Կոնսենսուս մինուս ԲՀԿ. կքանդեն բոլորը


Կոնսենսուս մինուս ԲՀԿ. կքանդեն բոլորը

  • 01-08-2020 13:15:35   | Հայաստան  |  Վերլուծություն

Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները բավականին սուր են արձագանքել պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարությանը, որով նա հայտնում էր հանրությանը պատճառը, թե ինչու է դուրս եկել ԲՀԿ խմբակցությունից: Սերգեյ Բագրատյանի վերաբերյալ մամուլը գրել է, որ մի շարք բիզնեսներ ունեցող պատգամավորը խնդիրներ ունի պետության հանդեպ պարտավորությունների առումով, ինչն էլ բերել է քաղաքական պահանջների եւ խմբակցությունը լքելու: ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի արձագանքը եւս այդ տրամաբանության շրջանակում էր: Սերգեյ Բագրատյանն ինքը հայտարարել է, որ խմբակցությունից հեռանում է, որովհետեւ վերջին շրջանում կայուն անհամաձայնություն կա երկրի զարգացման ընթացքի վերաբերյալ մոտեցումների հարցում:
 
Ո՞րն է ԲՀԿ խմբակցությունը թողնելու իրական պատճառը, հնարավոր չէ ասել ճշգրիտ, բայց այստեղ քաղաքական առումով հետաքրքիրը թերեւս բավականին սուր արձագանքն է, որ առկա է ԲՀԿ-ում: Այդ արձագանքի սրությունը վկայում է, որ կուսակցությունը Սերգեյ Բագրատյանի հեռանալը չի դիտարկում մեկ դեպքի տրամաբանության շրջանակում, այլապես հազիվ թե հզոր երկրորդ ուժի համար էական լիներ մեկ պատգամավորի կամ մանդատի կորուստը:
 
ԲՀԿ-ն, ըստ երեւույթին, ունի մտավախություն, որ կարող է գործ ունենալ շղթայի հետ: Ամենից էականն այն է, որ Գագիկ Ծառուկյանի տանն ԱԱԾ խուզարկության արդյունքում հայտնի երդմնագրերի հրապարակայնացումը փաստացի կտրել է ԲՀԿ կապող առանցքային մի թել, մեծ հաշվով ազատելով բոլոր նրանց, ովքեր կապված էին այդ թղթերով:
 
Իսկ ամբողջ հարցն այն է, որ դրանք լոկ Գագիկ Ծառուկյանի այսպես ասած քմահաճույք չէ, որ եղել են: ԲՀԿ-ն, որ ձեւավորվել է նախորդ իշխող համակարգում եւ եղել դրա առանցքային, երկրորդ բեւեռը, մեծ հաշվով եղել է այսպես ասած ներհամակարգային փակ բաժնետիրական կուսակցություն, որում հսկիչ փաթեթը գուցե եղել է սեփականատիրոջը՝ Գագիկ Ծառուկյանինը, բայց տարբեր խումբ կուսակցականների տեսքով բաժնեմասեր են ունեցել համակարգի տարբեր առանցքային թեւեր եւ առաջնորդներ:
 
Երդմնագրերով Գագիկ Ծառուկյանը իրեն փորձել է հնարավորինս ապահովագրել  հենց այդ «բաժնեմասերի» միջոցով իրեն մատուցելիք անակնկալներից: Առավել եւս, որ հարց է, թե ինքը՝ Ծառուկյանը, ինչ պարտավորագրերով կարող էր հարաբերված լինել համակարգի առաջնորդների հետ, որում ստանձնել է առանցքային կուսակցապետերից մեկի դերը:
 
ԱԱԾ խուզարկությունը քանդել է կապը, կարեւոր, թերեւս առանցքային կապը, հաշվի առնելով այն, որ հարաբերությունը նախկին համակարգում կառուցվել է առավելապես հենց այդ արժեքաբանական սկզբունքների հիմքով:
 
Առավել եւս, որ կապի քանդվելը ներկայումս ձեռնտու է թերեւս ներքաղաքական կյանքում ներգրավված բոլոր խաղացողներին, սկսած թե քաղաքական մեծամասնությունից, եւ թե ընդհուպ նախկին համակարգը ներկայացնող առանցքային ուժեր, եւ անգամ Ծառուկյանի հետ գործակցության գնացողներ: Նրանք գնում են Ծառուկյանին առավել մոտ լինելու, ըստ այդմ՝ ազատ մնալիք տեղին առավել շուտ հասնելու համար:
 
Ռոբերտ Քոչարյանը վերջին հարցազրույցում անդրադարձավ իր իսկ բարձրաձայնած «կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւին, որում առերեւույթ մինուս մեկը Նիկոլ Փաշինյանն է: Խորքային առումով սակայն, ներկայումս քաղաքական դաշտում ձեւավորված «կոնսենսուս մինուս մեկ»-ի իրական «մինուսը» Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն է, որն այդպես էլ չգտավ նոր իրավիճակի իմաստավորման, եւ այդ իրավիճակում սեփական դերի իմաստավորման ճշգրիտ բանաձեւը: Այդ տեսանկյունից նա սկսել է խանգարել բոլորին, ինչի վկայություն էր թերեւս նաեւ այն, որ գրեթե ոչ ոք Ծառուկյանին չշտապեց աջակցել «հակառուսականության դեմ պայքարի» նրա հռչակագրի հարցում: ԲՀԿ ապամոնտաժմանն այդ իմաստով ուժերի ներածին չափով կմասնակցեն բոլորը, ոչ միայն քաղաքական մեծամասնությունը: Եվ գուցե մեծամասնությունն ամենից քիչ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն