Ստուգումներ «Վանաձոր Քիմպրոմ»-ում


Ստուգումներ «Վանաձոր Քիմպրոմ»-ում

  • 06-08-2020 17:09:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր համատեղ ուսումնասիրություններ են իրականացրել «Վանաձոր Քիմպրոմ»-ում։ Խնդիրն այն է, որ գործարանում պայթյունավտանգ և թունավոր նյութերի, մասնավորապես, ամոնիակի ու սնդիկի մեծ քանակություն է պահվում։ Եվ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո հարց բարձրացավ, թե արդյոք «Վանաձոր Քիմպրոմ»-ում ու «Նաիրիտ» գործարանում անվտանգության կանոնները պահպանված են, և դրանք պայթյունավտանգ չեն։
 
Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը Lragir.am-ին ասաց, որ ուսումնասիրությունն ավարտել են, արդեն արձանագրություն են կազմում։ Ըստ նրա՝ ուսումնասիրություն իրականացվել է հրդեհատեխնիկական անվտանգության, ինչպես նաև քիմիական նյութերի վնասակար ազդեցությունների տարածման և կանխարգելման ուղղությամբ՝ քաղաքացիական պաշտպանության նպատակով։
 
«Դեռ ինձ չեն զեկուցել խախտումների վերաբերյալ։ Անպայման լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասաց Շախբազյանը։
 
Հարցին, որ եթե խնդիրը չբարձրացվեր, իրենք չէի՞ն պատրաստվում ուսումնասիրություններ իրականացնել, տեսչական մարմնի ղեկավարը պատասխանեց․ «Որոշված էր, ուղղակի ցանկով է նախատեսված։ Մենք ունենք մեթոդաբանություն, որը կառավարության կողմից հաստատված է, մեթոդաբանության հիմա վրա հետազոտություն ենք իրականացնում ըստ ռիսկայնության։ Հաշվի է առնվում վթարների քանակը, կան մեծ օբյեկտներ՝ բենզինի ու հեղուկ վառելիքի, որոնք ներառված են եղել, սակայն չորրորդ եռամսյակում պետք է անդրադառնայինք»։
 
Գեղամ Շախբազյանի խոսքով՝ «Վանաձոր Քիմպրոմ» գործարանն այս տարվա հաստատված ցանկում ներառված չէր։ Բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշեցին ուսումնասիրություններ անել։
 
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում ուսումնասիրություն կիրականացվի նաև «Նաիրիտ» գործարանում։ «Նաիրիտը համարվում է հատուկ կարգավորվող օբյեկտ, Նաիրիտի ստուգումը կառավարության որոշմամբ սահմանված է, յուրաքանչյուր տարի երկու անգամ իրականացվում է։ Սնանկության իրավակարգի հետ կապված խնդիրներ էին եղել, հետաձգել էինք ստուգումը, բայց հիմա ԱԻՆ-ի հետ համատեղ հրամանով արդեն կմտնենք, այնտեղ վարչարարություն կիրականացվի», հավելեց նա։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play