ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։
ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումը Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։
Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։
Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք կապ պահպանել բացառապես ինձ հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը։
Ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրենք հավելյալ»: