Լիբանանը սարսափելի աղետից հետո. Հայաստանի կարեւոր որոշումը


Լիբանանը սարսափելի աղետից հետո. Հայաստանի կարեւոր որոշումը

  • 05-08-2020 15:55:31   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի գործն է լինելու Լիբանանին պատուհասած աղետի հետեւանքերի չեզոքացման հարցում Հայաստանի թիրախային օգնության տրամադրման հետ կապված հարցերի համակարգումը Լիբանանի պետական կառույցների հետ: Աշխատանքային խումբը սերտ աշխատելու է նաեւ Լիբանանի հայ համայնքի կառույցների հետ:
 
Լիբանանը մերձավորարեւելյան ռեգիոնում Հայաստանի համար սերտ գործընկեր պետություն է, դաշնակից մի շարք ռազմա-քաղաքական հարցերում եւ անվտանգության էքզիստենցիալ ուղղություններում: Դրա վառ վկայությունն էր երկու օր առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հեռխոսազրուցյը Լիբանանի իր գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկվել են ռազմա-քաղաքական կարեւոր հարցեր, ռեգիոնալ անվտանգային իրողություններ: Լիբանանի նախարարը շնորհակալություն էր հայտնել Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությունում հայկական ուժերի մասնակցության համար, իսկ Հայաստանի նախարարը հավաստիացրել էր մասնակցության շարունակության հարցում:
 
Երկու օր անց բարեկամ եւ գործընկեր Լիբանանին պատուհասեց սարսափելի աղետ, մայրաքաղաք Բեյրութի նավահանգստային պահեստում պայթեց տարիներ ամբարված ամոնիակային սելիտրան, որը ռուսաստանցի մի գործարարի նավից առգրավվել էր տարիներ առաջ: Ըստ պաշտոնական վարկածի, չկա ահաբեկություն, եղել է շինարարական աշխատանք եւ զոդման ընթացքում անվտանգության կանոնների խախտում:
 
Այդուհանդերձ, կասկածից վեր է, որ հումանիտար աղետի հետեւանքից բացի, այն թողնելու է նաեւ քաղաքական որոշակի հետեւանքներ, իհարկե առավել երկարաժամկետ գործընթացի համատեքստում: Առավել եւս, երբ Լիբանանում եւ դրա շուրջ քաղաքական իրավիճակը երբեք հանգիստ չի եղել եւ վերստին անհանգստության ալիքի վրա էր վերջին ամիսներին:
 
Այդ հանգամանքը եւս անկասկած լինելու է Հայաստանի ուշադրության կենտրոնում, բացի մարդասիրական օգնության խնդրից, ուղղված թե բարեկամ արաբ ժողովրդին, թե Լիբանանում ապրող մեր հայրենակիցներին: Անկասկած է, որ հարկ կլինի նաեւ նրանցից գուցե հազարավորների ընդունել Երեւանում:
 
Միաժամանակ կա եւս մեկ հարց՝ պետք է ապահովե Լիբանանի ազդեցիկ հայկական համայնքի կենսագործունեության շարունակությունը: Դա մարդասիրական հարցից բացի, Հայաստանի եւ համահայկական խնդիրների համար կարեւորագույն քաղաքական նշանակություն ունեցող հանգամանք է: Պետք է Լիբանանի հայ համայնքը պահել կենսունակ, հատկապես այն գործընթացներում, որոնք անխուսափելի են լինելու Լիբանանում եւ դրա շուրջ: Եղբայրական Լիբանանը սարսափելի աղետից հետո ըստ էության առավել քան աշխարհքաղաքական «որսի օբյեկտ» է դիտվելու, ինչն իրականացվելու է թե քաղաքական, թե մարդասիրական տեխնոլոգիաներով: Հայաստանը Լիբանանի կողքին եւ Լիբանանի հետ գործակցված ու փոխկապակցված շահերի կողքին պետք է լինի նաեւ այդ գործընթացում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն