ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ոստիկանները կվերապատրաստվեն


ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ոստիկանները կվերապատրաստվեն

  • 01-08-2020 12:30:10   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օրինակով ոստիկանության համակարգում ստեղծվելու է ահազանգերի սպասարկման օպերատիվ կենտրոն:
 
Այսօր ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա են այցելել ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ու փոխոստիկանապետ, գնդապետ Տիգրան Եսայանը՝ նոր ստեղծվելիք կառույցում աշխատողների համար ՃԿՊԱ-ում վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հարցը քննարկելու նպատակով:
 
ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը եւ բուհի ղեկավարությունը հյուրերին ծանոթացրել է ՃԿՊԱ հնարավորություններին եւ տեղեկացրել, որ ՃԿՊԱ-ի կրթական եւ վերապատրաստման ծրագրերը ճկուն են, փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումների ծառայողների համար էլ վերապատրաստումներ կազմակերպվում են, պարզապես պետք է հաշվի առնել վերապատրաստվող լսարանի առանձնահատկությունները:
 
Օրինակ եթե 911-ի ստացած ահազանգերին պատասխանողը պետք է տեղյակ լինի, թե հրդեհի կամ փակ դուռը բացելու զանգի դեպքում ինչ ասի եւ ինչ հարց տա ահազանգողին, որ դեպքում ահազանգը որ կառույցին պետք է փոխանցել, ապա ոստիկանության ստացած ահազանգին պատասխանողն էլ պետք է իմանա ինչ ասել ընտանեկան բռնության կամ մարմնական վնասվածքի դեպքերում:
 
Ակնհայտ է, որ ԱԻՆ փրկարար ծառայության օրինակով ոստիկանության օպերատիվ կենտրոնում էլ պետք է հոգեբանների խումբ լինի:
 
Հանդիպման արդյունքում որոշվել է ձեւավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կմշակի վերապատրաստման ծրագրերը (թեմաներ, դասաժամեր, տեւողություն եւ այլն) եւ դրանց վերջնական հաստատումից հետո կմեկնարկեն դասերը:
 
 ՀՀ ԱԻ նախարարություն 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն