Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին կտրվի որակյալ կրթություն ստանալու հնարավորություն

06-08-2020 16:16:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու և որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ հիմքերով տարկետում ստացած քաղաքացիներին գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը մերժելու դեպքերը բացառելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ գործող կարգով  քաղաքացիներին յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ: Առաջարկվող փոփոխությամբ, մասնավորապես, այն  քաղաքացիները, որոնք ուսումնառության ընթացքում կամ դրա ավարտից հետո կներկայացնեն կարգի համապատասխան կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը և կստանան հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն, հնարավորություն կունենան օգտվել տարկետման իրավունքից՝ մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը:
 
«Այս փոփոխությամբ նաև հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներն ընդգրկվում են ՀՀ կառավարության որոշման նախագծում, որով նշված քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից
հետո»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշել է, որ  այլևս այլ հիմքով տարկետում ստացած քաղաքացիներն իրենց տարկետման ավարտից հետո նոր տարկետման համար ևս մեկ անգամ դիմելու անհրաժեշտություն չեն ունենա, եթե հանձնաժողովի կողմից արդեն ստացել են դրական եզրակացությունը:
 
Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է  շրջանառության մեջ դրված հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերին և  նշել. «Երեկ ինձ մոտ քննարկում է տեղի ունեցել. քննարկել ենք հանրակրթության պետական չափորոշիչը, որը արդեն իսկ շրջանառության մեջ է և առաջիկայում պետք է կառավարության նիստով ընդունենք: Քանի որ շատ լայն քննարկումներ կան, ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել՝ այն նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ: Այս ընթացքում, իհարկե, այն կանցնի ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով: Մենք մեր այդ ռազմավարական պատկերացումը պետք է արձանագրենք»: 
 
Վարչապետը նշել է, որ ռազմավարական պատկերացումները բխում են Հայաստանի Հանրապետության պետական, ազգային շահերից, ՀՀ քաղաքացիների ու յուրաքանչյուր անհատի շահերից: «Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է, և որևէ մի բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված Հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելուց, և հանրակրթության չափորոշիչն այս իմաստով ունի կարևորագույն և առանցքային նշանակություն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
 
 
Այլ որոշումներ
 
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ սեփականությունը հանդիսացող  Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց 9 վարչական շենքը՝ 2191,2մ2 ընդհանուր մակերեսով, 536,608,652 ՀՀ դրամ  կադաստրային արժեքով և վարչական շենքի սպասարկման հողամասը՝ 0,05685 հա մակերեսով ու 34,098,000 ՀՀ դրամ արժեքով հետ վերցնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից և ամրացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին: Ըստ հիմնավորման՝ 2020թ.-ին  հունվարին ավարտվել է նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի
նախարարության անձնակազմի և նրանց անհրաժեշտ գրասենյակային գույքի տեղափոխման աշխատանքները՝ վերոնշյալ  շենքից Կառավարական տուն 2  շենք: Որոշմամբ կիրականացվի պետական գույքի արդյունավետ կառավարում:
 
Գործադիրի որոշումներով «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից: Ընկերությունը զբաղվում է գինու և կոնյակի արտադրությամբ ք․ Իջևանում։ Ծրագրի շրջանակում նախատեսում է ներմուծել պահամաններ՝ գինու և կոնյակի պահպանման համար։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր 201․7 մլն դրամի չափով ներդրում ցանկում ներկայացված պահամանների ձեռքբերման համար։ Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 140 հազար դրամ միջին աշխատավարձով:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 254 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար