոսաշրջիկներով։ Հ․ Այվազովսկին Թեոդոսիայի խորհրդանիշն ու այցեքարտն է, քաղաքի բոլոր ցուցանակները տանում են դեպի ծովանկարչի տուն, որն այժմ պատկերասրահ-թանգարանի է վերածվել։ Այս տարի, համավարակով պայմանավորված, «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնը, ստեղծեց հնարավորություն օնլայն ծանոթանալ ծովանկարչի կյանքին, կենսագրությանն ու թողած ժառանգության պատմությունը: Վիրտուալ էքսկուրսիան կվարի պատկերասրահի տնօրենը՝  Տատյանա Գայդուկը։   
 
«Իհարկե, ոչինչ չի փոխարինի գեղանկարչության հետ անմիջական, կենդանի շփմանը, առավել ևս Այվազովսկու աշխատանքների դեպքում, սակայն սա ևս հիանալի առիթ է վայելել գեղանկարչի փառահեղ աշխատանքները»,- նշում է պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը։
 
«Այվազովսկու օրեր» միջոցառումների շրջանակում, Այվազովսկու ժառանգները Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից,  ԱՄՆ-ից  տեսաուղերձներով շնորհավորել են իրենց նախապապի 203-ամյակը և պատմել հետաքրքիր պատմություններ։
Նոյյան տապան  -   Մշակույթ