Բեյրութում պայթյունից տուժած որևէ հայ անօթևան չի մնա. մանրամասներ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարան

06-08-2020 13:33:03   | Լիբանան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքները վերացնելու, լիբանանահայերի կրած վնասների վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Սրբազան Գերաշնորհ  Տեր  Շահէ Արքեպիսկոպոս Փանոսյանի նախագահությամբ պետք է կազմվի հանձնախումբ, որի մեջ կընդգրկվեն տեղական հայկական կառույցնեը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը: Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո բազմաթիվ աջակցող զանգեր են եղել Հայաստանից, Արցախից, աշխարհի տարբեր երկրներից:
 


«Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանդես է եկել համազգային զորակցության կոչով: Լիբանանի հայությանն օժանդակելու համար հատուկ հաշվի համար է բացվել: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն աջակցելու, կարող են իրենց փոխանցումները կատարել»,-ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:
 
Թե լիբանանահայությունը կոնկրետ ինչի կարիք ունի, այս պահին դժվարանում են ասել, քանի որ կարիքների գնահատման փուլում են: Ամեն դեպքում մինչ այժմ եղած տվյալների համաձայն, միջոցներ են անհրաժեշտ շենք-շինությունների, տների, կառույցների վերականգնման համար: Մյուս կողմից ամբողջ Լիբանանը դեղամիջոցների, բժշկական պարագաների կարիք ունի: Նա տեղեկացրեց, որ արդեն բարեկամ երկրներն այս հարցում օժանդակություն են տրամադրում Լիբանանին:
 
«Լուսանկարներից, տեսանյութերից, կարծում եմ, որ տեսել եք, թե ինչ ավերածություններ են եղել: Բազմաթիվ տներ են քանդվել: Մեր հայկական թաղամասերում շատ մեծ վնասներ կան, սակայն կարող ենք ասել, որ ամբողջությամբ շենքերի փլուզումներ չունենք: Այն ընտանիքներին, որոնց տներում իրավիճակն այնպիսին է, որ ներկայում հնարավոր չէ բնակվել, տեղական կառույցներն ապահովել են ժամանակավոր կացարաններով»,-ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը՝
ընդգծելով, որ բոլոր հայկական կառույցները լծված են գործի, և որևէ հայ անօթևան չի մնացել:
 
Թե որքան են նման ընտանիքները, Հայր Հովակիմը դժվարացավ պատասխանել:  Նա տեղեկացրեց, որ բնակելի տներից, խանութներից բացի, Լիբանանում գործող հայ քաղաքական երեք կուսակցությունների շենքերն են վնաս կրել: Անթիլիասի մայրավանքը ևս վնաս է կրել, ինչպես նաև վեհարանը, Կիլիկա թանգարանը, տարբեր բաժանմունքներ, գրասենյակներ:
 
Այս օրերին տեղեկություններ եղան այն մասին, որ Լիբանանում հայերի շրջանում Հայաստան տեղափոխվելու ցանկություն կա: Ի՞նչ տրամադրություններ կան այս ուղղությամբ: Հարցին ի պատասխան, Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանն ընդգծեց, որ նման հայտարարությունների ծանոթ չէ:
 
«Գիտեք, Լիբանանն իր պատմության ընթացքում բազմաթիվ դժվարությունների է առերեսվել, և նման իրավիճակներում պարզ է, որ այդպիսի մտածումներ կարող են լինեն: Կարծում եմ, որ այս հանգրվանում, այդ տեսակետները կմնան վարկածի սահմաններում: Մենք պետք է մեր զորակացությունը հայտնենք ու զորավիգ կանգնենք»,-ասաց նա:
 
Լիբանանի հայության օժանդակության հատուկ հաշվի համարի հետ կապված տվյալներն են՝ Beneficiary: ARMENIAN CATHOLICOSATE OF CILICIA, Bank: Banque pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73, Account: M-502039, IBAN: CH61 08755 0502 0390 0300, SWIFT Code: PICTCHGG:
 
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է:  Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել էր, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ
նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր էր հայտարարվել։ Վերջին տվյալներով զոհերի թիվը 100-ից ավելին է:
 
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշել էր, որ ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի, եւ այլ պարագաների տեսքով:
 
Աննա Գզիրյան 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 346 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար