Ադրբեջանի կլանումը Թուրքիայի կողմից․ ի՞նչ կտա Անկարան դրա դիմաց


Ադրբեջանի կլանումը Թուրքիայի կողմից․ ի՞նչ կտա Անկարան դրա դիմաց

  • 29-07-2020 16:15:26   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը, մեկնաբանելով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, հայտարարել է, որ Թուրքիան թե տարածաշրջանային, թե գլոբալ մասշտաբով վստահության ու խաղաղության երաշխավոր է։
 
Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում, որն ավելի շատ նման է Ադրբեջանի կլանման՝ ինչպես Նախիջեւանի, այնպես էլ «մայրցամաքային մասի»։ Բաքուն արդեն ինքնուրույն արտաքին քաղաքականություն չի վարում՝ տրվելով Էրդողանի բարեհաճությանը։
 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ինչպես մեկ դար առաջ, Թուրքիան երազում է վերահսկել Հարավային Կովկասը եւ Խորհրդային Միության փլուզումից հետո արդեն 30 տարի ամեն օր աշխատում է իր երազանքն ու նպատակը կյանքի կոչելու համար։
 
Հայաստանի վարչապետը կարծում է, որ Ռուսաստանին պետք է հասկանալի լինի, թե դա ինչ աշխարհաքաղաքական զարգացումների կարող է հանգեցնել։
 
Մինչդեռ, Ռուսաստանի նախագահ Պուտինին Թուրքիայի նախագահ Էրդողանի զանգից հետո հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են C400 զենիթային համակարգի երկրորդ խմբաքանակի մատակարարումը։ Մոսկվայում չե՞ն հասկանում, թե ինչի կարող են հանգեցնել թուրքական հավակնությունները, ինչպես նշում է Նիկոլ Փաշինյանը։ Թե՞ ականատեսն ենք դառնում ռուս-թուրքական առեւտրի հերթական դեպքին, ու այս անգամ գլխավոր լոտն Ադրբեջանն է։
 
Թուրքիան գրեթե կլանել է Ադրբեջանը, բայց Ռուսաստանն ի՞նչ է պահանջել դրա դիմաց։ Մի՞թե ընդամեն ը իր ռազմավարական սպառազինության գնում՝ հույսով, որ Թուրքիան կպառակտի ՆԱՏՕ-ն։
 
Այսօր հայտնի է դարձել, որ Թուրքիան դադարեցրել է հետախուզական աշխատանքները հունական կղզիների մոտ, ինչը մոտ էր ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լուրջ կոնֆլիկտի վերաճելու։ Ի՞նչ է մտածել Էրդողանը։ Նա փոշմանե՞լ է ՆԱՏՕ-ն պառակտելու հարցում։
 
Ադրբեջանն իրեն արդեն Թուրքիայի մաս է զգում եւ չի թաքցնում դա։
 
«Հայաստանը չարամիտ ծրագրեր ունի Թուրքիայի նկատմամբ, ինչպես նաեւ ադրբեջանական տարածքներ ներխուժելու ծրագրեր։ Դա անընդունելի է։ Հայաստանը պետք է սովորի իր հարեւանների հետ խաղաղ ապրելուն։ Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններն ուժեղ ազդանշան կտան այդպիսի երկրներին», – ասել է Հիքմեթ Հաջիեւը։
 
Նիկոլ Փաշինյանն ու՞մ է 7 պայման առաջադրել բանակցությունների վերսկսման համար, եթե Ադրբեջանն արդեն խոսում է Թուրքիայի անունից։ Արժե՞ բանակցել Բաքվի հետ, եթե ամեն ինչ Էրդողանն է որոշում։
 
Հայաստանի վարչապետը վերջերս հայտարարել է, որ ժամանակն է միանալու Թուրքիային զսպող արյդունավետ ձեւաչափերի։ Լիբանանի ու ԱՄԷ գործընկերների հետ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի բանակցությունները, հնարավոր է, այդ քաղաքականության մասն են։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն