Պատասխանատվություն Հայաստանի հանդեպ. ՌԴ վերնախավի սարսափը


Պատասխանատվություն Հայաստանի հանդեպ. ՌԴ վերնախավի սարսափը

  • 06-08-2020 17:18:15   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար Շաֆիրը մտահոգիչ է համարում, որ Հայաստանում ուժի մեջ է մտել օրենք, որով Հանրային մուլտիպլեքսով արգելվում է օտարերկրյա հեռուստաընկերության հեռարձակում, եթե չկա դրա վերաբերյալ միջպետական պայմանագիր: Ըստ նրա, մտահոգիչ է լրագրողների աշխատանքի եւ իրավունքի սահմանափակման ցանկացած դեպք:
 
Ռուսաստանի Հանրային մուլտիպլեքսը տալի՞ս է հայկական հեռուստաալիքի ազատ հեռարձակման իրավունք: Շաֆիրը կարո՞ղ է պատասխանել այդ հարցին: Նշանակու՞մ է արդյոք, որ Ռուսաստանը սահմանափակում է հայաստանյան լրագրողների իրավունքն ու աշխատանքի ազատությունը: Շաֆիրն այդ մասին կլռի: Եվ նա ճիշտ կլինի, որովհետեւ Ռուսաստանի Հանրային մուլտիպլեքսը Ռուսաստանի հանրությանն է եւ այնտեղ այլ երկրի հեռուստաընկերություն մուտք կարող է ունենալ միայն այդ հանրության հավանությունն ունենալու, տվյալ դեպքում օրինակ միջպետական պայմանագրի առկայության ձեւաչափով:
 
Շաֆիրը ճիշտ չի անում, երբ չի լռում նաեւ Հայաստանում ընդունված օրենքի առնչությամբ: Իհարկե շատ ավելի ճիշտ կլիներ եթե չլռեր եւ մյուս բոլոր մտահոգ շրջանակներին բացատրեր, որ Հայաստանը չի սահմանափակում որեւէ լրագրողի եւ լրատվամիջոցի ազատություն կամ իրավունք, այլ ընդամենը պաշտպանում է Հանրային մուլտիպլեքսի առնչությամբ Հայաստանի Հանրապտության եւ հանրության իրավունքը, ընդամենը:
 
Բայց քանի որ ՌԺՄ քարտուղարը չի խոսքի այդ մասին, ապա լավ կլինի, որ չխոսի ընդհանրապես, իրավիճակը նենգափոխելու եւ ձեռնածության ենթարկելու փոխարեն:
 
Հայաստանն ընդամենը ստեղծում է իրավիճակ, որում Հայաստանի հանրային ռեսուրսն օգտագործող, այդ ռեսուրսից օգտվող արտերկրյա որեւէ լրատվամիջոց պարզապես տարրական պատասխանատվություն ստանձնի այդ ռեսուրսի տիրոջ՝ հանրության եւ պետության առաջ: Փաստացի, ռուսական որոշ շրջանակների մտահոգում է այդ պատասխանատվության հանգամանքը, քանի որ տարիներ շարունակ եղել է այնպիսի հարաբերություն, որ օրակարգից դուրս է եղել Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ տարրական պատասխանատվության հարցը: «Ո՞վ են հայերը կամ Հայաստանը, որ մենք պատասխանատվություն ստանձնենք նրանց առաջ». թերեւս դա է գերիշխող մտայնությունն ու մտածողությունը Ռուսաստանի տարբեր շրջանակներում, ոչ միայն իշխանական վերնախավում:
 
Հայ-ռուսական հարաբերությունը միակողմանի պատասխանատվության հարթությունից բերել  փոխադարձ պատասխանատվության դաշտ՝ ահա այն խնդիրը, որ դրել է Հայաստանը եւ ինչն առաջացրել է մտահոգություն ռուսական տիրույթում: Թվում է, թե ինչ կա, եթե Ռուսաստանն ուզում է ռուսական հեռուստաալիքների հեռարձակում հայկական Հանրային մուտլիպլեքսով: Պետք է քննարկել միջպետական պայմանագրի բովանդակություն, իսկ դա իհարկե պետք է ենթադրի այդ հեռուստաալիքների բովանդակության հարցում պատասխանատվություն հայ ժողովրդի, այդ ժողովրդի արժանապատվության հանդեպ: Մի բան, որը ամենատարբեր առիթներով խախտվել է ռուսական եթերում աղաղակող կերպով, ընդ որում բոլորովին ոչ միայն հեղափոխությունից հետո:
 
Բայց այդ պատասխանատվությանն է, որ ունակ չէ ռուսական վերնախավային մտածողությունն ու հոգեբանությունը, որը լուրջ պատասխանատվության խնդիր ունի թե սեփական ժողովրդի հանդեպ՝ դրա վկայությունը Ռուսաստանի անսպառ ռեսուրսի անխնա յուրացումն է այդ վերնախավային շրջանակներում, թե այլ ժողովուրդների հանդեպ, ինչը ստեղծել է մի վիճակ, երբ որեւէ հասարակություն Ռուսաստանի հետ սերտ հարաբերության ոչ թե ձգտում է, այլ գնում պարզապես նույն Ռուսաստանի հանդեպ վախից ելնելով:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն