«Ծիրանի բունտը» խիստ անհանգստացրել է Կրեմլին․ Ռուսահայ համայնքը լուրջ մարտահրավերի առաջ


«Ծիրանի բունտը» խիստ անհանգստացրել է Կրեմլին․ Ռուսահայ համայնքը լուրջ մարտահրավերի առաջ

  • 28-07-2020 10:15:24   | Հայաստան  |  Վերլուծություն

Տավուշի ռազմագործողություններին զուգահեռ Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում, ՌԴ իշխանության ընդգծված թողտվությամբ, ադրբեջանցիները սկսեցին հարձակումներ հայերի ու հայկական սեփականության դեմ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մոսկովյան շուկաները հրաժարվեցին ընդունել հայկական գյուղմթերքը, ի պատասխան որի ռուսահայ համայնքն աննախադեպ միասնություն դրսեւորեց եւ գնեց հայկական մթերքը։
 
Դրանից հետո սկսեցին հարձակումները։ Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ դա համեմատվեց սումբայիթի իրադարձությունների հետ, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նույն համեմատությունն արեց ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Ավելին, դեսպանը նշեց, որ կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնց համեմատ սումգայիթը կարող է անմեղ մի բան թվալ։
 
Համայնքի ներկայացուցիչները դեսպանից փորձում էին հստակ տեղեկություն ստանալ, թե ինչ է կատարվում, արդյոք ՌԴ իշխանությունը քայլեր է ձեռնարկում, թե անհրաժեշտություն կա ինքնակազմակերպվել։ Դեսպանն էլ նման կերպ է պատասխանել նրանց, ասելով, թե պետք չէ տրվել սադրանքների։
 
Ընդհանրապես, աշխարհի տարբեր երկրներում, որտեղ ադրբեջանցիները հարձակումներ են գործում հայերի դեմ, համայնքի ղեկավարները կոչեր են անում չտրվել սադրանքների։ Բայց եթե տարբեր երկրներում գործում է իրավակարգը, եւ նման կոչերը քիչ թե շատ համարժեք են, Ռուսաստանի պարագայում իրավիճակը քիչ ինչ այլ է։ Ընդ որում, այստեղ հայերին կոչ են անում ոչ միայն չտրվել սադրանքի, այլեւ փաստացի վախեցնում են սումգայիթով։
 
Ակնհայտ է, որ ռուսահայերի «ծիրանի բունտը» լրջորեն անհանգստացրել է Կրեմլին, ինչի վկայությունը դրա վերաբերյալ ռուսական պաշտոնական շրջանակների ու դրանց հարող փորձագետների արձագանքներն են։ Ինչպես դիպուկ բնորոշել է հայկական մթերքի իրացման համակարգողներից մեկը, «հայերն այստեղ կոտրված են, համակարգն ամեն ինչ անում է, որ չլինի էդ հայկական ուժը»։
 
Մոսկովյան փողոցներում իրադարձություններն իսկապես հիշեցնում էին սումգայիթը, այդ թվում՝ ՌԴ իշխանության թողտվության մասով։ Այդ «օպերատիվ ժամանակն» ըստ ամենայնի անհրաժեշտ էր հայերին վախեցնելու եւ ամենակարեւորը՝ հայկական ուժի վերելքը կանգնեցնելու համար։ Դրանից հետո գործի դրվեց մոսկովյան «պարիտետային» սկզբունքը, թե երկու վայրենի ժողովուրդ հաշիվներ են մաքրում Ռուսաստանի տարածքում։
 
Պարիտետի այդ սկզբունքը Մոսկվային դրել է երկիմաստ վիճակում՝ մի կողմից թուրքերն իր տարածքը դարձնում են սումգայիթ, մյուս կողմից՝ չի կարելի թույլ տալ հայկական ուժը, հայկական պետականության զարգացումը, որի հարցում թուրքերը եղել են անփոխարինելի գործընկեր։ Մոսկվայի այս երկընտրանքը 100-ամյա ավանդույթով մշտապես լուծվել է հայերի հաշվին, ինչի արդյունքում սումգայիթն արդեն հասել է Մոսկվա։ Թուրքերը հմտորեն են օգտագործում ռուսական քաղաքականության «առանձնահատկությունները»։
 
Ռուսաստանի հայերը պետք է փորձեն լուծել իրենց սուբյեկտության խնդիրը, ինչը անվտանգության հիմնական երաշխիքն է, հատկապես առաջիկա հնարավոր զարգացումների պայմաններում։ Համայնքի օֆիցիոզ կառույցները այս հարցում դժվար թե դեմ գնան պաշտոնական գծին, հայկական ազգանուններով առաջամարտիկները նույն գծի մեջ են, իսկ դեսպանի պահվածքը տարակուսանք է առաջացնում։ Հայաստանի իշխանությունը պետք է աշխատի համայնքի հետ, որն ավանդաբար պատանդի վիճակում է եղել եւ օգտագործվել հայկական պետականության դեմ։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play