Թուրքական սպառնալիքի վտանգավոր ուղեկցորդը Տավուշից հետո
03-08-2020 17:15:51 | Հայաստան | Վերլուծություն
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը, թե թուրքական երկու կործանիչ ուղղություն են վերցրել դեպի Երեւան ու եղել են Հայաստանի մայրաքաղաքին հրթիռային հարված հասցնելու հեռավորության վրա: Տեղեկության աղբյուրը մի պորտալ էր, որի այսպես ասած լուրը տարածվեց ամենատարբեր լրատվամիջոցներով, այդ թվում՝ ռուսական:
Հայաստանի ՊՆ-ն հերքել է տեղեկությունը:
Հայտնի է, որ Ադրբեջանում եւ Նախիջեւանում անցկացվում է թուրք-ադրբեջանական զորավարժություն, որում ներգրավված է նաեւ ավիացիա: Զորավարժությունը Հայաստանում առաջացրել է հասկանալի մեծ ուշադրություն, ինչին նպաստել է նաեւ Տավուշի իրադարձությունների առնչությամբ Թուրքիայի ագրեսիվ հայտարարությունների հանգամանքը:
Հայաստանում սկսել են շատ խոսել թուրքական վտանգի մասին, ինչը դարձյալ հասկանալի է: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ խոսակցությունների զգալի մասը թողնում է խուճապ առաջացնելու փորձի տպավորություն, որի հեղինակները կարծես թե ուզում են Տավուշի ռազմական գործողության արդյունքում հոգեբանական վերելքի, ինքնավստահության վիճակում գտնվող հայաստանյան հանրությանն այսպես ասած «իջեցնել գետին»:
Այն, որ Թուրքիան սպառնալիք է եւ շատ լուրջ, ամենեւին նորություն չէ: Այդ սպառնալիքը ունի հակազդեցության լուրջ անհրաժեշտություն, ամենօրյա ռազմա-քաղաքական աշխատանքի բնույթով: Սակայն, Հայաստանի հասարակությունը պետք է ապրի թուրքական սպառնալիքին պատրաստ, բայց ամենեւին ոչ թուրքական սպառնալիքից վախեցած: Որովհետեւ, խոշոր հաշվով, վախեցած, խուճապի, տագնապի անընդհատ հանրային զգացումը կարող է սկսել մեկ կոնկրետ աղբյուրից, սակայն դրա հետեւանքը, այսպես ասած «մետաստազային» տարածումը ընդգրկելու է Հայաստանի կենսագործունեությունը ամբողջական իմաստով:
Այլ կերպ ասած, հնարավոր չէ, օրինակ, ինքնավստահ, կամային, ուժեղ զգացողություն ունենալ Ադրբեջանի հետ դիմակայությունում, Թուրքիայի հարցում լինելով խուճապի ու տագնապի, թուլության զգացումով: Այդ զգացումը սկսելու է ազդել բոլոր ուղղությունների վրա, անգամ Հայաստանում ապրելու, կամ Հայաստանում ներդրում անելու պարզ մտադրության:
Թե ու՞մ կարող է պետք լինել Հայաստանի հանրային այդպիսի հոգեվիճակ եւ տրամադրություն, հնարավոր է դիտարկել տարբեր ուղղություններով: Մի բան անկասկած է, որ Հայաստանին դա պետք չէ եւ չի կարող պետք լինել Հայաստանի իրական դաշնակիցներին: Ըստ այդմ, Հայաստանն անշուշտ պետք է ամենօրյա աշխատանքով պատրաստ լինի թուրքական սպառնալիքին, դրա չեզոքացմանը, ունենա գործողությունների ամենատարբեր սցենարներ: Դա Հայաստանի պետական քաղաքականության «էքզիստենցիալ» խնդիրն ու անելիքն է, անգամ եթե ստեղծվի իրավիճակ, երբ կարող է հավանական լինել հայ-թուրքական ուղիղ երկխոսություն առանց որեւէ պայմանի: Բայց Հայաստանը թուրքական զսպման էքզիստենցիալ ամենօրյա մարտավարական եւ ռազմավարական անհրաժեշտությունն ու դրան ուղղված ռազմա-քաղաքական աշխատանքը պետք է կատարի առանց խուճապի եւ վախի հանրային զգացողության, որովհետեւ դա միմիայն կարող է լինել անհրաժեշտ աշխատանքի հոգեբանորեն բացարձակապես ավելորդ եւ նույնիսկ վտանգավոր ուղեկցորդ, որը կարող է նաեւ թույլ տալ ամենատարբեր շահառու կողմերի օգտագործել այդ հանգամանքը Հայաստանի դեմ: