Թուրքական սպառնալիք Երևանին․ Ռուս-թուրքական հիմքը ցնցվում է՝ Հայաստանը դուրս է գալիս (Տեսանյութ)


Թուրքական սպառնալիք Երևանին․ Ռուս-թուրքական հիմքը ցնցվում է՝ Հայաստանը դուրս է գալիս (Տեսանյութ)

  • 28-07-2020 17:27:25   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



1in.am-ը գրում է․
Ռուսաստանի իշխանությունն ունի բոլոր միջոցներն ու կարողությունները Ռուսաստանի տարածքում հայ-ադրբեջանական ազգամիջյան բախում հրահրելու փորձերը կանխելու համար, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ՌԲԿ ռուսական գործակալությանը տված հարցազրույցում: Հայաստանի վարչապետը նաև ասել է, որ այդ ազգամիջյան բախումներով շահագրգռված են երրորդ ուժեր, որոնց նպատակը Ռուսաստանի ապակայունացումն է: Նա կոչ է արել հայությանը չտրվել սադրանքների: Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարել է, որ, եթե Ռուսաստանի իշխանությունն ունենալով բոլոր միջոցները և կարողությունները, այդուհանդերձ չի կանխում ազգամիջյան բախում հրահրելու Ադրբեջանի փորձերը, կամ ադրբեջանա-թուրքական փորձերը, ուրեմն նրանց հետ գործարքի մեջ է: Ըստ այդմ, առաջանում է մյուս եզրակացությունը՝ եթե Ռուսաստանի իշխանությունը գործարքի մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ինչ-ինչ գնով կամ պատճառով, ապա սեփական տարածքն այդ գործարքի բերումով ազգամիջյան բախման վայր դարձնողը, անվարան կերպով գործարքի կգնա և բախման վայր կդարձնի նաև Հայաստանի տարածքը: Իսկ եթե Ռուսաստանի իշխանությունը չունի իր տարածքը թուրք-ադրբեջանական սադրանքից և բախումներ հրահրելուց զերծ պահելու, ապահովագրելու, կանխարգելելու կարողություններ ու միջոց, այս դեպքում էլ առաջանում է հարց, թե ինչպես է նաև այդպիսի սադրանքներից զերծ պահելու Հայաստանի տարածքը:
Եվ արդյո՞ք հենց վերը բերված նկատառումները չէին նաև պատճառը Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարության, որ Հայաստանի՝ Թուրքիայի աճող ագրեսիվությունը զսպելու համար պետք է ձեռնարկվեն հավելյալ քայլեր և փնտրեն զսպման այլընտրանքային մեխանիզմներ:
Այստեղ տողատակում հստակ կարդացվում է, որ Հայաստանը չպետք է և չի կարող իր հույսը դնել միայն Ռուսաստանի աջակցության վրա, որովհետև, մեղմ ասած, կան կասկածի հիմքեր, թե Ռուսաստանն ի զորու է զսպել թուրքական ագրեսիան: Եվ այստեղ, թերևս, ամենաէական պարագաներից մեկը: Ինչ ենք մենք հասկանում թուրքական ագրեսիա զսպել իմաստով: Բանն այն է, որ թուրքական ագրեսիան կարող է արտահայտվել տարբեր կերպ, սկսած ցամաքային ներխուժման փորձով, մինչև օդային տարաբնույթ հարվածներ թուրքական տարածքից, կամ ադրբեջանական տարածքից: Ի դեպ, Բաքուն և Անկարան հայտարարել են լայնածավալ զորավարժություն սկսելու մասին, որում ներգրավված են նաև ռազմաօդային և ՀՕՊ ուժեր: Իհարկե, նրանք ազդարարել են, թե դա հերթական, պլանային զորավարժություն է, բայց ներկայիս իրադրության ֆոնին այն, իհարկե, տալիս է բազմակի մտորումների տեղիք:
Այդպիսով, երբ խոսում ենք թուրքական վտանգի մասին, պետք է դիտարկենք դրա ամբողջական դիապազոնը, սկսած ցամաքային ներխուժման հնարավորությունից, մինչև պարզապես հրթիռակոծում, օդային հարվածներ և այլն՝ թուրքական կամ ադրբեջանական տարածքներից: Հետևաբար՝ պետք է հարց տալ՝ ի զորո՞ւ է Մոսկվան աջակցել Հայաստանին այդ դեպքում, երբ Անկարան չգնա ցամաքային ներխուժման փորձի՝ ինչին, թերևս, չի էլ գնա: Ի վերջո, մենք ունենք սիրիական և լիբիական օրինակները, երբ թուրքական անօդաչուները մեծ խնդիրներ էին ստեղծել ՌԴ պաշտպանական աջակցությունը վայելող սիրիական և լիբիական ուժերի համար: Ընդ որում, այդ իրողությունները ոգևորությամբ արձանագրում էին ադրբեջանական պրոպագանդայի միջոցները, անկասկած, անուղղակի ասոցացնելով, որ դա կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի ուղղությամբ: Հետևաբար՝ Ռուսաստանի անվտանգության «հովանոցը» Հայաստանին ոչ միայն չպետք է օժտի ապահովության բթացող զգացումով, այլ հակառակը՝ այդ հովանոցի սիրիական և լիբիական օրինակները Երևանին պետք է հուշեն, որ Հայաստանին իսկապես անհրաժեշտ են թուրքական ագրեսիայի զսպման հավելյալ ջանքեր և մեխանիզմներ: Իհարկե, տվյալ պարագայում խոսք կարող է լինել առավելապես քաղաքական մեխանիզմների մասին, թեև, անշուշտ, պետք է անգամ ձգտել ռազմական այլընտրանքի ևս: Բազում երկրների փորձեր ցույց են տվել, որ Ռուսաստանը որևէ ոլորտի մենաշնորհ ունենալու պարագայում, որպես կանոն, չարաշահում է այն առաջին հերթին իր «դաշնակցի» հանդեպ, ավելի շուտ՝ պայմանավորվելով իբրև թե հակառակորդի հետ: Այդ իմաստով, միանգամայն պատասխանատու կերպով հավատարիմ մնալով ՌԴ հետ ռազմա-քաղաքական դաշնակցային պարտավորություններին, Երևանը միաժամանակ անում է շատ կարևոր բան՝ դնում Հայաստանի հանդեպ ՌԴ դաշնակցային պարտավորությունների պատասխանատվության հարցը Մոսկվայի առաջ:
 
Lragir.am-ը գրում է․
Կրեմլը հաղորդագրություն է տարածել, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Էրդողան-Պուտին հեռախոսազրույց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցի թեմայով: Ըստ հաղորդագրության, զրույցի մասնակիցները ընդգծել են դիվանագիտական կարգավորման անայլընտրանքությունը: Պուտինը, ըստ Կրեմլի, կարեւոր է համարել թույլ չտալ այնպիսի քայլեր, որոնք կլարեն իրավիճակը: Պուտինն ու Էրդողանը նշել են  միջազգային իրավունքի հիմքով, եւ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից բխող դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը: 
Թե հեռախոսազրույցն ինքնին, թե դրա թուրքական նախաձեռնություն լինելն ու որոշ ձեւակերպումներ բավականին հետաքրքիր են: Թուրքիան գրեթե առաջինն արձագանքեց Տավուշի ադրբեջանական սադրանքին հաջորդած հայկական պատժիչ գործողությանը: Դա վկայում էր, որ Անկարան դրանում տեսել է վտանգ ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ իր ռազմավարական շահին: Ռուսաստանն իր արձագանքով կոչ արեց Անկարային լինել զուսպ, թերեւս այդպիսով մեժելով քննարկել ստեղծված իրավիճակը:
Ռուս-թուրքական շփումներ սկսեցին մի քանի օր անց, երբ իրար հետեւից տապալվեցին ռազմավարական կորուստը հետ բերելու ադրբեջանական փորձերը: Հեռախոսազրույց տեղի ունեցավ Չավուշողլուի եւ Լավրովի միջեւ: Այն, որ Էրդողանն իր նախաձեռնությամբ զանգահարում է Պուտինին, թերեւս վկայում է, որ թուրքական կողմը դժգոհ է եւ ունի խոսելու անհրաժեշտություն: Հատկանշական է այն, որ Էրդողանը Պուտինին զանգահարում է Ադրբեջանում եւ Նախիջեւանում թուրք-ադրբեջանական խոշոր զորավարժության մասին տեղեկատվության տարածման ֆոնին:
Անկարան Մոսկվա է զանգել հավաստիացնելու, որ զորավարժությունը սադրանք չէ կամ չի լինի սադրա՞նք, թե՞ զորավարժությունն իբրեւ շանտաժ եւ ճնշում բանեցնելու ակնկալիքով: Մյուս կողմից, զանգը տեղի է ունենում Ռուսաստանում ադրբեջանցիների կազմակերպած հակահայկական գործողությունների ֆոնին, որոնք սպառնում են ազգամիջյան անվերահսկելի բաումով, ինչը կարող է դառնալ դեռեւս փետրվարի վերջին Էրդողանի խորհրդականի շուրթերով Ռուսաստանին ուղղված սպառնալիքի մեկնակետ՝ Ռուսաստանը ներսից քանդել 25 միլիոն մահմեդականի օգնությամբ:
Միեւնույն ժամանակ, պաշտոնական Երեւանը վարչապետի շուրթերով ակնարկել է, որ դա ներսից քանդելու թուրքական փորձ է, որը սակայն թերեւս չի կարող իրագործվել առանց հենց ներսից ռուսական որեւէ ազդեցիկ իշխանական շրջանակի աջակցության: Այլ կերպ ասած, Երեւանը փաստացի հայտարարեց, որ թիրախում են թե հայերը, թե նաեւ Ռուսաստանը, ու դա չի լինի, եթե չլինի այդ գրոհի աջակցություն ՌԴ իշխանությունից:
Իսկ Ռուսաստանում իշխանության խնդիրը ներկայումս բաց է եւ գտնվում է բավականին բարդ ու հակասական փոխազդեցության փուլում: Այդ ֆոնին էլ հատկանշական է հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում դիտարկումը, որ արցախյան հարցի լուծման դիվանագիտական ճանապարհը չունի այլընտրանք՝ միջազգային իրավունքի եւ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահի հիմքով: Տպավորություն է, որ հեռախոսազրույցի ընթացքում հարցը տեղափոխվել է Ադրբեջանի իշխանության դաշտ:
Ժողովուրդների շահի արձանագրումը բավականին ուշագրավ է, եթե նկատի առնենք այն, թե ինչ շեշտադրում է անում պաշտոնական Երեւանը՝ կարգավորումը պետք է ունենա Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդի հավանությունը:
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում Երեւանի դիրքորոշու՞մն են արժանացնում հավանության, խոսելով ժողովուրդների մասին: Նշանակու՞մ է դա արդյոք, որ Մոսկվան ու Անկարան գալիս են որոշակի համաձայնության, բայց այս մարտավարական իրավիճակում ոչ թե Հայաստանի հաշվին՝ ինչպես գրեթե միշտ, այլ Բաքվի, այլ կերպ ասած՝ պաշտոնական Բաքվի այսպես ասած փոփոխության:
Հայկական ուժեղ հարվածը Տավուշում թերեւս կանխել է Հայաստանի հաշվին առեւտրի ծավալումը, ստեղծելով իրավիճակ, երբ Անկարան ու Մոսկվան հարկադրված են պայմանավորվել Բաքվի հաշվին:
Ռուս-թուրքական ռազմավարական պայմանավորվածության «հաշիվը» սակայն շարունակում է գրված լինել հայերի հաշվին՝ ռուս-թուրքական հարյուրամյա պայմանագրերը, որոնք Անկարայի եւ Մոսկվայի գլխավոր առերեսումն են, ռազմավարության «ճարտարապետական հիմքը», որը ցնցվում է, քանի որ Հայաստանը դուրս է գալիս հիմքից:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 14-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը փորձել է մուտք գործել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և խուզարկություն իրականացնել, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. ԱԱԾ աշխատակիցները անսպասելի կերպով բացահայտել են, որ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները ևս գտնվում են Գագիկ Ծառուկյանի առանձնատանը` «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով խուզարկության նպատակով։ Այդ գործի հետ առնչվում է Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Երկու իրավապահ մարմինները սկսել են խոսակցություն ունենալ Ծառուկյանի առանձնատանը, թե ինչպես է մեկը մյուսի գործողություններին խանգարում, և պետք է մի ուժային կառույցը դուրս գա տարածքից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն ընդամենը Գագիկ Ծառուկյանի որդուն ծանուցում է տվել՝ հարցաքննության ներկայանալու, և հեռացել դեպքի վայրից, որից հետո էլ ԱԱԾ-ն անցել է իր գործողություններին:
«Ժողովուրդ» օրաթերթն իր ունեցած տեղեկության շուրջ զրուցեց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ, որը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Իմ տեղեկություններով՝ նույն օրը նաև Քննչական կոմիտեն խուզարկության ընթացքում ծանուցագիր է բերել: Քննչական կոմիտեն մինչև հիմա խուզարկություն չի կատարել, այն ժամանակ՝ սկզբնական փուլում, կատարել է, բայց հիմա չի կատարել, քանի որ չկա դատարանի որոշում: Իմ կարծիքով՝ Քննչական կոմիտեն չի էլ իմացել, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է կատարելու, քանի որ խուզարկությունը գաղտնի գործողություն է, և չեմ էլ կարծում, որ դա այլ մարմին պետք է իմանար»:
Ստացվում է՝ իրավապահ մարմինները միմյանցից տեղյակ չեն եղել: ԱԱԾ-ն ու քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են «բախվել» միմյանց, մինչդեռ ՀՀ դատախազությունը՝ որպես քրգործերով վերահսկող մարմին, պարտավոր էր իրավիճակը վերահսկել:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ պատասխանեցին. «Նման պնդումները դատախազությանը թիրախավորելու հերթական անլուրջ փորձն են: Նախ՝ քրեական դատավարության օրենսդրութունը որևէ կերպ չի բացառում, քննության շահերից ելնելով և հանցագործությունների լիարժեք բացահայտման օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված, տարբեր քննչական մարմինների կողմից իրենց վարույթում քնվող քրեական գործերի շրջանակում միևնույն վայրում օրենքով սահմանված կարգով քննչական գործողությունների իրականացումը:
Նման իրավիճակները քննչական մարմինների բախում որակելն իրավական որևէ հիմք չունի: Բայց անգամ այդ պարագայում խմբագրության «անանուն աղբյուրները» հերթական անգամ մոլորության մեջ են գցել ձեզ, քանի որ նշված օրը Գագիկ Ծառուկյանի որդուն առնչվող քրեական գործով Գ. Ծառուկյանի առանձնատանը Քննչական կոմիտեի քննիչների կողմից քննչական գործողություններ առհասարակ չեն իրականացվել, և ձեր ունեցած տեղեկատվությունն իրականության հետ որևէ աղերս չունի»:
Նկատենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի անանուն աղբյուրների տված տեղեկությունը հաստատեց Ծառուկյանի փաստաբանը, հերքեց դատախազությունը, իսկ ԱԱԾ-ն ու Քննչականը լուռ են»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անհետացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, որտեղ նա բավական ակտիվ ընդդիմադիր գործունեություն էր ծավալում, իսկ նախորդ օրն էլ հրապարակել էր բանաստեղծություն՝ նվիրված վարչապետ Փաշինյանին և նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին:
Գևորգ Պետրոսյանը այնքան էլ պանծալի անցյալ չունի, և հնարավոր է՝ նրան ուղղակի զգուշացրել են, որ կարող են հրապարակել նախարարական կամ դասախոսական գործունեության հետ կապված ինչ-որ նյութեր, որի արդյունքում էլ որոշել է ոչ թե ինքնագրաքննադատությամբ զբաղվել և հեռացնել առանձին նյութեր, այլ ամբողջությամբ փակել էջը»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play