Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը


Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը

  • 03-08-2020 15:33:47   | Շիրակի մարզ  |  Իրավունք

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները:
 
Ըստ այդմ՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 69 քրեական գործ: Այս ցուցանիշը, չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած բարդություններին՝ 27-ով կամ 64%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
 
Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է կրթության, 31-ը՝ տեղական ինքնակառավարման, 3-ը՝ կադաստրային, 1-ը՝ բանկային, 6-ը՝ առողջապահության, 7-ը՝ սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ծառայության ոլորտներում, 4-ը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առթիվ, իսկ 5-ը վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը:
 
2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 87 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 23 ղեկավար, դպրոցների և մարզդպրոցների 16 տնօրեն, 4 փոխտնօրեն, 8 ուսուցիչ, Գյումրու քաղաքապետարանի 4 աշխատակից, արհեստագործական ուսումնարանի 3 տնօրեն, բժշկասոցիալական ոլորտի ծառայության  1 ղեկավար և 2 աշխատակից, ՊՈԱԿ-ի 6 տնօրեններ, հիվանդանոցի 3 տնօրեններ և 9 բուժաշխատողներ, 8 քաղաքացի՝ պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարմանն օժանադակելու համար: Ընդ որում, նշված անձանցից միայն 9-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
 
Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 անձի վերաբերյալ 5 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 4 քրեական գործ, որոնցով 6 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:
 
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 137.650.210 ՀՀ դրամ, որից 17.185.074 մլն ՀՀ դրամը Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների անմիջական գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:
 
Բացի այդ, դատարանում ավարտված 3 քրեական գործերով բավարարվել է պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ մարզի դատախազության դատախազների ներկայացրած բոլոր հայցերը՝ ընդհանուրն մոտ 13մլն ՀՀ դրամի չափով, որը բռնագանձելու համար կատարողական թերթիկներ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն և արդեն իսկ սկսվել է բռնագանձման գործըթնաց:
 
2020թ. 6 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, ՀՀ Շիրակի մարզպետին, Գյումրու քաղաքապետին և պետական այլ կառույցներ ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 26 միջնորդագրեր, որոնցից 12-ի արդյունքում արդեն իսկ կիրառվել են կարգապահական տույժեր, այդ թվում դպրոցի մեկ տնօրեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
 
Շիրակի մարզի դատախազությունը ակտիվ և ընդգրկուն աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:
 
Այդ գործառույթի շրջանակներում կատարվել կամ կատարվում են 263 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, սոցիալական և կրթության ոլորտում անցակացված վարչական հսկողության և աուդիտի, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների, համայնքի ղեկավարների կողմից օրենքին հակասող հողամասեր տրամադրելու գործընթացին և այլ ոլորտներ:
 
Ընդ որում, նշված լիազորությունների իրականացման շրջանակներում մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 26 քրեական գործ։
 
Կատարվող ուսումնասիրություններով անհրաժեշտ սուբյեկտներին դատախազության կողմից տրվել են 16 նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավեի քան 6 մլն ՀՀ դրամ գումար:
 
Շիրակի մարզի դատախազությունը 2020թ. առաջին կիսամյակում նախկին տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աշխատանք է կատարել քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համատեքստում: Մասնավորապես, եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել 69 քրեական գործ՝ 92 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 102 քրեական գործ (շուրջ 48%-ով ավելի) 126 անձի վերաբերյալ (շուրջ 37%-ով ավելի):
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք