Ռուբեն Հայրապետյանը 2003-ից ՌԴ քաղաքացի է. ՀՀ գլխավոր դատախազություն


Ռուբեն Հայրապետյանը 2003-ից ՌԴ քաղաքացի է. ՀՀ գլխավոր դատախազություն

  • 04-08-2020 16:13:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Թեև ՌԴ գլխավոր դատախազությունից դեռևս չենք ստացել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ միջպետական հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցնելու և դրա հնարավոր հիմքերի մասին հարցման պատասխանը, սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել տվյալներ, որոնք փաստում են, որ Ռ. Հայրապետյանը 2003 թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի»,- 1lurer.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
 
Հիշեցնենք՝ օրերս Ռուսաստանը դադարեցրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։ ՀՀ գլխավոր դատախազությունը հետախուզման դադարեցման պատճառներն իմանալու համար դիմել էր ՌԴ իրավապահներին։
 
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է 2 քրեական գործով` քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար. այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Հայրապետյանի որդին:
 
Երկրորդ գործով նա մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և ծանր հետևանքներ առաջացնելով՝ որպես կազմակերպության ծառայող կարգադրիչ լիազորությունները չարաշահելու համար: Այս գործով էլ որպես մեղադրյալ ներգրավված են Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ու քաղաքապետարանին ենթակա ընկերության ներկայացուցիչ Գևորգ Հակոբյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play