Հայ-չինական համատեղ «Խելացի գիտական քաղաքը» կվերածի Հայաստանը գերժամանակակից երկրի


Հայ-չինական համատեղ «Խելացի գիտական քաղաքը» կվերածի Հայաստանը գերժամանակակից երկրի

  • 06-08-2020 15:50:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր տրվել է Հայաստանի պատմության մեջ աննախադեպ մի ծրագրի մեկնարկ՝ ստորագրվել է հայ-չինական «Խելացի գիտական քաղաքի» ստեղծման պայմանագիրը։ Սահմանների փակ լինելու պատճառով պայմանագիրը ստորագրվեց առցանց՝ տեսակապով։ 
 
Ծրագրի կողմերն են՝ Չինաստանի Տեխնոլոգիաների Ակադեմիան, Չինաստանի Տեխնիկական Զարգացման Ընկերությունը և ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և Զարգացման Գործակալությունը։
 
ԱԴԿԱՌՍ-ի տնօրեն Սարգիս Գևորգյանի խոսքով, այս ծրագրի իրականացումը Հայաստանը կդասի աշխարհի ամենազարգացած երկրների շարքին։ «Մեզ մի բացառիկ շանս է տրված վերականգնելու մեր երբեմնի գիտական, տեխնոլոգիական և տնտեսական հզորությունը, այն ամենը, ինչ մենք կորցրել ենք 90-ականնների սկզբին»։
 
«Հիմնվելով Չինաստանի և Հայաստանի մարդկային, գիտական հնարավորությունների, պատմության և զարգացման վրա մենք միասին կարող ենք ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք առաջատար կդառնան աշխարհում»,- նշեց Չինաստանի Տեխնոլոգիաների Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Յանգ Լինջիանը։
 
«Խելացի գիտական քաղաքը» նոր սերնդի բնակավայր է, որի բոլոր համակարգերը ղեկավարվում են իննովացիոն տեխնոլոգիաների միջոցով՝ ապահովելով բնակչության կյանքի ամենաբարձր մակարդակը։
 
Հայ-չինական քաղաքում հիմնվելու են համատեղ ընկերություններ, որոնք աշխատելու են գիտական նորարարությունների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման վրա։
 
Չինաստանը Հայաստանում «Խելացի գիտական քաղաքի» կառուցման նպատակով մի քանի միլիարդ դոլարի ներդրում կանի։
 
Չինաստանն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են, որոնց հաջողվել է պահպանել իրենց մշակույթն ու պետականությունը 4000 տարվա ընթացքում։ Բացի այդ, Չինաստանն ու Հայաստանն այսօր լայն գիտատեխնիկական պոտենցիալ ունեն՝ լինելու 21-րդ դարի գիտահեն տնտեսության լիդերներների շարքում։ 
 
Դեռևս պատմական մետաքսի ճանապարհից ձգվող հայ-չինական բարեկամությունն այսօր նոր զարկ է ստանում՝ առաջիկա ոչ միայն տասնամյակների, այլև դարերի ընթացքում զարգանալու և հզորանալու մեծ հեռանկարներով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն